Պուտինը զգուշացրել է համաշխարհային աղետի վտանգի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտւինը զգուշացրել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքների վերաբերյալ:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տեղեկացմամբ, երեկ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ նշված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կահանգեցնի միջուկային սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգի փլուզմանը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունների հետևանքով փլուզվում է աշխարհում սպառազինությունների վերահսկման համակարգը, սակայն Ռուսաստանը գիտի, թե ինչպես պետք է ապահովել իր անվտանգությունը:

Վլադիմիր Պուտինն ասել է նաև, որ եթե Եվրոպայի տարածքում տեղակայվեն փոքր ու միջին հեռահարության հրթիռներ, Ռուսատանը կփորձի պահպանել ռազմավարական հավասարակշռությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն պոտենցիալ կերպով կարող է հետևել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը եվրոպական երկրներում, և այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի նշանառության տակ վերցնել Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգերը։ Այս մասին Պեսկովը հայտնել է Առաջին ալիքի «Большая игра» հաղորդման եթերում, երբ նրան խնդրել են մեկնաբանել դեկտեմբերի 20-ի ամեմամյա մամուլի մեծ ասուլիսում Պուտինի խոսքերը միջուկային պատերազմի սպառնալիքի մասին։ Նա հավելել է, որ այդպիսով «պարույրաձև զարգացում տեղի կունենա և կրկնությունն այն իրավիճակի, որը մենք վերապրել ենք անցյալում»։

Նախագահ Պուտինը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ ցավում է միջուկային պատերազմի վտանգն օր-օրի ավելի թերագնահատելու կապակցությամբ, հավաստել, որ Ռուսաստանը շահագրգռված չէ սպառազինությունների մրցավազք սկսելու մեջ, այլ միայն ուժերի հավասարակշռության է ձգտում, սակայն ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրավիճակը կարող է անկանխատեսելի դառնալ։

«Իսկ եթե այդ հրթիռները հայտնվեն Եվրոպայում, մենք ի՞նչ անենք,- ասել է Պեսկովը։- Իհարկե, հարկ կլինի ինչ-որ քայլեր անել սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, և թող հետո չծվծվան, թե մենք ինչ-ինչ առավելությունների ենք ձգտում»։

Պուտինը հույս է հայտնել, որ մարդկությանը կհերիքի սթափ գիտակցությունը՝ նոր աշխարհամարտ թույլ չտալու համար։ Նա նախազգուշացրել է միջուկային զենքը կիրառելու թույլատրելի սահմանի նվազեցման միտումների կապակցությամբ, ինչը կարող է համաշխարհային աղետի հանգեցնել։