Էմանուել Մակրոնը հարկադրված է եղել ընդունել «դեղին ժիլետավորներ»-ի պահանջները՝ Ֆրանսիայում անդորրը վերականգնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը դատապարտել էր «դեղին ժիլետավորների» գործողությունները, մասնավորապես՝ ցույցերի ընթացքում գործադրված բռնությունների դեպքերը, դրանք համարել արդարացում չունեցող, և երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել, երեկ իր հեռուստատեսային ելույթի ժամանակ, ի վերջո, ընդունել է բողոքարարների պահանջները և տեղեկացրել տնտեսական ու հասարակական շտապ պահանջները բավարարելու համար լուրջ միջոցներ ձեռնարկելու մասին:

Էմանուել Մակրոնն իր հիշյալ ելույթի ժամանակ խոսքն ուղղելով ֆրանսիացիներին, խոստացել է, որ երկրում անդորրը վերականգնելու համար օգտվելու է բոլոր հնարավոր միջոցներից: Այս մասին տեղեկացրել է ԻՌՆԱ գործակալությունը։

«Կառավարությունը հզոր քայլերով ամենակարճ ժամկետում հարկերը կրճատելով ու նաև պետական ծախսերը վերահսկելով, կպատասխանի հասարակական ու տնտեսական պահանջներին»,-հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը մասնավորապես խոստացել է, որ շտապ կերպով կրճատելու է քիչ եկամուտ ունեցող աշխատավորներից գանձվող հարկերը և չեղարկելու է թոշակառուների հարկերի հավելման նախագիծը: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից սկսված բողոքի զանգվածային միջոցառումներն ուղղված էին տնտեսական խնդիրների և վառելիքից գանձվող հարկերի բարձրացման կառավարության ծրագրի դեմ: Բողոքի ցույցերը շատ արագ վերածվեցին «Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման: Էմանուել Մակրոնն օրերս ասել էր, որ ֆրանսիացիների զայրույթն իրականում առաջացել է ոչ թե հարկերի, այլ գլոբալ պատճառներով։

Արձագանքելով Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, ռուս խորհրդարանական Ալեքսեյ Պուշկովը, «Սպուտնիկ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, իր թվիթերյան էջում գրել է. «Մինչև այսօր այն պատկերացումը գոյություն ուներ, որ Եվրոպան անդորրի ու բարեկեցության կղզի է, սակայն իրավիճակը փոխվել է»:

Ըստ ռուս խորհրդարանականի, «Մինչև այսօր այն ենթադրությունը գոյություն ուներ, որ փոթորիկներին դիմագրավող աշխարհում Եվրոպան շարունակելու է անդորրի ու բարեկեցության կղզի մնալ, սակայն եվրոպական որոշ երկրներում անկայունությունը տարածվում է»։

Պուշկովն ընդգծել է. «Նկատի առնելով Ֆրանսիայում, Բելգիայում ու Իտալիայում տիրող իրավիճակը, պարզ է դառնում, որ Եվրոպան մտել է նոր փուլ և անցյալի միֆն այլևս գոյություն չունի»:

Հուսանք, որ Եվրոպայում մշտական բնակություն հաստատելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցներն այս ամենը նկատի կունենան։