Քրիստոսի աստվածությանն ու հրաշքներին չհավատացող նրա առաջին հակառակորդները Հիսուսի պատմական անձ լինելը չէին ուրանում, ինչպես այսօր ոմանք․․․

Քրիստոսի մասին հեղինակավոր պատմիչների վկայությունները․ նրանց նպատակը միայն ճշմարտությունը գրելն էր։

Գրելով այն մասին, որ Հիսուս Քրիստոսի պատմական անձ լինելու վերաբերյալ հեղինակավոր պատմիչների վկայությունները շատ-շատ են, Սերժ Մայիլյանն իր «ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» գրքում (ՄԱՍՆ Ա) շարունակել է.

«Բերենք մի քանի օրինակ միայն։ Հիսուսի ժամանակներում ապրել և գործել են հեղինակավոր պատմիչներ, որոնց նպատակն էր միայն ճշմարտությունը գրել և ոչ թե առասպելներ հորինել։ Քրիստոսի մասին շատերն են գրել իրենց երկերում՝ թե՛ հրեա, թե՛ հեթանոս և թե՛ քրիստոնյա հեղինակներ։ Վերջիններից կարիք չկա օրինակներ բերել, որովհետև ամբողջ մատենագրությունը Հիսուսի մասին է (հատկապես հայ պատմագրությունը)։ Ավելի կարևոր են քրիստոնեության հակառակ եղողների վկայությունները, մասնավորապես հռոմեացի, հույն և հրեա պատմիչների։ Ամենից հայտնիներն են.

  1. Տակիտոսի վկայությունը (մոտ. 116 թ.). «Ներոն կայսրը Հռոմի մէջ հրահանգել էր հրդեհի պատճառը քրիստոնեաների վրայ գցել… չարաչար պատժում էր իրենց համար ատելի այդ մարդկանց, որոնց ժողովուրդը քրիստոնեայ էր անուանում։ Այս անուանումը նրանք վերցրել էին Քրիստոս անունով մէկից, որին Տիբերիոսի ինքնակալութեան օրօք Պոնտացի Պիղատոսը մահուան դատապարտեց» (Տակիտոս, Տարեգիրք, ԺԵ, գլ. ԽԴ)։ Այստեղ ակնարկված է Հռոմի 64 թ. հրդեհը, երբ նահատակվեցին Պողոս և Պետրոս առաքյալները։
  2. Սուետոնիուսի վկայությունը (մօտ 120 թ., «Տասներկու կեսարների կյանքը» գրքից). «Կղօդիոս (Կլաւդիոս) կայսրը Հռոմից վտարեց այն հրեաներին, որոնք Քրիստոսի ազդեցութեան տակ անկարգութիւնների պատճառ էին հանդիսանում»։ Հռոմեացիներից հայտնի են նաև Պլինիոսի վկայությունը (112 թ.), Ադրիանոս կայսեր հրովարտակը, Ղուկիանոս Սամոսացու (Բ դ) վկայությունը և այլն։

Հրեաներից հիշենք Հովսէփոսին (ծնվել է Յ. Տ. 37 թ.), որի երկերը լեցուն են Հիսուսի մասին տեղեկություններով (թե՛ «Հռոմէական պատերազմում» և թե՛ «Հրէական հնախօսութիւններում», և Թալմուդը (հրեական ավանդությունները պարունակող գիրքը)։ Այստեղ հիշատակված են Յիսուսի կուսական ծնունդը, հրաշքները, մահը, գերեզմանի դատակ լինելը և այլն։

Հեթանոս և հրեա պատմիչների գրածները ցոյց են տալիս նաև, որ Քրիստոսի առաջին հակառակորդները, չհավատալով Նրա աստվածությանը և հրաշքներին, այնուամենայնիվ Նրա պատմական անձ լինելը չէին ուրանում»։