Ազգային ոգու կործանման հստակ ու համաձայնեցված քաղաքականությունը Հայաստանում

Իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտների ղեկավարումն իրենց ձեռքը վերցրեցին հեղափոխական նոր ուժերը, նոր նշանակված կադրերի մի մասն անմիջապես սկսեց մեր հոգևոր- բարոյական հիմնարար արժեքների նկատմամբ տարաբնույթ ոտնձգություններ։ Փաշինյանի շրջապատից ոմանք ձեռնամուխ եղան արցախյան պատերազմի հերոսների ազգային-բարոյական կերպարի արժեզրկման փորձերին։

ՀՀ կառավարության կողմից այսօր նպատակահարմար չի համարվում այնպիսի ազգահեն գիտական-դաստիարակչական ծրագրերի ֆինանսավորումը, ինչպիսիք են «Նորավանք» գիտակրթական ծրագիրը և «Հայ ասպետ» գիտաուսուցողական հաղորդաշարը։ Ի՞նչն է պատճառը, որ չեն ցանկանում ազգային գաղափարների և գիտելիքների տարածմանը նպաստել այն դեպքում, երբ կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում նորելուկ իշխանավորներից ոմանց վարսահարդարների վրա և բիզնես ծրագրերի զարգացման համար։ Մի՞թե հարցը միայն ֆինանսներն են, արդյոք այս հարցում չկա՞ն ճնշումներ մեր ազգի բացահայտ կամ թաքնված թշնամիների կողմից, և ինչո՞ւ են մեր հեղափոխականներից ոմանք ենթարկվում հակահայ թելադրանքներին (համենայն դեպս, տպավորությունն այդպիսին է), եթե այն ինչ հայտարարում, անում կամ փորձում են անել, իրենց նախաձեռնությունը չէ։

Կարծում եմ, որ հեղափոխությանը և ներկայիս կառավարությանն այս կամ այն կերպ աջակցած և աջակցող արտաքին կոսմոպոլիտ ուժերը ցանկանում են աստիճանաբար արմատախիլ անել մեր ազգային գիտակցությունը և ազգային ոգին, հատկապես, մեր աճող սերնդի միջից, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Երբ սորոսյան հիմնադրամներով սնվող ՀԿ-ների նախագահները, ովքեր տարիներ ի վեր քննադատել են ամեն հայկականն և ազգայինը, պահանջում են կրթական ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ փոխարենը դասավանդման առարկա դարձնել «Սեռական դաստիարակություն և գենդերային հավասարություն» առարկաները, հասկանալի է դառնում, որ վճարվել են խոշոր գումարներ՝ ազգային արժեքների ոչնչացման, մեր հոգևոր-բարոյական արժեհամակարգին հարվածելու համար։ Որպես օրինաչափություն, նման առաջարկներով հանդես են գալիս այն  ՀԿ-ների նախագահները, ովքեր հայ հանրությանը հայտնի են որպես մոլեռանդ սորոսյան գրանտակերներ ու հանուն իրենց նեղ անձնական կամ խմբակային շահերի, ազգային արժեքները ստորադասողներ։ Այսպիսով, մեր անկախ և ինքնիշխան երկրում Նիկոլ Փաշինյանի որոշ թիմակիցների ջանքերով փորձ է արվում մերժել ու մարդկանց գիտակցությունից դուրս մղել մեր հերոսներին ու բարոյական նոմերը, ազգային ոգին ու պատմությունը, հարգանքը և ակնածանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, իսկ փոխարենը՝ հաստատուն քայլերով ներմուծել միասեռականների «իրավունքների» պաշտպանությանը նպատակաուղղված, աղանդավորական, ինչպես նաև ՀՀայոց եկեղեցին մերժող գաղափարներ։

 

Վոլոդյա Հովհաննիսյան

Պատմաբան հասարակագետ, պահեստազորի գնդապետ