Բաքվում երեկ հանդիպել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը

Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կենտրոնացումը չի նպաստում լարվածության նվազմանը

 

Բաքվում դեկտեմբերի 12-ին հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քյորթիս Սկապարոտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են Եվրոպայի և գլոբալ անվտանգության խնդիրները, ինչպես նաև խոսել 2019թ․ նախատեսվող օպերատիվ պատրաստության ծրագրերի մասին։

ՌԴ ՊՆ-ի հաղորդման համաձայն՝ Գերասիմովը նշել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կենտրոնացումը չի նպաստում լարվածության նվազմանը։

Մինչ երկկողմ հանդիպումը, Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Գերասիմովի և ՆԱՏՕ միացյալ ուժերի հրամանատար Սկապարոտիի ղեկավարած պատվիրակությունները առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովի հետ։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի,  Գերասիմովը Ադրբեջանի նախագահի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է Ադրբեջան–Ռուսաստան ռազմական համագործակցության առկա վիճակը և զարգացման հնարավորությունները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերասիմովի ղեկավարած պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել Բաքուն որպես ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բարձրագույն զինվորականների հանդիպման վայր ընտրելու համար։

ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը Բաքվում հանդիպել էին նաև այս տարվա ապրիլի 19-ին և քննարկել իրադրությունը Սիրիայում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի գործողությունները։

Նկատի ունենանք, որ Բաքվի ընտրությունը ոչ թե Ադրբեջանի հանդեպ «հարգանքի և վստահության ցուցանիշ է», ինչպես ներկայացրել է Ալիևը, այլ խիստ լարված հարաբերությունների մեջ գտնվող ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի համար հանդիպման նպատակով ընդունելի մի վայր (պետություն, որը մի ոտքով Արևմուտքի, մյուս ոտքով Ռուսաստանի դաշտում է), որտեղ նրանք համաձայնել են հանդիպել։