«ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին դժվար է դատել նույնիսկ որոշակի հեռանկարում»․ Ալեքսանդր Սկակով

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ռուսաստանցի հայտնի փորձագետ, Ռուսաստանի գիռությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ մեր բացառիկ հարցազրույցը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ու հնարավոր զարգացումների շուրջ:

 

– Պրն Սկակով, Ռուսաստանի Դաշնությունն ինչպե՞ս կարող է հակազդել դեպի Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Դեպի Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը ՌԴ-ի հակազդեցության առանցքային քայլը հանդիսացավ 2008 թվականին Ռուսաստանի պատասխանը Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիային և դրան հաջորդած Աբխազիայի Հանրապետության ու Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից: Այժմ Վրաստանը ոչ միայն տարածքային խնդիրներ ունի (դրանք առկա էին նաև մինչ այդ), այլև դե յուրե գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմական իրավիճակում, եթե Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական զորքերի գտնվելը գնահատենք որպես «օկուպացիա»: Այսինքն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հիմնական արգելքը կանհետանա, եթե Վրաստանը ճանաչի Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը: Սակայն, այդ մասին խոսք անգամ չի գնում:

Այժմ մենք ավելի շուտ տեսնում ենք ՆԱՏՕ-ի «սողացող» ընդլայնում Վրաստանի հաշվին, երբ Վրաստանն աստիճանաբար դե ֆակտո դառնում է Հյուսիսատլանտյան ալյանսի անդամ, սակայն վերջինս որևէ պարտավորություն չի կրում Թբիլիսիի առջև: Ռուսաստանին դժվար է հակազդել այս գործընթացին ու, թերևս, դա իմաստ էլ չունի, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին դա անմիջականորեն չի սպառնում: ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին դժվար է դատել նույնիսկ որոշակի հեռանկարում՝ առաջին հերթին հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը: Եվ կուզենա՞, արդյոք, ՆԱՏՕ-ն հանդես գալ Հայաստանի (նաև Արցախի) անվտանգության երաշխավորի դիրքերից Ղարաբաղյան հակամարտության հարցում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նա առայժմ ՆԱՏՕ մտնելու ցանկություն չի ցուցաբերում՝ փորձելով հավասարակշռություն պահպանել ուժային կենտրոնների միջև:

 

Որքանո՞վ են իրատեսական Աբխազիայի տարածքով ՌԴ-ի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունները: Կա՞ արդյոք այս հարցում որևէ առաջընթաց:

Չեմ կարծում, թե տեսանելի հեռանկարում երկաթուղային հաղորդակցության վերականգնման նախագծերն իրատեսական են: Ամեն ինչ բախվում է դրա կարգավիճակին՝ մաքսային ծառայության տեղակայման, դրա գործառույթների ու աշխատանքի սկզբունքների հարցերին: Սկզբունքորեն հնարավոր են որոշակի ստեղծագործական լուծումներ ու մոտեցումներ, սակայն դրանց իրականացման համար ցանկություն ու պատրաստակամություն չկա ոչ Վրաստանի, ոչ էլ Աբխազիայի կողմից: Սակայն, այս հարցում ավելի կարևոր գործոն է Ադրբեջանը, որն ամեն ինչի պատրաստ է, միայն թե թույլ չտա Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ նոր «պատուհանի» բացումը: Բացի այդ, այդ ճանապարհը ձեռնատու չէ նաև Արևմուտքին, ինչի մասին ժամանակին հանգամանորեն զեկուցվել է Նատալիա Միրիմանովայի գլխավորած հեղինակային խմբի կողմից: Վերջապես, պետք է հաշվի առնել այդ ճանապարհի ֆիզիկական վիճակը, որը Գալի-Զուգդիդի սահմանային հատվածում պարզապես բացակայում է, իսկ պահպանված տեղամասերում այն միագիծ է, որը խիստ նվազեցնում է թողունակությունը: Տեղանքի ռելիեֆի հաշվին ճանապարհի վերականգնումը բավական թանկ հաճույք է: Ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել Վլադիկավկաս-Թբիլիսի կիսակառույց երկաթուղու կառուցման հնարավորության վրա: Այս դեպքում, իհարկե, Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոնները վերանում են, սակայն պահպանվում են Ադրբեջանի և Արևմուտքի բացասական վերաբերմունքն ու ազդեցությունը:

 

Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում՝ Վրաստանում ու Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում առաջացած նոր քաղաքական իրավիճակի հետ կապված:

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարածաշրջանային իրավիճակի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ այդ երկրի նախագահը զուտ դեկորատիվ ու ներկայացուցչական կերպար է: Այլ բան է, որ ընտրությունների երկու փուլը և Ս. Զուրաբիշվիլու թույլ արդյունքն առաջին փուլում (նաև այն, որ առաջին փուլում նա պարտվել է քաղաքներում) ցույց են տալիս, որ երկրում «երրորդ ուժի» պահանջարկ կա, որ հասարակությունն արդեն հոգնել է «նախկինների» (Միացյալ ազգային շարժման ու անձամբ՝ Սահակաշվիլու) և «ներկաների» (Իվանիշվիլու) միջև պայքարից, ուստի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր են անակնկալներ: Սակայն, Վրաստանն ու երկրի հասարակությունը հուսալիորեն վերահսկվում են Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից, և որևէ մեկը թույլ չի տա Թբիլիսիին փոխել արտաքին կողմնորոշումն ու հեռանալ եվրոատլանտյան հետաքրքրությունների շրջանակից:

Հայաստանյան ընտրությունների արդյունքները լիովին սպասելի էին, և այժմ Նիկոլ Փաշինյանը որոշակի քարտ-բլանշ ունի, ու կարևոր է, որ նա հասցնի դա օգտագործել, քանի որ ժամանակը նրա օգտին չի աշխատում, իսկ որոշակի էյֆորիայով տոգորված հայաստանյան հասարակության մոտ, ըստ իս, շատ մեծ սպասումներ կան: Չեմ կարծում, թե արտաքին քաղաքական կուրսի լուրջ փոփոխություններ կարող են լինել Հայաստանի կողմից, քանի որ դա որոշվում է ոչ թե անձերով, այլ երկարաժամկետ շահերով ու սպառնալիքներով: Սակայն, լիովին հնարավոր են նաև որոշ բանական ճշգրտումներ այս հարցում: Արցախյան խնդրում երկրի կուրսը կարող է ավելի կոշտ դառնալ, քան կա, և, ըստ էության, այն պետք է ավելի կոշտանար դեռևս ապրիլյան պատերազմից հետո:

 

– Ըստ Ձեզ, այժմ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում այժմ երկկողմանի ռամավարական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև:

Մի կողմից՝ դրանք բարձր մակարդակի վրա են, մյուս կողմից՝ տարօրինակ կլիներ ձևացնել, թե խնդիրներ չկան: Կարծում եմ, որ հիմնական խնդիրը, որն առավելապես բացասական ներգործություն ունի մեր հարաբերությունների վրա, դա ռուսական սպառազինության մատակարարումն է Ադրբեջանին: Ես հասկանում եմ այդ մատակարարման մոտիվները, սակայն կարծում եմ, որ շահեկան կողմը շատ ավելի աննշան է, քան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը: Այնուհանդերձ, որոշող գործոնն այն է, որ Հայաստանի անվտանգության միակ արտաքին երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը (ՀԱՊԿ-ը հաշվի մեջ չէ, դա շատ ամորֆ կազմակերպություն է, որը տվյալ ձևաչափում ապագա չունի), քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում են անվտանգության ոլորտի պարտավորեցնող համաձայնագրեր, որոնց հետ հաշվի չնստել չի կարելի:

 

– Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունների մերձեցման վերաբերյալ:

Բնական է, որ այս կամ այն ձևաչափով հարաբերությունների կառուցումն այդ երկրների ինքնիշխան իրավունքն է: Նշեմ միայն, որ Վրաստանի վրա թուրքական ազդեցության աճը և այդ երկրի նկատմամբ Բաքվի, հաճախ անպատկառ, վերաբերմունքն ավելի ու ավելի մեծ դժգոհություն են առաջացնում ու վանում են Թբիլիսիին նրանցից: Վրաստանում առանձնապես ցանկություն չունեն տեսնելու իրենց երկիրը որպես միջանցք, առավել ևս՝ որպես միջանցիկ բակ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Բավական է հիշել թուրքական ազդեցության աճն Աջարիայում: Մյուս կողմից՝ Թուրքիայում նույնպես ցանկություն չկա ընթանալու Բաքվի քաղաքականության առաջնագծում, որը հաճախ կորցնում է չափի զգացողությունն անպատեհ բարձր ինքնագնահատման ու որոշակի արկածախնդրության հետևանքով: Երկրների այս եռյակում Թուրքիան ցանկանում է առաջին դերում գտնվել, որի հետ, սակայն, միշտ չէ, որ համաձայն է Ադրբեջանը: Բացի այդ, Անկարան չի պատրաստվում դառնալ Բաքվի գործողությունների պատանդը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում նշված ռազմաքաղաքական մերձեցումն ապագա չունի:

 

Հարցազրույցը՝ Լևոն Անդրիասյանի