Ի՞նչ «տեսավ» կամ իմացավ Գրիգորի Կարասինը Հայաստանի քաղաքականության մասին…

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարի պաշտոնակատարը «ճիշտ» պատասխանեցին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի ոչ միանշանակ հայտարարությանը, որը նա հնչեցրեց դեկտեմբերի 19-ին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում։ Նորմալ իրավիճակ չի ստեղծվել. անվերահսկելիորեն իշխանավորելուն (խորհրդարանում որ՝ հաստատ ընդդիմություն չկա) նախապատրաստվող ՀՀ կառավարությանը Կարասինն անուղղակի ձևով փոխանցեց այն խոսքերը, որ կուզենար ասել իր անմիջական ղեկավարը՝ ՌԴ ԱԳ նախարար,  թիֆլիսցի էթնիկ հայ Սերգեյ Լավրովը (Քալանթարովը)։ Սկզբում առաջարկում եմ ուշադրությամբ կարդալ Կարասինի խոսքերը։

Հոկտեմբերին Երևան այցելեց ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, և լրագրողների առջև իր ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշեց, որ «ամերիկյան զենքը, բոլոր դեպքերում, ռուսականից լավն է»։ Բոլթոնն Երևանին նույնիսկ խորհուրդ տվեց միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կարծրատիպերից»։ Իսկ Կարասինն ասել է հետևյալը. «Այս տարվա ընթացքում երկրում (Հայաստանում – հեղ.) տեղի ունեցող արմատական փոփոխությունների համապատկերի վրա Վաշինգտոնի խառնվելը ներքին ու արտաքին քաղաքական գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում»։

Կարասինի խոսքերով, Բոլթոնը Հայաստանին կարգադրել է ամերիկյան զենք գնել և որքան հնարավոր է շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին։ Հետո ՌԴ արտգործնախարարը հավելել է. «Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմն այսպիսին է, ապա միայն ենթադրել կարելի է, թե ինչ աստիճանի են «ձեռքեր ոլորում» կուլիսների հետևում… Մենք հուսով ենք, որ խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստացած հայաստանյան ներկայիս ղեկավարությունը իր մեջ արիություն կգտնի դիմակայել արտաքին անթաքույց շանտաժին ու ճնշմանը, կպաշտպանի որոշումներ ընդունելու իր ինքնիշխան իրավունքը, ելնելով ազգային շահերից» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Դե, ինչո՞ւմ է սխալ ՌԴ արտգործնախարարի տեղակալը։ Հենց մեր, հայրենական ԶԼՄ-ներում մեր մի շարք քաղգործիչներ վերջին շաբաթների ընթացքում բազմիցս են հայտարարել, որ նոր իշխանությունները որ թե ազգային շահերն են պաշտպանում, այլ… ԱՄՆ-ի։ Օրինակ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դեռ հոկտեմբերի 27-ին էր հայտարարել. «Առաջին անգամ է, որ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ կերպով սեփական շահերի համադրումն էր, այլ կողմերից մեկի տեղեկատվությունը միայն իր շահերի ուղղվածության մասին։ Տպավորություն էր, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն է, այլ ՀՀ վարչապետի, և որ նա եկել է, որպեսզի հուշի, թե ինչ է պետք անել, իսկ ինչը՝ ոչ»։

Ինչ-որ մեկն ուրի՞շ տպավորություն ուներ․․․ Դե ինչ, ՀՀ ցանկացած քաղաքացի բազմաթիվ իրավունքներ ունի, այդ թվում՝ հանկարծ աղոթել սկսելը, ասենք, Ալլահին կամ Եհովային, կամ էլ Վիշնային՝ Շիվայի հետ մեկտեղ։ Բայց նույնիսկ այդ դեպքում փաստերի վրա աչք փակելն անթույլատրելի է։ Եվ ի՞նչ պատասխանեցին Կարասինին (նաև, ըստ էության, մեր այն քաղգործիչներին ու փորձագետներին, ովքեր կասկածի տակ են առնում երկրի արտաքին քաղաքական կուրսը) ՀՀ ԱԳՆ տեսակետներն արտահայտող արտգործնախարարության մամուլի քարտուղարն ու վարչապետի պաշտոնակատարը․․․

«Կուզեինք հիշեցնել, որ մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանը բոլոր երկրների հետ իր հարաբերությունները հետևողականորեն կառուցում է ինքնիշխան հավասարության հիման վրա,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «РИА Новости» գործակալությանը։- Մենք մի երկրի հետ հարաբերություններ չենք կառուցում ի վնաս մյուսի հետ հարաբերությունների։ Այդ դիրքորոշումը հետայսու էլ մնալու է մեր արտաքին քաղաքականության հիմքում»։

Ընդհանրապես, ցանկալին իրականություն ներկայացնելն անընդունելի է, և անձամբ ես անցյալ տարիներին մեկ անգամ չէ, որ մեղադրել եմ նման գործելակերպում Հանրապետական կուսակցությանն ու նրա գործիչներին։ Ըստ ամենայնի, «նոր հայերը» որոշել են պատճենել ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը, նույնիսկ փորձում են պապից ավելի կաթոլիկ լինել։ Հետևաբար, ստիպված կլինենք նորերին էլ մեղադրել (հենց՝ մեղադրել, ոչ թե քննադատել)։ Հիմա էլ ավելի ուշադիր կարդանք Փաշինյանի խոսքերը, ով նույնպես մեկնաբանել է Կարասինի ասածը․

«Հայաստանն անկախ քաղաքականություն է վարում, և դա պետք է որ նկատելի լինի,- դեկտեմբերի 19-ին ասել է Փաշինյանը։- Ինձ մոտ հարց է առաջացել, և ես անպայման առիթը կօգտագործեմ, որպեսզի ռուսական գործընկերներից պատասխան ստանամ, թե ինչի վրա է հիմնված իրենց տեղեկատվությունը»։

Չեմ կարող ասել՝ կպատասխանե՞ն, արդյոք, նրան ռուսական գործընկերները, բայց կարող եմ նրան առաջարկել այն բաների մոտավոր ցանկը, որոնց վրա կարող էր հիմնվել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ու նրա տեղակալ Կարասինի  տեղեկատվությունը։ Այսպիսով, առաջին աղբյուրը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ուր մշտապես և ուշադիր հետևում են մեր մամուլի հրապարակումներին, կուտակում են հայաստանյան ներքին իրավիճակի մասին տեղեկությունները, նախնական վերլուծական գնահատականներ ու խորհրդատվություն են կազմում, իսկ հետո այդ բոլորն իրենց «ալիքներով» ուղարկում են Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան ծառայություններին։

Երկրորդը՝ մեր երկրում գործող ռուսաստանյան հատուկ ծառայությունների օպերատիվ տվյալներն են։ Իսկ, ի՞նչ է, ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ Հայաստանը «հանգստավայր» է տարատեսակ հատուկ ծառայությունների համար։ Կա՞ն միամիտներ, որոնք չեն հասկանում, որ ամենուր, ուր կա ռուսական ներկայություն, ներկա են նաև ՌԴ  հատուկ ծառայությունները։

Երրորդ աղբյուրը՝ Ռուսաստանի դաշնակից պետությունների հատուկ ծառայությունների գործընկերների տվյալներն են, օրինակ, Չինաստանի և Իրանի։ Նրանք արդեն 20 տարի է, ինչ հետախուզական տվյալներ են փոխանակում այն տարածաշրջանների վերաբերյալ, ուր նրանց շահերը համընկնում են։

Չորրորդ աղբյուրը գործնականում նույնպես հատուկ ծառայությունների գծով է, բայց այս անգամ՝ ԱՄՆ-ից։ Ընդ որում, ինսայդերական տեղեկատվություն կա հենց Սպիտակ տնից, Պետքարտուղարությունից, Պենտագոնից և այլն։

Հինգերորդ աղբյուրը՝ Ռուսաստանին համակրող քաղգործիչներն են, լրագրողները, պետական պաշտոնյաները և նման անձինք այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը և այլն։ Ուզո՞ւմ եք միանգամից մի քանի եվրոպացիների անուններ տամ, ովքեր ամեն ինչից տեղյակ են, և եթե հարկ լինի, ամեն ջանք կգործադրեն, որպեսզի հայթայթեն և Մոսկվա փոխանցեն ամենը, ինչ հետաքրքրում է այնտեղ․ Գերհարդ Շրյոդեր, Ռոմանո Պրոդի, Մարին լե Պեն, Ալեքսիս Ցիպրաս, Սառա Վագենկնեխտ, Պաոլո Ջենտիլոնե, Մատեո Ռոցցի, Ջուլյետո Կյեզա, Սիլվիո Բեռլուսկոնի, Կլաուս Կինկել․․․ Եվ ցուցակն այս բավականին երկար է։

Վեցերորդ աղբյուրը՝  մեր քաղաքացիներն են, այդ թվում նաև՝ նախկին ու ներկա քաղգործիչները։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք ռուսամետ կամ Ռուսաստանին համակրող լինեն։ Ես թվարկեցի տեղեկություններ ստանալու միայն հիմնական աղբյուրները, որոնցից կարող է օգտվել ՌԴ ԱԳՆ-ն, որպեսզի Կարասինը հիմքեր ունենա բարձրաձայն ասելու, թե «Վաշինգտոնի խառնվելը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում»։

Բայց չէ՞ որ կա նաև, այսպես ասած, «առիթավորված տեղեկատվություն Աստծուց», օրինակ՝ Ասանժի «Վիքիլիքսի» կամ Սնոուդենի հանգույն․․․ Այնպես որ, Փաշինյանին առաջարկում եմ ոչ թե փնտրել, թե «ինչի վրա է հիմնված իրենց (Կարասինի․- Ս․Շ,) տեղեկատվությունը», այլ խորը մտածել, թե ինչու է Կարասինն այդ ամենը բարձրաձայնել։

 

Սերգեյ Շաքարյանց