Արցախը մեր համազգային խնդիրն է, այլ ոչ թե Իրանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի

Վերջերս մեր երկրում անտեղի մտավախությունների և քննադատության ալիք բարձրացավ այն առնչությամբ, որ Ստամբուլում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների 6-րդ հանդիպումը, և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին վերագրվեց  հայտարարություն, որով նա իբր «ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ոչ պակաս խուճապ է տարածվում Իրանի այն նախազգուշացման կապակցությամբ, որ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսսեյն Բաղերին ամենամոտ ժամանակներս պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։

Մեզանում սովոր են անխոհեմաբար ու անկանոն վկայակոչել թուրքական և ադրբեջանական աղբյուրները։ Այնպես որ, մենք կդիմենք իրանական ԶԼՄ-ներին. Հայաստանում շատերը գաղափար չունեն այն մասին, թե ինչ և ինչպես են ներկայացնում իրենց ընթերցողներին ու օգտվողներին Իրանի ԶԼՄ-ները։ Այդ թվում նաև՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք չեն կարող չհուզել հայ հասարակայնությանը։ Եվ այսպես, ի՞նչ էին գրում Իրանում՝ երեք երկրների ԱԳՆ ղեկավարների ստամբուլյան կոնֆերանսի մասին։ Չէ՞ որ այդ միայն Հայաստանում է, որ Ստամբուլում արված հայտարարությունները սկսեցին գնահատել գրեթե որպես «հատուկ հանդիպում Արցախի հարցի վերաբերյալ»։ Իհարկե, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ակտիվորեն քննարկել են նաև Արցախյան հարցը, առանց դրա չէր լինի։ Բայց մենք ձեռնպահ կմնանք Ստամբուլից հնչած ամփոփիչ հայտարարությունները «հակահայկական դավադրություն» ոճով գնահատելուց և այլն։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում ընթացող գործընթացները շատ ավելի լուրջ են, եթե կողմնորոշվենք Սիրիայում Իրանի դերի մասին ՌԴ նախագահ Պուտինի հոկտեմբերի 27-ի հայտարարությամբ և Թուրքիայի ու Պակիստանի «ահ ու սարսափ» գեներալ-մայոր Բաղերիի գլխավորությամբ Իրանի Գլխավոր շտաբի խոշոր պատվիրակության Բաքու կատարելիք այցի մասին հոկտեմբերի 29-ի հայտարարությամբ։ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի հետ Ստամբուլում համատեղ մամլո ասուլիսի ընթացքում նախարար Զարիֆը հայտարարեց, որ Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ու մտադիր են համագործակցել․ «Թեհրանի, Անկարայի և Բաքվի համագործակցությունը տարածաշրջանի զարգացման, կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում, ինչը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, անչափ կարևոր է»։

«Tehran Times» թերթի հրապարակման համաձայն, Զարիֆը նշել է, որ տարծաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիման վրա։ Նա նշել է նաև, որ երեք երկրները բազմաթիվ հնարավորություններ ունեն տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, և դրվատել Թուրքիային ու Ադրբեջանին՝ 2015թ. Միջուկային գործարքից (հայտնի է որպես Համատեղ գործողությունների համընդգրկուն ծրագիր) ս․ թ․ մայիսին ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դրան աջակցելու համար։

Իր հերթին, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցությունն Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ասել նաև, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում եվրոպական երկրների հետ՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակելու ուղիների որոնման համար։ Մամեդյարովը նշեց, որ Բաքուն ձգտում է ընդլայնել հարաբերությունները Թեհրանի և Անկարայի հետ տրանսպորտի ոլորտում, ինչից հետո Զարիֆն ընդգծեց, որ ԱՄՆ-ը չի հասնի իր տնտեսական ու քաղաքական նպատակներին։ «Հատուկ նշանակության ավտոմոբիլ» (SPV) կոչված մեխանիզմը կոչված է շրջանցել պատժամիջոցները, համաձայն որոնց, Վաշինգտոնը կարող է արգելափակել Իրանի հետ նավթային գործարքներ ապահովող ցանկացած բանկ։

IRNA գործակալությունը հավելում է, որ Զարիֆը, նախ, առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել և՛ Մամեդյարովի, և՛ Չավուշօղլու հետ։ Ընդ որում, չի հաստատվում, թե արդյոք եղե՞լ են առանձին երկկողմ բանակցություններ Չավուշօղլու և Մամեդյարովի միջև։ Եվ եթե չեն եղել, ապա, ներեցեք, ստացվում է, որ այդ Իրանն է նախաձեռնել Ադրբեջանի արտգործնախարարի «կանչը» Ստամբուլ։ Բացառված չէ, որ զոնդավորման համար՝ այն կապակցությամբ, թե ինչի պատրաստ կլինի պաշտոնական Բաքուն՝ Ապշերոնում Ջոն Բոլթոնի ասածների առնչությամբ իր «տակը լցնելուց» հետո։ Կորզված տեղեկատվությունը, ըստ երևույթին, կփոխանցվի Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբին, քանի որ գեներալ-մայոր Բաղերին արդեն  «ամենամոտ ժամանակներս» պատրաստվում է մեկնել Ապշերոն։ Մյուս կողմից՝ Իրանում հիշում են, որ օրերս ադրբեջանական Գլխավոր շտաբի պետին ընդունեցին Իսրայելում։

Դատելով ամենից, գեներալ-մայոր Բաղերին Բաքու կմեկնի ոչ թե սիրաշահելու կամ ինչ-որ բան «խոստանալու» Ադրբեջանին, այլ իրանական կողմից որոշ հիշեցումների համար, կապված, ասենք, այն բանի հետ, որ Թեհրանին հայտնի է Ադրբեջանում իսրայելցիների (հետախուզության և զինվորականների) տեղակայման մասին։

Ըստ IRNA-ի վարկածի, Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում Զարիֆը քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև իրան-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու հարցերի շուրջ։ Իրանական դիվանագիտութան ղեկավարը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերն ընդգծել են համագործակցության անհրաժեշտությունն այն ոլորտներում, որոնք կարող էին «ավանդ ներդնել տնտեսական առաջադիմության և երկու երկրների կայուն զարգացման գործում»։

IRNA գործակալությունն այնուհետ շարունակում է. «Իրանական դիվանագիտութան ղեկավարը հայտարարեց, որ Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան բախվում են ընդհանուր մարտահրավերների, որոնք հաղթահարել կհաջողվի միայն համատեղ ջանքերով։ Նա նաև հույս արտահայտեց Սիրիայում, Պաղեստինում և Եմենում ճգնաժամերը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ։ «Մենք միշտ ընդգծել ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով, և այստեղ մենք կրկնում ենք նույնը՝ ամփոփիչ հայտարարությամբ»,- հավելեց Զարիֆը»։

Համոզված ենք, որ իրանական ԶԼՄ-ների տվյալներին ծանոթանալուց հետո, քչերի մոտ, լինի Հայաստանում, թե այլ երկրներում, գայթակղություն կառաջանա մեկնաբանել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների վեցերորդ եռակողմ հանդիպումը որպես «կանխամտածված հակահայկական» կամ «հակաարցախյան հավաք»։ Հստակ երևում է, որ Իրանը շարունակում է հարևան իսլամական երկրների վրա ճնշումը՝ նպատակ ունենալով հարկադրել նրանց մահմեդական աշխարհի ներսում առկա բախումների նկատմամբ միասնական դիրքորոշման։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ խոսքը ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ համախմբված դիմադրության մասին է. Սիրիան, Պաղեստինը և Եմենը դժվար թե որևէ կերպ կապված են Անդրկովկասում առկա բախումների հետ։ Մինչդեռ, մեզ մոտ՝ Երևանում, շեշտը դնում են միայն այն փաստի վրա, որ Իրանը հաստատեց իր կողմնակցությունն արցախ-ադրբեջանական բախումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» կարգավորելուն։

Կարծում ենք, սխալ կլինի ինչ-որ բանում մեղադրել Իրանին Արցախյան հիմնախնդրի առնչությամբ, երբ նույն «նյութի» մասին տարիներ շարունակ դատողություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, բուն ԵԱՀԿ-ը, միջազգային այլ կառույցներ և այլն։ Ասենք, եթե չի դավաճանում հիշողությունս, բուն Հայաստանի իշխանությունները նույնպես  տարիներ շարունակ հետևել են այն գծին, որ Երևանն էլ բացարձակապես դեմ չէ «Ադրբեջանի տարածքաին ամբողջականությանը», ընդ որում, ընդգծելով, որ Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի բաղկացուցիչ մասը 1991 թվականից հետո, իսկ 1991 թվականին Արցախ-ԼՂՀ-ն պարզապես ինքնորոշվել է, ինչպես և Ադրբեջանը, ընդ որում, նախկին ԽՍՀՄ-ի այդ պահին գործող օրենքներին խստիվ համապատասխան։

Արմատապես սխալ է մեր հասարակության ներսում ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, թե ով և ինչ է հայտարարել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ։ Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասի համար շատ ավելի կարևոր է հետևել այն բանին, որ հենց Հայաստանի իշխանությունները միշտ և անսասան հիշեն, որ Արցախը շատ վաղուց ունի իր հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը։ Եվ դա կարևոր է այն տեսանկյունից, որ Արցախի խնդիրը ինչ-որ մեկ անձի կամ անձանց «ուժերի փորձարկման» հարց չէ, թեկուզ նույնիսկ ինչ-որ բարձր պաշտոն զբաղեցնող։ Եվ ոչ էլ՝ որևէ կուսակցության լուծելիք հարց, որը փորձում է ինքնահաստատվել Արցախյան հիմնախնդրի հաշվին։

Ասեմ ավելին. նույնիսկ Հայաստանի գործունակ քաղաքացիներն իրենք իրավունք չունեն միանձնյա ինչ-որ բան որոշել Արցախի հարցում։ Մենք վաղուց ընդունել ու գիտակցել ենք, որ Արցախի հիմնախնդիրը մեր արդիականության կարևորագույն համազգային հարցն է, այլ ոչ թե իշխանության հետ կապված ինչ-որ մանիպուլյացիաների գործոն՝ լինի դա Արցախում, թե Հայաստանում։ Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին 1998 թվականին «համոզեցին» հրաժարական տալ հենց նրա համար, որ չէր ցանկանում հաշվի նստել Արցախյան հիմնախնդրի համազգային բնույթի հետ։ Մեր հասարակության պարտքն է՝ նորից ու նորից հիշեցնել ցանկացած իշխանության, որ կա Արցախի Սահմանադրություն, և կանք մենք՝ հայ ազգը։ Ոչ ոք իրավունք չունի քողարկվել «այդպես է ուզում ժողովուրդը» արտահայտության հետևում, ոչ մեկին թույլատրված չէ գործածել այդ արտահայտությունը որպես վերջին ապաստան։ Եթե Հայաստանի իշխանությունները սկսեն հարգել ԼՂՀ Սահմանադրությունը, ապա աշխարհն էլ կհարգի։

 

Սերգեյ Շաքարյանց