Արտաքին ուժերից այդ ո՞րն է ահաբեկում Բաքվին

Դեկտեմբերի 11-ը զարմանալի նորություն բերեց Ապշերոնից։ Ինչպես հայտնեց տեղական «Report» կայքը, Միլի մեջլիսի  առաջին փոխխոսնակ, խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության հարցերի և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանում մտադիր են քննարկման դնել նոր ուղղումներ՝ կապված ներքին զորքերի մասին օրենքի և «ընդհանրապես հանրապետությունում անվտանգության և այլ զինվորական օրենքների հետ»։ Երբ նրան հարցրել են, թե ինչի՞ հետ է դա կապված, Ասկերովն ասել, որ օրենսդրական  այս նախագծերի հիմնական նպատակն «ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումն է», և հավելել․ «Արտաքին ուժեր կան, որոնք ահաբեկչական գործողություններ են ծրագրում անցկացնել Ադրբեջանում»։

Ասկերովն այդպես էլ չի հայտնել, թե ինչ արտաքին ուժերի նկատի ունի երկրի ղեկավարությունը։ Արտաքին ուժերին ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ մեղադրելու վերջին փորձն ամռանն էր։ 2018թ․ հուլիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Գանձակի քաղաքապետ Է․ Վելիևի վրա մահափորձի մասին։ Ոմն ահաբեկիչ Յունիս Սաֆարով ձերբակալվեց, հայտնեցին, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, Սիրիայում է կռվել։ Հուլիսի 10-ին Գանձակում տեղի իշխանությունների դեմ արդեն զանգվածային բնույթի բողոքի միջոցառումներ ու անկարգություններ էին տեղի ունենում։ Նույն հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունները հայտնեցին, որ «կրոնական ծայրահեղականների 150-200 հոգանոց խումբը չարտոնված ցույց է կազմակերպել», որը ոստիկանությունը ցրել է։ Ցուցարարներն ելույթ են ունեցել ի պաշտպանություն քաղաքապետի վրա մահափորձ իրականացրած Վելիևի, և ի պատասխան ոստիկանության գործողությունների, զինված հարձակումներ են գործել օրենքի պահապանների վրա։

Այն ժամանակ խռովարարների ձեռքով զոհվեցին ոստիկանության երկու սպա։ 2018թ․ հուլիսի 15-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Սումգայիթում կալանվել են կրոնական ծայրահեղականների խմբեր ու նրանց աջակցող ծայրահեղական ընդդիմության 18 ներկայացուցիչներ։ Սումգայիթ մտած հատուկ ջոկատայինները կատարել են զանգվածային ձերբակալություններ։ Հայտնվեց, որ վերոնշյալ անկարգությունների հետաքննությունը անձնական հսկողության տակ է առել նախագահ Ալիևը։ Եվ առաջինը հենց նա էր, որ անկարգություններում մեղադրեց ինչ-որ «արտաքին ուժերի»։ Նույն ձևակերպումը որոշ ժամանակ անց կրկնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը։ Հետո կրոնական ծայրահեղականների մասին հաղորդագրությունները հանկարծ դադարեցին։ Մինչ այդ, հուլիսի 11-ին նախկին արտգործնախարար, Ալիևների ընտանիքին շատ մոտ կանգնած Թոֆիկ Զուլֆուգարովը Գանձակում լարվածություն ստեղծելու մեջ մեղադրեց Իրանին, և կատարվածը կապեց իրանա-իսրայելական առճակատման սրման հետ, սպառնալիքներ տեղալով Իրանի հասցեին։

Եթե ուշադիր կարդանք Թ․ Զուլֆուգարովի մտազեղումները, ապա տպավորություն կստեղծվի, որ նա ձգտում էր անվստահություն սերմանել Ռուսաստանի ու Իրանի միջև, և ոչ թե բացահայտել Գանձակի քաղաքապետի վրա կատարված մահափորձն ու սումգայիթյան հետագա իրադարձությունների պատճառները։ Իմանալով, թե Բաքուն երբ է մարտի նետում նախկին պետպաշտոնյաներին, դժվար չէ հասկանալ, որ պաշտոնական Բաքվի ամառային իրարանցումն ու կես ակնարկները կապված էին Ռուսաստանի անձնատուր լինելու սպասումների հետ (ուրեմն նաև Իրանի, երևի թե այդպես են որոշել Ապշերոնում)՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների նախատեսված հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպումը կայացավ հուլիսի 14-ին, Հելսինկիում։ Կապիտուլյացիան չկայացավ, և Ադրբեջանում «մոռացան», ինչի մասին էին ակնարկում՝ կապված Գանձակի ահաբեկչության հետ։

Հենց նույն դեկտեմբերի 11-ին, Իրանի պնդմամբ, ինչպես հաղորդեց IRNA գործակալությունը, ԻՀՊ-ի Սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզային և Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը ստորագրել են սահմանների անվտանգության մասին փաստաթուղթը։ IRNA-ն ընդգծում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունների հրամանատարների՝ Բաքվում կայացած 11-րդ հանդիպման ետնաբեմում։

Վերոնշյալ փաստաթղթի համաձայն, երկու երկրները կընդլայնեն տեղեկատվության փոխանակումը, նաև կխորացնեն համագործակցությունը սահմանի երկայնքով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և․․․ բնականաբար, ահաբեկչության տարածման սպառնալիքի դեմ։ Նույն օրն իրանական Գերագույն առաջնորդի Գլխավոր զինվորական խորհրդական, ԻՀՊ նախկին գլխավոր հրամանատար Էխիյա Ռահիմ Սեֆևին ելույթ ունենալով Օրմոզգան նահանգի «Ջասկ» նավահանգստում, նշել է, որ տարածաշրջանի երկրները, առանձնապես՝ Դիմադրության առանցքի երկրները (Իրանը, Ռուսաստանը, Սիրիան և Իրաքը․հեղ.), պետք է ուշադիր հետևեն իրադարձությունների զարգացմանը, որովհետև «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմները կարող են նոր դավադրություններ ծրագրել»։

Հարց է առաջանում՝ եթե հենց Իրանն է նախաձեռնում Ադրբեջանի հետ սահմանների անվտանգության համաձայնագրի ստորագրումը, նկատի ունենալով համատեղ պայքարն ահաբեկչության դեմ, ապա ումի՞ց և ինչի՞ց վախեցան Ալիևների կլանն ու Միլի մեջլիսը, որ այս տարվա վերջում հանկարծ որոշեցին ուղղումներ մտցնել ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքներում։

Այժմ կարելի է ենթադրաբար ամեն ինչ կապել, այսպես կոչված, «ստվերային ԿՀՎ-ի»՝ ամերիկյան հետախուզական-վերլուծական «Stratfor» գործակալության հետ։ Ինչպես հայտնի է, այդ կազմակերպությունը դեռ 2016 թվականից, կարելի է ասել ամեն տարի, կանխագուշակում է «բողոքի զանգվածային ակցիաներ» այս կամ այն պատճառով, պատճառներն էական չեն։ Եվ, ահա, 2019 թ․ իր կանխատեսման մեջ «Stratfor»-ն ասես հրամայել է Ադրբեջանին՝ թեքվել «Իրանին զսպելու ամերիկյան ռազմավարության կողմը», և հավելել․ «Ըստ այդմ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կարող են բավականին լարվել»։ Ստացվում է, որ Ապշերոնում որոշել են չգնալ Իրանի հետ սրացումների, և այդ պատճառով վախենում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քայքայիչ գործունեությունի՞ց․․․

Այս դեպքում հասկանալի է, թե ինչու Ասկերովը չի նշում, թե որոշակի  ո՞ր «արտաքին ուժերի կողմից են ծրագրվում ահաբեկչական գործողություններն Ադրբեջանում»։

 

Սերգեյ Շաքարյանց