Չորս զոհ, 13 վիրավոր, որոնցից 8-ը՝ ծանր․Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության հետևանքը (տեսանյութ)

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի ամանորյա տոնավաճառի մերձակայքում երեկ տեղի ունեցած հրաձգության արդյունքում վիրավորների թիվը հասել է 13-ի։ Այդ մասին այսօր հայտնել է «France-Press» գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքապետարանի վրա։

Հիշյալ գործակալության հայտնած տեղեկատվության համաձայն, հրաձգության հետևանքով 4 հոգի զոհվել է, 13 վիրավորներից ութը ծանր վնասվածքներ են ստացել։ Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է նաև, որ կասկածյալի որոնումները շարունակվում են։

Ահաբեկիչների, ինչպես նաև ինչ-որ շեղվածների կողմից անմեղ մարդկանց զանգվածային գնդակահարության դեպքերը, որոնք ԱՄՆ-ում վաղուց սովորական են դարձել ու գրեթե ամեն ամիս հաջորդում են միմյանց, այժմ սովորական են դարձել նաև Եվրոպայում։ Ստրասբուրգում տեղի ունեցածը Ֆրանսիայում, առավել ևս Եվրոպայում տեղի ունեցած այդպիսի ոչ առաջին, ոչ եկրորդ, ոչ էլ նույնիսկ երրորդ դեպքն է։ Արևմուտքի տարբեր երկրների հասարակությունները լրջորեն հիվանդ են, հոգու սովը ճարակել է նրանց, մինչդեռ Միացյալ Նահանգների և եվրոպական բազմաթիվ երկրների աշխարհիկ և հոգևոր իշխանություններն իրենց հիվանդ հասարակություններին բուժելու փոխարեն, ավելի են խորացնում նրանց հիվանդությունը։