«Սպիտակ կարապներն» իջան Վենեսուելայում

Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ռուսական օդատիեզերական ուժերի երկու Ту-160 և մեկական Ан-124 և Ил-62 ինքնաթիռներ թռիչք են իրականացրել Ռուսաստանի օդանավակայաններից մինչև Վենեսուելայի միջազգային օդանավակայան։ Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զեմսկին հայտարարել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը բարեհաջող է զարգանում։

Նշված ավիատեխնիկայից ամենաուշագրավը Ту-160-նն է։ Այն անցյալ դարի 70-ականներին Տուպոլևի ՓԿԲ-ի կողմից նախագծված գերձայնային ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչ է՝ թևերի փոփոխվող սլաքայնությամբ։ Ռազմական ավիացիայի պատմության մեջ այն ամենախոշոր, ամենածանր գերձայնային ինքնաթիռն է` ամենամեծ թռիչքային վերամբարձությամբ։ Նաև սպառազինության մեջ գտնվող ամենաարագաթիռ ռմբակոծիչն է։ Օդաչուների շրջանում ստացել է «Սպիտակ կարապ» անվանումը, սահմանել է 46 համաշխարհային ռեկորդ։ Տիպիկ ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչ է։ Ինչպես ցույց տվեց Սիրիայում պատերազմի փորձը, շատ օգտակար ռմբակոծիչ է, երբ պետք է ինչ-որ բան հողին հավասարեցնել։

Հիմա, երբ ռուսաստանցիներն իրենց  ռազմավարական հրթիռակիրներով հայտնվել են Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ն անհանգստացել է, թեև իր անհանգստությունն արտահայտել է այլ կերպ։ Վաշինգտոնի արձագանքը բարձր մակարդակից է՝ Պետքարտուղարությունից։ Ինչպես հայտնում է մամուլը, «Twitter»-ի իր էջում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Մոմպեոն գրել է, որ ռուսական ինքնաթիռների թռիչքը Վենեսուելա, իբր, ընդամենը Ռուսաստանի «պետական միջոցների մսխում է»։ Նաև հավելել է․ «Ռուսաստանի կառավարությունը կես աշխարհի վրայով իր ռմբակոծիչներն ուղարկել է Վենեսուելա։ Ռուսաստանի և Վենեսուելայի ժողովուրդները պետք է իմանան, թե ինչ է դա իրականում նշանակում. երկու կոռումպացված կառավարություններ մսխում են պետական միջոցները և ճնշում են ազատությունն ու իրավունքները, մինչ նրանց քաղաքացիները տառապում են»։

Այս ստի ականջները վաղուց են երևում՝ այն ժամանակներից, երբ ԱՄՆ-ը երազում էր Վենեսուելայում հեղաշրջման և երկրի նախկին նախագահ, գնդապետ Ուգո Չավեսին տապալելու մասին։ Չավեսի աշակերտը և իրավահաջորդը՝ երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն, որոշեց պահել ուսուցչի քաղաքական ուղղությունը, թույլ չտալ ԱՄՆ-ի աջակցությամբ հեղաշրջում Վենեսուելայում, որից հետո, պարզ է, որ այդ երկրում ձևավորվելու է Միացյալ Նահանգների կամքը կատարող խամաճիկ իշխանություն (հիշենք ԱՄՆ-ի մասնակցությամբ «հեղափոխականացված» Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին)։ Ռուսաստանի հետ մերձեցումը Կարակասի որոշումներից մեկն է՝ ուղղված գնդապետ Չավեսի քաղաքական կուրսի իրականացմանը։ Նույն շարքում են Վենեսուելայի հատուկ կապերը Չինաստանի և Իրանի հետ։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա, որ Ռուսաստանն իր ռազմավարական ավիացիան ուղարկում է Լատինական Ամերիկա։ Թերևս, ԱՄՆ-ը պետք է շնորհակալություն հայտնի Վլադիմիր Պուտինին, որ «Սպիտակ կարապները» Մեքսիկա չեն թռչում։ Թեև, սկզբունքորեն, կարող էին։

Ինչպես հայտնել է «РИА Новости» գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 11-ին պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի խոսքերին՝ Ту-160-ները Վենեսուելա ուղարկելու կապակցությամբ․ «Ինչ վերաբերում է միջոցների մսխմանը, մենք դրա հետ համաձայն չենք։ Առավել ևս, երբ նման անհարկի հայտարարություններ անում է մի երկիր, որի պաշտպանական բյուջեի կեսով կարելի է սովից փրկել ամբողջ Աֆրիկան»։ Պեսկովը նշել է նաև, որ նման հայտարարությունները դիվանագիտական չեն և հարիր չեն պետքարտուղարին։

Դեկտեմբերի 11-ին Վենեսուելայի պաշտպանության նախարարը նույնպես անդրադարձել է ԱՄՆ-ի հիշյալ արձագանքին։ Այս մասին հայտնել է «РИА Новости» գործակալությունը՝ հղում կատարելով «Telesur» հեռուստաալիքին։ Ըստ նախարարի, ռուսական ՕՏՈՒ-ի ավիախմբի գալու նպատակը վենեսուելացի իրենց գործընկեր-օդաչուների հետ համատեղ թռիչքների անցկացումն է։ Նրա խոսքերով, ռուսական և վենեսուելական ավիացիայի համատեղ թռիչքներն ուղղված են Վենեսուելայի պաշտպանության նախապատրաստմանը հնարավոր ագրեսիային։

Միաժամանակ նկատելի է, որ Ռուսաստանն ու Վենեսուելան, այնուամենայնիվ, ցուցադրական գործողությունների են դիմում։ Չէ՞ որ ԱՄՆ-ը, ինչպես երևում է ամենից, պատրաստվում է Վենեսուելայի դեմ որոշակի ուժային գործողությունների։ Դեկտեմբերի 10-ին Վենեսուելայի նորությունների գործակալությունը հաղորդել է, որ նախագահ Մադուրոն հրապարակայնորեն մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Հնարավոր է, նույնիսկ մեր՝ հայաստանյան «ասֆալտային հեղափոխության» նմանությամբ։ Նախագահի խոսքերով, ներկայումս Վաշինգտոնը համակարգում է Վենեսուելայի իշխանությունների դեմ դավադրության փորձը։ Մադուրոն խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ մամուլի ասուլիսով ու մանրամասնորեն բացահայտել Սպիտակ տան դավադրությունը։

Կարծում եմ, Մադուրոն հենց այնպես չի խոսում։ Դեռևս սեպտեմբերին «The New York Times» ազդեցիկ թերթում հրապարակում եղավ Մադուրոյի հնարավոր «ուժային տապալման» մասին, ինչը գաղտնի հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները վենեսուելական ապստամբ զինվորականների հետ։ Նշվում էր, որ հանդիպումները շարունակվել են մի քանի ամիս, մինչև որ շփումները չեն դադարել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նույն սեպտեմբերին Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (OAS), որ ԱՄՆ-ի հլու-հնազանդ գործիքն է, խոսում էր Կարակասի դեմ հնարավոր ուժային գործողությունների մասին։ Այդ մասին բացեիբաց հայտարարել էր OAS-ի ղեկավար Ալմագրոն․ «Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյին տապալելու նպատակով զինված ներխուժմանը, մենք չպիտի բացառենք և ոչ մի տարբերակ»։ Այնպես որ, Ռուսական ՕՏՈՒ-ի ավիախմբի Վենեսուելա ժամանելը երկու նշանակություն ունի։ Դա նախազգուշացում է Վաշինգտոնին և OAS-ի նրա խամաճիկ երկրներին, որ 100 անգամ մտածեն, նախքան Վենեսուելայի դեմ պատերազմ սկսելը կամ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելը։ Միաժամանակ, Հարավային Ամերիկայում Ռուսաստանի ռազմավարական նշանակության ռմբակոծիչների հայտնվելը որոշակի պատասխան է ԱՄՆ-ի սպառնալիքներին ու շանտաժին՝ ինչպես Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ-ի բաղադրիչների տեղակայման, այնպես էլ ՄՓՀՀ պայմանագրից նրա դուրս գալու առնչությամբ։ Ըստ ամենայնի, Ամերիկայում մոռացել են Նյուտոնի երրորդ օրենքի մասին․ «Յուրաքանչյուր ազդեցությանը հետևում է հակազդեցությունը»։

Ту-160 ինքնաթիռները Կարակասում՝ Մոսկվայի կողմից ամերիկացիներին հակազդելու արտահայտություններից մեկն է։ Համոզված եմ, լինելու է նաև դրա շարունակությունը։

 

Սերգեյ Շաքարյանց