Սարդինիայի ափերի մոտ իտալական ճամփորդական նավի վրա վթար է տեղի ունեցել

Լուրջ վթար է տեղի ունեցել իտալական «Cruise Roma» ճամփորդական նավի վրա, որը շաբաթ երեկոյան 390 ուղևորներով դուրս էր եկել Սարդինիայի «Պորտո-Տորես» նավահանգստից դեպի Բարսելոնա։

«SardiniaPost» կայքի տեղեկացմամբ, «Grimaldi Lines» ընկերությանը պատկանող նավը բաց ծովում կանգ է առել, երբ անձնակազմի անդամները հայտնաբերել են ձախ թիապտուտակի անսարքությունը։ Կապիտանը տեղյակ է պահել նավահանգստի իշխանություններին և ափամերձի պահակախմբին, ինչից հետո որոշում է կայացրել սեփական ուժերով վերացնել անսարքությունը։

Արտակարգ իրավիճակն ուղևորների անհանգստությունն է առաջացրել, և նրանք սկսել են զանգել հարազատներին ու տարբեր պետական ծառայություններ։

Մի քանի ժամից անսարքությունը հաջողվել է վերացնել, սակայն «Cruise Roma»-ն ուղղություն է վերցրել ոչ թե դեպի Բարսելոնա, այլ դեպի Հռոմի «Չիվիտավեկյա» նավահանգիստ։ Ենթադրում են, որ այստեղ նրանց կտեղափոխեն «Grimaldi Lines» ընկերության այլ նավ, որը հետո կուղղվի դեպի Բարսելոնա։