Իրանը պահանջում է` Սիրիայից պետք է հեռանան այնտեղ ապօրինի գտնվողները

Արևմուտքն ու Իսրայելը դեռ շարունակում են «քննարկել» Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ դուրս բերել ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից, բայց իրավիճակը նախկինը չէ։ Բազմաթիվ առաջատար ԶԼՄ-ներ աշխարհում արդեն տարածել են Վլադիմիր Պուտինի հոռետեսական գնահատականը Թրամփի որոշմանը։ Իսկ Իրանը վաշինգտոնյան հայտարարություններից բառացիորեն մեկ օր հետո Սիրիայից զորքերի դուրս բերման նոր օրակարգ առաջարկեց։

Իրանական IRNA-ն հայտնում է, որ, համաձայն Իրանի բարձրագույն ղեկավարության որոշման, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Էսհագ Օլե Հաբիբն ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում քաղաքական կարգավորմանը նվիրված նիստում, կոշտ կերպով պահանջել է․ «Բոլոր օտարերկրյա զորքերը, ում ներկայությունը թույլատրված չէ Սիրիայի իշխանությունների կողմից, պետք է հեռանան այդ երկրից»։ Օլե Հաբիբի հաջորդ արտահայտությունը մեջբերում էին աշխարհի բոլոր հեղինակավոր գործակալությունները․ «Իսկ դա նշանակում է, նորից եմ ընդգծում, որ  բոլոր օտարերկրյա զորքերը, ում ներկայությունը թույլատրված չէ Սիրիայի իշխանությունների կողմից, պետք է հեռանան այդ երկրից։ Թեև զգալի առաջընթաց է գրանցվել առայժմ Սահմանադրական կոմիտեի հիմնադրման գործում, մենք պետք է ծայրահեղ զգույշ և համբերատար գործենք։ Սակայն, «միջազգային կոալիցիայի» օկուպացիոն զորքերի հեռացումը Սիրիայի ու նրա դաշնակիցների անբեկանելի պահանջն է»։

Շարադրեմ դիվանագետ Օլե Հաբիբի հայտարարությունները․ «Հաշվի առնելով այս մոտեցումները, մեզ համար գլխավոր սկզբունք պետք է հանդիսանա կոմիտեի արդյունավետությունը, գործնականությունն ու ներառականությունը, որպեսզի այդ ուղղությամբ շարժվենք առաջ։ Եվ անհրաժեշտ է, որ կոմիտեն միջազգային մեծ աջակցություն վայելի։ Վերջին հաշվով, Սիրիայի ապագան որոշելը սիրիացիների իրավունքն է։ Կարգավորման այս շրջադարձային պահին մենք պետք է գիտակցենք և ընդունենք դա։ Այլ ընտրություն, քան Սիրիայում ներառական քաղաքական գործընթացին աջակցելն է, գոյություն չունի։ Այդ պատճառով բոլոր պետությունները, որոնք ազդեցություն ունեն ընդդիմության զինված ջոկատների վրա, պետք է նրանց խրախուսեն մարտական գործողությունները դադարեցնելու և խաղաղ գործընթացին միանալու ուղղությամբ»։

Հետո, ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Օլե Հաբիբն ընդգծել է․ «․․․Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերին զուգահեռ, պետք է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը․․․ Ներկայումս դրական միտումներ կան անվտանգության ապահովման և փախստականների ու տեղափոխված անձնանց վերադարձնելու պայմաններ ստեղծելու համար․․․ Այս միտումների ամրագրման համար միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի այդ երկրի վերականգնմանն ուղղված ջանքերը։ Իսկ դրա համար պետք է չեղարկել բոլոր պատժամիջոցները»։

Քանի որ հետո Օլե Հաբիբը խոսել է նաև ահաբեկիչների դեմ պատերազմում Իրանի դերի մասին, համոզված եմ, որ «բոլոր պատժամիջոցները չեղարկելու» նրա պահանջը վերաբերում է ոչ միայն Սիրիայի դեմ արդեն վեց տարի կիրառվող արևմտյան պատժամիջոցներին, այլև հակաիրանականներին։ Չէ՞ որ Իրանը, Ռուսաստանի հետ մեկտեղ, առաջին երկրներից էր, որ ցանկություն հայտնեց մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին։

IRNA-ի տվյալներով, Հաբիբն ասել է․ «Սիրիական ճգնաժամի սկզբից մինչև հիմա Իրանը միշտ սկզբունքային դիրքորոշում է ունեցել․ այս հակամարտության համար քաղաքական լուծմանն այլընտրանք չկա։ Հենց այս սկզբունքային մոտեցմամբ էլ մենք՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համատեղ, նախաձեռնեցինք Աստանայի գործընթացը։ Իրանը նաև առանձնակի ջանքեր է գործադրում Սիրիայի Սահմանադրական կոմիտեն ստեղծելու ուղղությամբ։ Մենք մեծ զգուշավորությամբ, նպատակասլացությամբ, շրջահայացությամբ և համբերությամբ պետք է շարունակենք ջանքեր գործադրել»։

Այսպիսով, պաշտոնական Թեհրանը, կարծում եմ, հասկանալ տվեց առաջին հերթին Թուրքիային, որ ամերիկացիներից հետո Թուրքիայի զինվորականներն էլ պետք է դուրս գան Սիրիայից, և հնարավորինս արագ։ Դա կանխատեսում էի դեռ այն ժամանակ, երբ նախագահ Էրդողանը այս տարվա սեպտեմբերին «շուկայական առևտուր» սկսեց սիրիական Իդլիբ նահանգի շուրջ։ Սակայն, Իրանի սքողված վերջնագիրը Թուրքիային նշանակում է, որ եթե թուրք-իրանական հարաբերությունները չսրվեն էլ, ապա գոնե կսառեն՝ Սիրիայում իրականացվող համատեղ միջոցառումների առումով։ Ընդ որում, Թեհրանն ու Անկարան, իհարկե, շփումներում կպահպանեն արևելյան նրբություններն ու վարվելակերպը, ժպիտները չեն կորի և այլն, և այլն։

Ինչ-որ բան հուշում է, որ առաջինը չեն դիմանա Թուրքիայի ղեկավարության նյարդերը։ Սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչած իրանական պահանջը հաստատ կատակ չէ։ Մնում է միայն կռահել՝ արդյոք Էրդողանը չի՞ նետվի իր ռուսաստանյան գործընկերոջ հետ նոր հանդիպում փնտրելու, որպեսզի նորից աղաչի նրան «ազդել Իրանի վրա» և մի քիչ ժամանակ էլ ստանա Սիրիայից թուրքական բանակի դուրս բերումը հետաձգելու համար։

Թեև․․․ Իրանի վերջնագիրը ոչ միայն Թուրքիային է վերաբերում։ Չէ՞ որ Ֆրանսիան հայտարարել է, որ մտադիր է Սիրիայում պահել իր զինվորականներին, անկախ նրանից՝ հեռանո՞ւմ են ամերիկացիները, թե ոչ։ Բացի ֆրանսիացիներից, տարբեր տարիների տեղեկատվություն էր հայտնվում այն մասին, որ Սիրիայում անօրինական ձևով գտնվում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և նույնիսկ Իսրայելի զինվորականները։ Ի՞նչ են նրանք ձեռնարկելու, որպեսզի ընդդիմանան Սիրիայի-Ռուսաստանի-Իրանի ջանքերին՝ երկիրն օտարերկրյա զինուժից մաքրելու գործում։ Այսօր այս հարցին պատասխան չկա, չհաշված Փարիզի հիշյալ հայտարարությանը սիրիական քրդերի մի մասի (նախկին ամերիկամետ «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքից) արձագանքը։ Նրանք, ինչպես գրել է ֆրանսիական «Le Figaro»-ն դեկտեմբերի 21-ին, Ֆրանսիայից դիվանագիտական և ռազմական աջակցություն են խնդրել։ Եվ Փարիզը, կարծես, դեմ չէ․․․

Իսկ Թուրքիան Սիրիայում «ոչինչ չկորցնելու» տենդագին ուղիներ է փնտրում։ Միայն այդպես կարելի է գնահատել դեկտեմբերի 21-ին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Անկարան ողջունում է Սիրիայից դուրս գալու ամերիկյան որոշումը, բայց հիմա չի կարելի թույլ տալ, որպեսզի  Սիրիայի անվտանգության ոլորտում վակուում առաջանա, հետևաբար ամերիկյան զորքերը պետք է համակարգված դուրս բերել։

 

Սերգեյ Շաքարյանց