Եվրոպայի ազգայնական ուժերը պատրաստվում են Եվրոխորհրդարանի ընտրություններին

2019 մայիսին կայանալու են Եվրոխորհրդարանի հերթական ընտրությունները, որին նախապատրաստվող տարբեր երկրների ազգայնական քաղաքական կազմակերպությունները փորձում են մեկտեղել իրենց ուժերը եվրոպական բյուրոկրատիայի ու միգրացիոն քաղաքականության դեմ պայքարում։

Եվրոպական մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում խորհրդարանական ընտրություններում տարբեր ձևաչափերով, նպատակներով ու կարգախոսներով նշված ուժերի մասնակցության մասին։ Մասնավորապես՝ իտալական «Հյուսիսի լիգայի» և ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդներ Մատեո Սալվինին և Մարին Լե Պենը հայտարարել են, որ ընտրություններին ունենալու են կոալիցիոն մասնակցություն՝ ընդհանուր ծրագրով և թեկնածուների միացյալ ցուցակով։

Եվրոհոռետեսների ճամբարում իր ակտիվությամբ առանձնանում է նաև Հունգարիայի նախագահ Վ․ Օրբանը, որին եվրոպական չինովնիկները նույնիսկ ծայրահեղականի ու ժողովրդավարության թշնամու որակումներ են տալիս։

Եվրոպայի ազգայնական ուժերի մոտեցումները Եվրոպայի ապագայի նկատմամբ միատեսակ չեն, և դրանք տատանվում են «Եվրոպական ազգերի միությունից» մինչև «Եվրամիության ամբողջական փլուզում» տիրույթում։ Փորձագետների կարծիքով, եվրոպական երկրների շահերն այն աստիճան տարաբնույթ և, երբեմն, միմյանց հակասող են, որ «նման անորոշ շիլայի մեջ հնարավոր չէ ստեղծել ամուր կապերով կայուն միջազգային միավորումներ»։

Բավական ուշագրավ են նախընտրական Եվրոպային տրվող բնորոշումները՝ «Եվրոպայում շրջում է պոպուլիզմի ուրվականը», «Եվրամիությանը սպասվում են տեկտոնիկ մասշտաբի փոփոխություններ», «մոտենում է ազատական Եվրոպայի վախճանը», «մեկ կենտրոնից ղեկավարվող խայտաբղետ և անդեմ զանգվածի կառավարման ժամանակներն անցնում են» և այլն։

Ի տարբերություն ազգայնականների, ներկայիս եվրոպական վերնախավի ու նրան սպասարկող քաղաքագետների ու քաղտեխնոլոգների մոտ նկատելի է նախընտրական որոշակի խուճապային տրամադրություն։ Սա, իհարկե, ամենևին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք եվրոպական երկրների բնիկ բնակչության մոտ տարեցտարի աճող դժգոհությունը եվրոպական ղեկավարության, հատկապես Եվրոհանձնաժողովի կողմից վարվող տնտեսական ու միգրացիոն քաղաքականության նկատմամբ։

Գործող կառուցվածքով ու բովանդակությամբ Եվրամիության պահպանման ջատագովները կոչ են անում առաջադրել այնպիսի հեղինակավոր թեկնածուների, որոնք հասկանում են առաջիկա ընտրությունների կարևորությունը Միացյալ Եվրոպայի պահպանման համար, ունակ են դիմակայելու ազգայնականների ճնշումներին ու բացահայտելու վերջիններիս կարգախոսների սնանկությունը։ Այս առումով եվրոպամետ գործիչների շարքում առանձնացնում էին Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնի կերպարը, որն օժտված էր վերոնշյալ հատկանիշներով ու կարող էր ստանձնել առաջնորդի դերը։ Սակայն, Ֆրանսիայի վերջին օրերի իրադարձությունները զգալիորեն ցրեցին Մակրոնի առաջամարտիկ լինելու պատրանքը։ Ի դեպ, Փարիզում և ֆրանսիական այլ խոշոր քաղաքներում ընթացող վերջին իրադարձությունների ետևում շատերը փորձում են տեսնել «Վաշինգտոնի ականջները կամ Մոսկվայի ձեռքերը», բայց, կարծում ենք, որ դա էական չէ, որովհետև Եվրամիությունն արդեն սպառել է իրեն և այլևս չի բավարարում միջազգային հարաբերությունների ներկայիս պահանջներին։

Միայն տնտեսական շահերի վրա խարսխված միջպետական միավորումների ժամանակն անցել է, և հետինդուստրիալ աշխարհում գերակա են դարձել ազգային ինքնության ու ազգային անվտանգության ապահովման խնդիրները։

Եվրամիությունն այսօր դարձել է ազդեցության գոտիների շուրջ տարվող աշխարհաքաղաքական պայքարի կարևորագույն ասպարեզներից մեկը, որի պահպանումն արդեն չի բխում ոչ միայն աշխարհաքաղաքական բևեռների կամ այդպիսին լինելու հավակնորդների, այլ նաև հենց եվրոպական որոշ երկրների շահերից։

 

Լևոն Անդրիասյան