Փաստեր 6/36 տեղամասից անհետացած ձայների վերաբերյալ․ Տիգրան Ուրիխանյանի ահազանգը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային կարգով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ ահազանգել է, որ իրեն տված քվեներն անհետացել են։

«Եվս մեկ տեղամաս, որտեղ անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները,- գրել է Ուրիխանյանը։- Սրա վերաբերյալ արձագանքներին նույնպես սպասում եմ»։

Խոսքը 6/36 տեղամասի մասին է։

«Սա արդեն չորրորդ տեղամասն է,- նախորդ գրառումից մոտ 15 րոպե հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավորի թեկնածուն։- Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ-֊ի և իրավապահների արձագանքին»։

Ուրիխանյանն իր գրառմանը կցել է նաև համապատասխան փաստաթղթերի լուսանկարները։

Ավելի վաղ պատգամավորի թեկնածուն հայտնել էր, որ ԿԸՀ-ի հրապարակած թվում ու կազմված արձանագրությունում 4/40 ընտրատեղամասի տվյալները տարբեր են։

«Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները,- հայտարարել է նա։- Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ-ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»։