Հայաստանի գազալցակայաններում ավտոտրանսպորտային միջոցների լցավորումը վաղուց նման է ռուսական ռուլետկայի փորձությանն ենթարկվելուն

Բարեբախտաբար, այս անգամ պայթյունը ողբերգությամբ չի ավարտվել, թեև պայթյունից տուժածը կարող էր և զոհվել։

Երեկ, ժամը 20։59-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղեկացնելով այս մասին, արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Արդեն նույնիսկ դժվար է հիշել, թե սա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունի որերորդ դեպքն է։ Հայաստանի գազալցակայաններում ավտոտրանսպորտային միջոցների լցավորումը վաղուց նման է ռուսական ռուլետկայի փորձությանն ենթարկվելուն՝ մի շարք դեպքերում գազալցակայանների կողմից տաք լցավորմամբ (թույլատրելիից արագ կամ բարձր ճնշմամբ) վարորդներին խաբելու և գերշահույթներ ստանալու  մարմաջի, այլ դեպքերում գազաբալոնների մաշվածության կամ թույլատրելի չափանիշներին չհամապատասխանելու հետևանքով։

Հնարավոր է, հազվագյուտ դեպքեր տեղի ունեցած լինեն այլ պատճառներով, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրեն դրոշ դարձրած կառավարության օրոք էլ այս ոլորտում կոռուպցիան, չարաշահումները շարունակվում են, «թավշյա հեղափոխությունից» հետո էլ տվյալ ոլորտում բացակայում է կարգուկանոնը, հիմնախնդիրն ակնհայտորեն լուծված չէ, հետևաբար և գազալցակայաններում մեքենան լցավորելը շարունակում է մնալ վտանգավոր։