Հանուն ինչի՞ են ապրում ու ձգտում մեզանից շատերը

1987-1988 թվականներին ամեն ինչ սկսվեց բնապահպանական խնդիրների բարձրաձայնմամբ, հետո այն շատ արագորեն վերաճեց ազգային-ազատագրական պայքարի (Արցախ և անկախություն), ի վերջո, կատարվեց բուրժուական հեղափոխություն, ավելի ճիշտ, հասարակարգի ապօրինի և հակասահմանադրական (առանց ժողովրդի կամքը հարցնելու) փոփոխություն և անցում վայրի կամ քարանձավային կապիտալիզմի։ Արդյունքում՝ մենք հայտնվեցինք շուկայական սոցիալ-տնտեսական հարաբերությունների տիրույթում, որտեղ, բնականաբար, գերագույն արժեքը փողն է և, ընդհանրապես, նյութը։ Ու սկսվեց մրցավազք այդ գերակա արժեքի ձեռքբերման համար, որի ընթացքում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կարելի է, արդարացվում է նպատակ-արժեքին հասնելու ցանկացած մեթոդ և ուղի։ Չէ՞ որ գրեթե բոլորը ձգտում են նրան, ինչը մեր «մեծագույն արժեքն» է։ Նույնիսկ Երևանի տարբեր վայրերում կարելի է տեսնել հսկայական գովազդ-պաստառներ, որոնց վրա կա միարժեք պնդում՝ «Մեր արժույթը մեր արժեքն է»։ Խոսքն, իհարկե, կրկին փողի մասին է։

Ես զարմանում եմ, երբ մարդիկ զարմանում են խիղճը մի կողմ նետած ու փողի հետևից վազող թալանչիների, կողոպտիչների վրա։ Պարզապես գրեթե յուրաքանչյուրն այդ մրցավազքին մասնակցում է իր խղճի ու բարոյականության դեֆիցիտին ու ունակություններին համարժեք կերպով։ Եթե երկրում շրջում են թղթադրամներ, ապա անպայմանորեն կլինեն մարդիկ, որոնք դրանցից շատ ունեն (ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը), իսկ մյուսները՝ այս կամ այն չափով քիչ։ Չէ՞ որ թղթադրամների (արժեքի) քանակը սահմանափակ է։ Իմ մանկական տարիներին հասակակիցներս երազում էին դառնալ տիեզերագնաց, տանկիստ, բժիշկ, դերասան և այլն։ Իսկ այժմ երեխաների երազանքն է բիզնեսմեն, պատգամավոր, իշխանավոր դառնալը, որովհետև այսօր նշված կարգավիճակներն ու պաշտոններն են «գերագույն արժեքին» հասնելու երաշխիքները, իսկ որպես միջոց հիմնականում ծառայում են թալանը, կաշառքը, հարկերը թաքցնելը և նման այլ բաներ։

Շուկան համակել է գրեթե ամեն ինչ, բոլոր ոլորտները՝ կրթությունը, առողջապահությունը և այլն։ Նույնիսկ կրթական հաստատությունների այսպես կոչված «ռազմավարական ծրագրերի» առանցքային հասկացությունը շուկայի համար «որակյալ» մասնագետների պատրաստումն է՝ առողջապահական շուկայի, կրթական շուկայի, մշակութային շուկայի․․․ Դարձյալ չմոռանանք, որ շուկայի գերագույն արժեքը փողն է, ու թե ինչպես է վաստակվում այդ փողը նշված ոլորտներում, շատերի համար, ցավոք, արդեն ամենևին էլ էական չէ։ Որքան էլ դժգոհենք առողջապահության, կրթության ու այլ ոլորտներում տիրող իրավիճակից, դա անպտուղ է, քանի դեռ գերագույն արժեքը մնում է նույնը։

Մենք անընդհատ նոր ակնկալիքներով սպասում ու նայում ենք, թե նոր իշխանությունները ինչ քայլեր կկատարեն երկրի ու ժողովրդի բարօրության համար։ Եվ ամեն անգամ խորը հիասթափություն ենք ապրում, որ ոչինչ չփոխվեց։ Ու չենք հասկանում, թե ինչը չփոխվեց և ինչու չփոխվեց։ Առավել ևս չենք կարող որևէ փոփոխություն ակնկալել ու տեսնել մի պայմաններում, երբ գերագույն արժեքը մնում է նույնը։

Նախկինում մեզանից շատերի արժեքներն էին ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը, մշակույթը, գիտությունը, կրթությունը․․․ավանդույթը։ Իսկ այժմ մենք բոլորս կամ պետք է համակերպվենք տիրող իրավիճակին ու ներգրավվենք փողի մրցավազքին, կամ էլ․․․

 

Վարդան Հայրապետյան