ԱՄՆ-ը մեր հանդեպ իր ինչ-որ դիտավորության հետևանքների՞ց է զգուշանում, Հայաստան ահաբեկիչների ներխուժման կամ պատերազմի վտանգի՞ց, թե՞․․․

Միացյալ Նահանգների խորհրդավոր զգուշացումը Հայաստան այցելող իր քաղաքացիներին

 

ՀՀ ոստիկանությունը երեկ մի ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ։ Համաձայն դրա, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: Ի՞նչ է՝ ԱՄՆ-ի տակ մի կեղտ կա կամ լինելո՞ւ է, Հայաստանի նկատմամբ ինչ-որ մի դիտավորություն ունի՞, որ յուր դեսպանատան միջոցով այսպիսի զգուշացում է ուղղել իր քաղաքացիներին, թե՞ մեր երկրի համար վտանգ են ներկայացնում ուրիշ ուժեր։

Հայաստանի ոստիկանությունը թեև չափազանց մեղմ, բայց, այնուամենայնիվ, արձագանքեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության զգուշության կոչին։ Վերջինի առնչությամբ ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է․

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»:

Ոստիկանությունը ՀՀ-ում քրեածին իրավիճակի ու մնացյալի վերաբերյալ, իհարկե, ճիշտ է ասել, սակայն շատ հնարավոր է, որ մեր հանրապետության քրեածին իրավիճակի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից ոչ պակաս քաջատեղյակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը բնավ էլ մեր երկրի քրեածին իրավիճակը նկատի չի ունեցել՝ տոնական օրերին մեր երկիր այցելող Միացյալ Նահանգների իր քաղաքացիներին զգուշության կոչ անելով։ Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ է նկատի ունեցել․․․

Այս առնչությամբ «Ֆեյսբուքի» օգտատերերից Arsen Balunc-ն իր էջում հիշատակելով ԶԼՄ-ներից մեկի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ-ի դեսպանատան ուղերձում որոշակիորեն նշված է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ, նախ հարցնում է՝ «Հետաքրքիր է` ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Ի՞նչ կապ ունի մեր երկիրը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ ծայրահեղական գաղափարախոսության մասին կարող է խոսք լինել, եթե խոսքը Հայաստանի մասին է»։

Այնուհետև Arsen Balunc-ը ներկայացնում է ԱՄՆ-ի դեսպանատան հիշյալ ուղերձի վերաբերյալ իր բացատրությունը կամ վարկածը։ Ըստ նրա, «Քանի որ հայ ազգը մերժելով Սերժին, ընտրեց այնպիս կառավարություն և իշխանություն, որի առաջին քայլերը ուղղված էին ոչ թե երկրի տնտեսական վիճակը բարելավելուն, համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, հայրենասիրական գաղափարախոսության ամրապնդմանը, բարոյական և հոգևոր մակարդակի բարձրացմանը, մշակույթային արժեքների պահպանմանը, այլ, փոխարենը, կատարվեց կազմակերպված և պլանավորած հարձակում բոլոր այն արժեքների վրա, ինչը Սուրբ է եղել Հայ Ազգի համար՝ սկսած հայրենասիրական գաղափարախոսությունից և ազգային հերոսներից, մինչև Մայր Եկեղեցի և Ավանդական Արժեքներ…», «Քաղաքական որոգայթը բերեց մարդկանց պիտակավորման, ազգի պառակտման և օրենքով անարդարության բարձրացման», «թշնամու-թուրքի համար ստեղծվել են իդեալական պայմաններ՝ Հայաստանը վերածելու պատերազմական գոտու…»։

Իր գրառմամբ Arsen Balunc-ը նշել է նաև, թե որտեղից է լինելու հարձակումը․ «Հարձակումը տեղի կունենա Արցախի և Նախիջևանի կողմից, որտեղ թուրքազերական զորքին կմիանան այն իսլամիստները, որոնք հավատարիմ են Էրդոգանին և ունեն հստակ գիտակցություն, թե որտեղ կարելի է կռվել հանուն Ալլահի»։ Կարելի է ենթադրել, որ խոսքը, մասնավորապես, «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման, միգուցե նաև ահաբեկչական այլ կազմակերպությունների մասին է։ Arsen Balunc-ի վերանշյալ եզրակացությունը, իհարկե, ոչ թե փաստերի, այլ սոսկ ենթադրության վրա է հիմնված, որը թերևս ուշադրության չարժանանար էլ, եթե՝

1․ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը բացատրած լիներ, թե ինչո՞ւ է զգուշության կոչ ուղղել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, իրոք, մեր երկիրն ի՞նչ կապ ունի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ համակված մարդկանց հետ,

2․ Ադրբեջանում նավթահանքեր շահագործող ամերիկյան երկու խոշոր նավթային ընկերություններ՝ «Exxon Mobil»-ը և «Chevron»ը, հայտարարած չլինեին, որ պատրաստվում են միջազգային կոնսորցիումում վաճառել իրենց մասնաբաժինը և հեռանալ Ադրբեջանից։

Արթուր Հովհաննիսյան