Հրավառությունները, բացի Ամանորի գիշերվանից, կարելի է իրականացնել մինչև ժամը 23-ը (տեսանյութ)

Ոստիկանության պետը հրահանգել է, տոնական օրերին բացառվել լռության կանոնների խախտումները

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկացմամբ, այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցել են ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների և ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը:
Ոստիկանության պետը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար։

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հրամայել է անցնել ուժեղացված ծառայության:
Հրահանգներ են տրվել ըստ ծառայությունների. շուկաների, առևտրի կենտրոնների, տոնավաճառների շրջակայքում կատարել շրջիկ ծառայություն, օպերատիվ գործունեություն իրականացնող ծառայողներին հանձնարարականներ են տրվել շուրջօրյա ծառայությամբ կանխել, նախականխել ու բացահայտել հանցագործությունները, նաև ուշադրության կենտրոնում պահել համաներմամբ ազատ արձակված անձանց, նրանց հետ տանել բացատրական աշխատանք:

Ոստիկանության պետը նշել է, որ տոնական օրերին պետք է բացառվեն լռության կանոնների խախտումները: Հրավառությունները կարելի է իրականացնել մինչև ժամը 23-ը, օրենքը բացառություն է սահմանում միայն Ամանորի գիշերը: Ոստիկանության համապատասխան ծառայողներին հանձնարարված է հետևել հրավտանգ իրերի առևտրին, թույլ չտալ վաճառքն անչափահասներին, լռության կանոնների խախտումները բացառելու ուղղությամբ հանդիպումներ ունենալ ռեստորանային համալիրների ու զվարճանքի վայրերի տնօրինությունների հետ, կատարել բացատրական աշխատանք:
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվել է ուժեղացնել ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում: Այս օրերին հիմնականում Երևանում ծանրաբեռնվում է երթևեկությունը, այդ պատճառով բոլոր բանուկ խաչմերուկներում անհրաժեշտ է իրականացնել ուժեղացված ծառայություն:
Տոնական օրերին ոստիկանության զորքերը կլինեն պետական սահմանին: Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նրանց, հորդորել է այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը և մաղթել բարի ու խաղաղ ծառայություն:

Ոստիկանության պետն ամփոփելով խորհրդակցությունը, շնորհավորել է անձնակազմին գալիք տոների կապակցությամբ և նշել, որ թեև հանգստյան ու տոնական օրեր են լինելու, սակայն ոստիկանության համար՝ առավել ծանրաբեռնված ու շուրջօրյա աշխատանքային: Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունն ինչպես ընտրություններին, այնպես էլ այս անգամ բարեխիղճ ծառայությամբ կապահովի մեր քաղաքացիների հանգիստը և անվտանգությունը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության, հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողներ հայտնաբերելու և հասարակական կարգի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են: