Ուկրաինայում հայտարարել են սեփական միջուկային զենքը ստեղծելու հնարավորության մասին, ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավորն արձագանքել է․․․

Հյուսիսային Կորեայի ստեղծած խնդիրներն այսօր բացարձակապես չնչին կլինեն, համեմատած այն սպառնալիքների հետ, որ կստեղծի միջուկային զենքի տիրացած Կիևը:

Ուկրաինան ունի բոլոր մտավոր և կազմակերպչական հնարավորությունները, «բոլոր հզորությունները» միջուկային զենք ստեղծելու համար։ Այս մասին, «Օբոզրևատել» հեռուստաալիքի տեղեկացմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ում երկրի առաքելության նախկին ներկայացուցիչ, գեներալ-մայոր Պյոտր Գարաշչուկը։ Նրա կարծիքով, դրա համար գումարներ գտնելը խնդիր չէ։

Զինվորական դիվանագետը նշել է, որ Կիևը կարող է արտադրել ոչ միայն ատոմային ռումբեր, այլև բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլխիկներ։

«Այսօրվա դրությամբ աշխարհում չկա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրության այնպիսի գործարան, ինչպիսին էր ԽՍՀՄ-ում, հետո էլ անկախ Ուկրաինայում, Դնեպրում եղածը։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը չկարողացան արտադրել «Սատանա» դասի հրթիռի նմանօրինակը»,- ընդգծել է Գարաշչուկը։

Նա հավելել է, որ այսօրվա պայմաններում Կիևը չպետք է վախենա միջուկային զենք ստեղծելու հետ կապված միջազգային պատժամիջոցներից։

1994թ․ դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը, որը Կիևին փաստորեն զրկել է միջուկային զենքից։

Պյոտր Գարաշչուկի հայտարարության առնչությամբ, սակայն, կասկած են հայտնել ՌԴ Դաշնային խորհրդում։ Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը կասկածում է, որ Ուկրաինայի հնարավորությունները կբավեն միջուկային զենք ստեղծելու համար։

«Ուկրաինական գեներալը բլեֆ է անում, խոսելով միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ Կիևի հնարավորությունների մասին, քանի որ  երկիրը կորցրել է Խորհրդային Միությունից իրեն հասած ինտելեկտուալ կարողությունները»,- հայտարարել է Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը և հավելել, որ Ուկրաինան արդեն հասցրել է ցաքուցրիվ անել իր ինտելեկտուալ հնարավորությունները, իսկ ֆինանսական և կազմակերպչական հնարավորությունների մասին Մայդանից հետո կարելի է ընդհանրապես մոռանալ։

Ֆրանց Կլինցևիչը հիշեցրել է նաև, որ խորհրդային ժամանակներում միջուկային զենք ստեղծելու հիմնական պոտենցիալը գտնվում էր Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այնպես որ, Ուկրաինան ստիպված կլինի գործը սկսել փաստորեն զրոյից։

«Բայց եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ գեներալի խոսքերում ճշմարտության ինչ-որ մասնիկ կա, ապա, միևնույն է, Ուկրաինան հաջողության ոչ մի շանս չունի,- ասել է խորհրդարանականը։- Ինչպես հին անեկդոտում՝ «Դե, ուտելը՝ կուտի, բայց ո՞վ կտա, որ նա էլ ուտի»։

Բացի դրանից, Կլինցևիչի խոսքերով, «ժամանակակից աշխարհում բառացիորեն բոլորը հիանալի հասկանում են, որ Հյուսիսային Կորեայի ստեղծած խնդիրներն այսօր բացարձակապես չնչին կլինեն, համեմատած այն սպառնալիքների հետ, որ կստեղծի միջուկային զենքի տիրացած Կիևը»։