Միջաստղային հետախույզը հեռանում է երկրից․ ինչից են զգուշանում աստղագետնե՞րը

Մեկ տարի առաջ աստղագետները դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ Երկրի մոտերքում հայտնաբերեցին տիեզերական մարմին, որը եկվոր էր ուրիշ աստղային համակարգից։ «Օումուամուա» օբյեկտն անսովոր է բոլոր պարամետրերով։ Թե որտեղ է այն կազմավորվել և ինչու է մեծ արագությամբ սլանում տիեզերքում՝ անհայտ է։ Որոշ գիտնականներ շտապեցին ենթադրել, թե հանելուկային հյուրը հետախույզ է, որին ուղարկել են մեր բանական եղբայրները։

 

Պատահական հանդիպում

 2004թ․ NASA-ի գիտնականները հայտարարեցին Երկրի հետ «Ապոֆիս» աստղակերպի հնարավոր բախման մասին։ Այն ժամանակվանից տիեզերական մարմնի ուղեծիրն ու չափսերը շատ ճշգրտորեն հաշվարկվել են, իսկ աղետի ռիսկը բազմակի նվազել է։

Այնուամենայնիվ, աստղակերպերի վտանգավորության թեման շատ մասսայական դարձավ։ Շատ երկրներ տիեզերական թափառականների ցանցային փնտրտուքներ սկսեցին։ Երկիր մոլորակի մոտակայքում օբյեկտներին հետևելու համար NASA-ն գործարկեց «Pan-STARSS» նախագիծը, որն առայժմ Հավայներում գտնվող երկու աստղադիտակ է միավորում։ Դրանցից յուրաքանչյուրը երկնքի որոշակի հատված է դիտարկում։

2017թ․«Pan-STARSS-1» աստղադիտակը Երկրից 30 մլն կմ հեռավորության վրա մի օբյեկտ հայտնաբերեց, որին ժամանակավորապես տվեցին C/2017 U1 անվանումը։ Գիտնականները որոշեցին, որ դա փոքր ասուպ է, և սկսեցին հետևել։ Մի քանի օր հետո պարզվեց, որ C/2017 U1-ը շարժվում է հիպերբոլային ուղեծրով, և ոչ թե Արեգակի շուրջը, ինչպես մեր մոլորակային համակարգի բոլոր հայտնի մարմինները։ Հետևաբար, աստղագետները հայտնաբերել են ամենաիսկական միջաստղային տիեզերական մարմին։

Զարմանալի հյուրը ստացավ «1I/Օումուամուա» անվանումը, ինչը հավայերենից թարգմանաբար նշանակում է «հեռվից եկած բանբեր», «հետախույզ»։ Նրա ուսումնասիրությանը միացան համաշխարհային աստղագիտության զգալի ուժեր։

 

Աստղային հյուրի խորհրդավոր օրրանը

 «Օումուամուան» շարժվում էր Քնար համաստեղության ամենապայծառ աստղ Վեգայի կողմից՝ մոտավորապես 26 կմ/վրկ արագությամբ, բայց դժվար թե նրա հայրենիքն այնտեղ է։ Օբյեկտը մտավ արևուղու հարթության հանդեպ խիստ թեք ուղեծրով, բարեհաջող անցավ աստղակերպերի գոտին, Արևի կողքով, մոտենալու կետում արագացնելով ընթացքը մինչև 87 կմ/վրկ։

Արդեն մայիսին նա հեռացավ Արևից Յուպիտերի ուղեծրի շառավղի չափ հեռավորության վրա։ 2019 թ․ հունվարին նա կհավասարվի Սատուրնին և չորս տարուց կհասնի Նեպտունին։ Մեր աստղը նրան չի կարող պահել իր ձգողության գոտում, և «Օումուամուան» կշարունակի իր ճամփորդությունը Պեգաս համաստեղությունում։

Արդեն մեկ տարի առաջ «Օումուամուան» մեզնից հեռացել էր այնքան, որ օբյեկտն անհնար էր դիտարկել աստղադիտակով, և աստղագետները վախենում են, որ հավաքված տվյալները բավարար չեն նրա բոլոր գաղտնիքները բացահայտելու համար։

Ֆրասկատիի (Իտալիա) Եվրոպական տիեզերական գործակալության Համակարգող կենտրոնի աշխատակից Մարկո Միչելին իր գործընկերների հետ վերլուծել է օբյեկտի շարժման բոլոր տվյալները, որպեսզի հաշվարկի ուղեծիրը։ Տիեզերական մարմինների շարժման ուղին պայմանավորված է միայն գրավիտացիոն ուժերով, բացառությամբ ասուպների, որոնց վրա կարող են ուրիշ գործոններ էլ ազդել։

Գիտնականներն ապացուցեցին, որ «Օումուամուան» թեթևակի արագացում է ստանում։ Արևի կամ մոլորակների գրավիտացիոն ազդեցության վարկածը մերժվեց միանգամից։ Օբյեկտին իմպուլս կարող էին հաղորդել արևային քամու հետ փոխազդեցությունը, նրա հետ ուրիշ մարմինների ընդհարումը, «Օումուամուան»-ի կողքին այլ մարմնի ներկայությունը, շփումը։ Սակայն, ամենից լավ նրա ընթացքը բացատրում է ապագազավորման մասին վարկածը։

Արևին մոտենալիս «Օումուամուայի» մակերևույթը տաքացել է 6000 Կելվիվնից ավելի։ Եթե նրա մեծ մասը կազմված լիներ սառույցից, ինչպես բոլոր ասուպներինը, ապա օբյեկտը կսկսեր հալվել։ Ջրի գոլորշիները դուրս կժայթքեին կարծր կեղևից և կծառայեին որպես յուրօրինակ ռեակտիվ շարժիչներ, որոնք առաջ են հրում օբյեկտը։

Համոզիչ սցենար է։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ ամպի կամ պոչի տեսքով գազերի կամ փոշու ոչ մի արտանետում, ջրի ոչ մի մոլեկուլյար հետք «Օումուամուայի» վրա չի նկատվել։ Միչելին գտնում է, որ ճամփորդելիս, օբյեկտը տիեզերական ճառագայթների ազդեցության տակ կարծրացել է, նրա վերին շերտը սուբլիմացվել է, բոլոր թռչող միացություններն այնտեղից գոլորշացել են և վրան կեղև է առաջացել։

Բելֆաստի (Մեծ Բրիտանիա) Թագավորական համալսարանի Աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակիցները Ալան Ֆիցսիմոնսի գլխավորությամբ հաշվարկել են, որ եթե գրունտի առաջին 40 սանտիմետրերը ջուր չեն պարունակում, ապա տաքանալիս «Օումուամուայի» մակերևույթը գազային ակտիվության նշաններ ցույց չի տա, եթե նույնիսկ նրա ընդերքը սառույցից է կազմված։ Կեղևի կամ մանտիայի հաստությունը կարող է լինել մինչև երկու մետր։

 

Ասո՞ւպ, թե աստղակերպ

 Միչելին գտնում է, որ «Օումուամուան» իրեն պահում է ինչպես փոքր ասուպը։ Նրա ընդդիմախոսները պնդում են աստղակերպի վարկածը։ Դրա մասին են վկայում նրա ֆիզիկական հատկությունները, օրինակ, կարմիր գույնը։ Հնարավոր է, «հետախույզի» մակերևույթը պատված է երկաթախառն օքսիդացած միացություններով, մասնակիորեն՝ շերտավոր սիլիկատներով։ Ավելի ճշգրիտ ինչ-որ բան ասել «կեղևի» բաղադրության մասին անհնար է։

«Օումուամուայի» խիստ ձգված, սիգարանման ձևը նույնպես անուղղակիորեն մատնանշում է այն, որ այդ երկնային մարմինը, այնուամենայնիվ, քարային օբյեկտ է։ Ընթացքի ժամանակ նա ամեն 7-8 ժամը մեկ շուռումուռ է գալիս, հասկացնելով, որ անցյալում ուժեղ ընդհարում է ունեցել։ Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել աստղակերպի հայրենիքում, քանի որ նման հանդիպումները միջաստղային միջավայրում (դրա նոսրության պատճառով) և Արեգակնային համակարգում քիչ հավանական են։

Ամայա Մորո-Մարտինը STScI-ից (Տիեզերական աստղադիտակով տիեզերքի հետազոտության ինստիտուտ, ԱՄՆ) գտնում է, որ «Օումուամուան» եկել է մոտակա երտասարդ աստղից։ Ամենայն հավանականությամբ, Արեգակը նրա հանդիպած առաջին օտար լուսատուն է։

Աստղի ծնունդը ուղեկցվում է պլանետեզիմալի (մոլորակներ ձևավորող նյութերից կազմված սկավառակ) կազմավորմամբ։ Նյութի բաժանմանը զուգընթաց, նրա մնացորդները աստղային համակարգից դուրս են նետվում կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ։ Այդ սցենարը հաստատվում է Գալակտիկայում Երկրին նման մոլորակներով բազմաթիվ աստղային համակարգերի գոյությամբ։

Արեգակնային համակարգում գերակշռում են ասուպները, և գիտնականները կարծում էին, որ դա ճիշտ է նաև միջաստղային օբյեկտների համար։ Մարմինը, որն ապրում է աստղային համակարգի ծայրամասում, սառցակազմության գծից այն կողմ, ավելի հեշտ է պոկել ուղեծրից։ Ահա թե ինչու քարե «Օումուամուայի» հայտնվելը գիտնականների մոտ անկեղծ տարակուսանքներ առաջացրեց։

Քեմբրիջի համալսարանի աշխատակից  Ռոման Ռաֆիկովը (Մեծ Բրիտանիա) գտնում է, որ «Օումուամուան» քար է՝ ծննդով սպիտակ թզուկների մոտակա համակարգից։ Այն կարող էր առաջանալ պլանետոիդի՝ աստղակերպի կամ քարե մոլորակի կործանումից։ Աստղագետը համարում է, որ ծավալային մոլորակի ուղղակի արտանետումը կամ նրա քայքայումը հարվածային ալիքի ազդեցության տակ ավելի քիչ հավանական են։

 

Հեռավոր աշխարհների հետախուզումը

 Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Աստղագիտության բաժնի վարիչ Աբրահամ Լեբը վեց փաստ է թվարկում, որոնք  «Օումուամուային» դարձնում են շատ տարօրինակ տիեզերական օբյեկտ․ 1) նրա ծննդավայրը նման չէ Արեգակնային համակարգին, 2) օբյեկտի շարժումը շատ յուրօրինակ հաշվարկային համակարգ է ենթադրում, 3) նրան իր հարազատ աստղային համակարգից պոկած ուժը պետք է շատ մեծ լինի, 4) ձևն ու պտույտներն անսովոր են, 5) նրա մակերևույթը պետք է շատ պայծառ լինի, 6) մարմինն ունի ոչ գրավիտացիոն արագացում։

Լեբը հնարավոր է համարում, որ այդ անսովոր հատկությունները ցույց են տալիս «Օումուամուայի» արհեստական ստեղծումը։ Իսկ ինչո՞ւ չհամարել, որ դա արևային առագաստ է կամ տիեզերական ապարատի բեկոր։ Նման վարկածը կբացատրեր օբյեկտի արագացումը արևային քամու ազդեցության տակ։

Ծիր Կաթինի աստղերի գրեթե քառորդը սեփական մոլորակներ ունեն։ Տրամաբանական է ենթադրել, որ միջաստղային տարածությունը լի է հետախույզներով կամ նույնիսկ ձեռագործ ծագման աղբով։

Իհարկե, դա ֆանտաստիկ ենթադրություն է, որը, բառափոխելով Կարլ Սագանին, ֆանտաստիկ ապացույցներ է պահանջում։ Իմանալ ճշմարտությունը կարելի է միայն եկվորին մոտենալով և նրանից փորձանմուշ վերցնելով։ Սակայն երկրաբնակների ներկայիս տեխնոլոգիաների միջոցով «Օումուամուայի» հետևից հասնելն անհնար է։