Հայ-քրդական Դեր-էզ-Զորը համախմբվում է Ասադի ու Սիրիական բանակի շուրջ

Կարծում եմ, ամերիկյան զինվորականներին Սիրիայից հանելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո էլ սիրիական նորությունները դեռ հուզելու են տարածաշրջանը։ Սկսեմ Սիրիային առնչվող վերջին սկանդալներից «ամենազավեշտականից»։

Դեկտեմբերի 22-ին սիրիական SANA գործակալությունը հայտնեց, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը մտադիր է ներողություն խնդրել իր առաջատար միջազգային թղթակիցներից մեկի՝ Կլաաս Ռելոտիուսի կողմից տեղեկատվական նյութերի կեղծարարության համար, այդ թվում՝ Սիրիայում ճգնաժամի և այլ խնդիրների մասին։ Մերկացնող հոդվածներում ամսագիրը խոստովանում է, որ մասնագիտական միջազգային շատ պարգևների դափնեկիր Ռելոտիուսը մոգոնել է Սիրիայում իրավիճակի մասին իր նյութերը։ 7 տարի ամսագրում աշխատած լրագրողը հեռացվել է այն բանից հետո, երբ խոստովանել է, որ հորինել է իր հոդվածները, հորինել է մեջբերումներ, հանգամանքներ և այլն։ Դեռ այս ամսվա սկզբին նա «Տարվա լավագույն լրագրող» էր ճանաչվել սիրիական ճգնաժամի մասին իր կեղծված հրապարակման համար, որը բազում հարցեր ու կասկածներ էր առաջացրել նյութի հավաստիության առումով։ «Der Spiegel»-ը խոստացել է ամեն ինչ անել իր հեղինակությունը վերականգնելու համար։

Գերմանական այս բացահայտումներից հետո ֆրանսիական լրագրող Պյեր լե Կորֆն իր հերթին հաստատեց, որ արևմտյան մամուլը կանխակալորեն է լուսաբանել սիրիական իրադարձությունները՝ ի օգուտ ահաբեկչական կազմակերպությունների, և երկակի ստանդարտներ են կիրառվել ամբողջ 2012-2018 թթ․ ժամանակահատվածում։ Իսկ ֆրանսիական «Rubikon», թերթը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը մեղսակից է Սիրիայում ճգնաժամի բորբոքման հարցում՝ ֆինանսավորելով և զինելով ահաբեկիչներին, և որ ստահոդ և աղետալի քարոզչությանը մասնակցել են գերմանական շատ ԶԼՄ-ներ։

Թե ով և ինչպես կարող է մաքրել Գերմանիային նման մեղադրանքներից, ճիշտն ասած, դժվար է նույնիսկ պատկերացնել։ Անձամբ ես նշված ժամանակահատվածի իմ շատ հրապարակումներում փորձել եմ կոտրել իրավիճակը մեր երկրի լրատվական դաշտում, կոչ անելով մեր մամուլին չկողմնորոշվել Արևմուտքի ու նրա ԶԼՄ-ների նյութերով, երբ խոսքը գնում է Սիրիայի և այդ երկրի ժողովուրդների դեմ ագրեսիայի մասին։ Կոչ եմ արել կողմնորոշվել այն հրապարակումներով, որոնք հայտնվում էին Սիրիայի հայատառ կայքերում, իսկ դրանք եղել են և կան։ Հայտարարում էի, որ սիրիական իրադարձություններն առավել անկանխակալ լուսաբանում են իրանական ու չինական լրատվամիջոցները։

Հիշում եմ, 2013թ․իմ և քաղգործիչ Անդրեաս Ղուկասյանի մամուլի ասուլիսն էր։ Եվ նույնիսկ Ա․ Ղուկասյանն էր կրկնում բոլոր «հաստատված կաղապարները», որ տարածում էր արևմտյան մամուլը Արևմուտքի պետությունների իշխանությունների հայտարարություններից։ Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է ասեն Սիրիայի մասին արևմտյան մամուլի ստերը տարածող մեր հայրենակիցները հիմա՝ «Der Spiegel»-ի, Պյեր լե Կորֆի և «Rubikon»-ի խայտառակ խոստովանություններից հետո, որոնք պնդում են, որ Անգելա Մերկելն էլ է մասնակցել ահաբեկիչների ֆինանսավորմանը։

Այս հարցերը հռետորական չեն, քանզի հրապարակվեցին Սիրիայից դուրս գալու մասին Թրամփի ընդունած որոշումից հետո։ Ուշադրություն դարձնենք ևս մի հանգամանքի վրա․ Թուրքիայի իշխանությունները հանկարծ ու հայտնեցին, որ հետաձգում են իրենց հայտարարած ներխուժումը Հյուսիսային Սիրիա։ Այս հարցն, իհարկե, առանձին հետազոտության գործ է։ Բայց, ինչպես պարզվեց, ինքը՝ սիրիական ժողովուրդը, Թուրքիային առաջվա պես սպառնալիք է համարում և քիչ է հավատում Անկարայի հայտարարություններին։

Ինչպես հայտնում է SANA-ն, դեկտեմբերի 22-ին Դեր-էզ-Զոր քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի, դատապարտելով Թուրքիային Սիրիայի դեմ ագրեսիայի և թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար։ Ուզում եմ հիշեցնել հայ հանրությանը, որ այդ տարածքը հայերի, քրդերի և արաբների համատեղ բնակության վայր է։  Դեր-էզ-Զորի հայերն ու քրդերը պակաս ակտիվ չեն եղել քաղաքի ու ամբողջ նահանգի համար մղվող մարտերում, քան արաբ, դրուզ և այլ աշխարհազորայիններն ու բուն Սիրիական բանակը։

Բողոքի միջոցառման մասնակիցները ցույցի են ելած եղել Սիրիայի պետական դրոշներով, նախագահ Բաշար Ասադի դիմանկարներով։ Նրանք կոչեր են վանկարկել թուրք ագրեսորի դեմ՝ ի պաշտպանություն ժողովրդական միասնության և երկրի տարածքային ամբողջականության։ Սիրիայի ՆԳՆ տվյալներով, ցույցին մասնակցել են մոտ 30-40 հազար մարդ։ Ցուցարարները հայտարարել են, որ հպարտ են Սիրիական բանակի մարտիկների սխրագործություններով, և ընդգծել են, որ Էրդողանի ռեժիմի ոչ մի սպառնալիք չի կոտրի բանակի ու ղեկավարության շուրջ համախմբված սիրիական ժողովրդի վճռականությունը՝ շարունակելու պայքարը ահաբեկչության դեմ, մինչև հայրենի հողի վերջին թզի ազատագրումը։

Ի լրումն Դեր-էզ-Զորից այս տեղեկատվության, հայտնեմ նաև, որ դեկտեմբերի 21-22-ին Սիրիական բանակը և դաշնակից աշխարհազորային ջոկատներն անցել են հակահարձակման թորքամետ «Հիզբ աթ-Թուրքեստանի» («Թուրքեստանի կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության դեմ։ Մարտեր են գնում Համայի նահանգի հյուսիսի Ազ-Զիյար և Մհարդա քաղաքի մոտ գտնվող Հասրայա բնակավայրերի ուղղություններով։ Սիրիական բանակի Գլխավոր շտաբի հայտարարությունում ասվում է, որ մարտական գործողությունները սկսվել են «ի պատասխան ահաբեկիչների կողմից Իդլիբյան ապառազմականացման գոտու պայմանգիրը խախտելուն, այդ շրջանի ռազմական դիրքերի և բնակավայրերի վրա հարձակվելուն»։

Ի մի բերելով, կառաջարկեի մեր ընթերցողներին համադրել Թուրքիայի հայտարարությունը՝ Հյուսիսային Սիրիա նեխուժելը հետաձգելու մասին, և Դեր-էզ-Զորի իրադարձությունները, մարտական գործողությունների սկսվելը, ըստ էության, Իդլիբը թուրքական օկուպացիայից ազատագրելու համար, և, իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեկտեմբերի 20-ին Իրանի բարձրաձայնած պահանջը՝ Սիրիայից բոլոր այն երկրների զորքերի հեռացման վերաբերյալ, որոնք այնտեղ են գտնվում առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության։

Ըստ ամենայնի, Հյուսիսային Սիրիայում իրավիճակի հանգուցալուծումը տեղի կունենա 2019 թ․ առաջին 3-4 ամիսների ընթացքում։

 

Սերգեյ Շաքարյանց