Գործող իշխանությանը ձեռնտու են բարիկադները

Ընթացիկ քարոզարշավի, ընտրությունների և ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին մեր հարցերին պատասխանում է Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը՝ կիրառվող տեխնոլոգիաների, որակական փոփոխությունների առումով, և ի՞նչ սպասումներ կան առաջիկա ընտրություններից:

– Իշխանափոխությունից հետո երկրում առկա ոչ հավասարակշիռ տրամադրությունների պայմաններում անհնար է կշռադատված, ռացիոնալ ընտրություններ անցկացնել, և ապագա խորհրդարանն այդ իսկ պատճառով չի արդարացնելու իրական հասարակական սպասումները:

Մեր բոլոր մտահոգություններին ավելանում է ևս մեկը՝ այն, որ հաջորդ խորհրդարանը լիարժեքորեն չի արդարացնելու այն սպասումները, որոնք հասարակությունն ունենալու է: Ակնհայտ է, որ էյֆորիան նահանջելու է, հետիշխանափոխական ժամանակահատվածից վեց ամիս, մեկ տարի հետո հասարակության կյանքը վերադառնալու է բնականոն հուն, մարդիկ նորից բախվելու են կենցաղային խնդիրներին, և դրանց ավելանալու են նաև այլ մտահոգություններ, ավելի լուրջ խնդիրներ տարբեր ոլորտներում: Իսկ քանի որ այս ընտրություններից հետո բացարձակապես ոչ քաղաքական խորհրդարան կձևավորվի՝ մեծ մասամբ անփորձ, երկրում գոյություն ունեցող մարտահրավերներին, սպառնալիքներին դիմագրավելուն անպատրաստ պատգամավորներով, ապա արդյունավետ որոշումներ դժվար թե կայացվեն՝ մարդկանց համար ավելի բարեկեցիկ, անվտանգ կյանք ապահովելու համար:

Հետևաբար կոչ եմ անում մեր հասարակութանը՝ սթափ վերաբերվել բոլոր ընտրություններին: Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը հասարակության մի մասի համար հերոս է, բայց նրա թիմում կան մարդիկ, որոնք թեև խորհրդարանում մեծամասնություն են կազմելու, բայց որևէ կերպ չեն կարողանալու բարդ իրավիճակներում կայուն և անվտանգ զարգացում ապահովել մեր երկրի համար:

Այն, որ իշխանական ուժերը խորհրդարանում մեծամասնություն են կազմելու, անվիճելի է, և այդ առումով Հանրապետական կուսակցության մրցապայքարն այս քարոզարշավում, թվում է, այլ քաղաքական ուժերի դեմ պետք է լիներ, որոնք ներկա դրությամբ ձեր իրական մրցակիցներն են: Մինչդեռ, ամբողջ քարոզարշավն ընթանում է ձեր և «Իմ քայլը» դաշինքի միջև սուր պայքարով: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

– Մենք հնարավորություն չենք ունեցել այլ քաղաքական ուժերի հետ մրցակցային պայքարի մեջ մտնել, որովհետև ամբողջ քարոզչական դաշտը լցված է հակահանրապետական քարոզի մեծ չափաբաժնով, և դա իրականացվում է գործող իշխանությունների կողմից:

Այս նախընտրական գործընթացն ինձ հուշում է և աստիճանաբար համոզում այն բանում, որ ընտրություններից հետո կորցնելու ենք ժողովրդավարության մեր բոլոր ձեռքբերումները և ուղղակի կամ անուղղակի բռնապետության, դիկտատուրայի տարրեր են մտնելու մեր կառավարման համակարգի մեջ: Սա ևս մեծ նահանջ է լինելու: Որքան էլ գործող իշխանությունները հայտարարում են, թե ժողովրդավարության ոլորտում աննախադեպ ձեռքբերումներ ունեն, և աշխարհը ողջունում է դա, համոզված եղեք՝ աշխարհը կույր չէ, որպեսզի ողջունի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ինչն աստիճանաբար մեզ հեռացնում է ժողովրդավարությունից:

Հետևաբար մինչև քարոզարշավի ավարտը լավ կլինի, որ ընտրողները, որոնք ի զորու են մտածելու, վերլուծելու, ևս մեկ անգամ ծանրութեթև անեն իրենց որոշումը: Այդ մարդիկ իրական հնարավորություն ունեն ապագա խորհրդարանի համար ձևավորելու լուրջ հակակշիռներ: Առանց հակակշիռների, միակողմանի ճանապարհները միշտ փակուղի են տանում: Երկկողմանի ճանապարհն է կենսունակ: Իսկ ովքեր չեն մտածում, տարբեր տրամադրությունների ու ազդեցությունների տակ ընկնող են, Աստված իրենց հետ: Ընտրությունները պետք է կատարել սեփական համոզմունքներից, սկզբունքներից ելնելով, ոչ թե էյֆորիայի, ամբոխավարության, այլ մարդկանց տրամադրությունների ազդեցությամբ կամ առաջնորդվելով միայն նախկին իշխանություններից ունեցած դժգոհություններով։

Նախքան քարոզարշավը, վարչապետի պաշտոնակատարը նախկին և ներկա իշխանությունների միջև բարիկադները քանդելու, համագործակցելու կոչեր էր անում և այնպիսի տպավորություն էր, որ նախընտրական շրջանն անցնելու է այդ նշանաբանով: Այնինչ քարոզարշավի ընթացքում համոզվեցինք, որ, այնուամենայնիվ, հներին քավության նոխազ դարձնելու և հասարակությունը սև ու սպիտակների բաժանելու նրա մարտավարությունը չի փոխվել: Ինչո՞վ եք բացատրում նրա այդ հակասական տրամադրությունները:

– Եթե Նիկոլ Փաշինյանը հասարակությանը չբաժանի հեղափոխականների ու հակահեղափոխականների, չի կարողանա կառավարել, մանիպուլյացիայի ենթարկել: Նա չի կարող կառուցողական ղեկավար լինել, քանի որ դա նշանակում է խոսել խնդիրների մասին և դրանց լուծումներ առաջարկել: Գործող իշխանությանը ձեռնտու են բարիկադները: Նրանք, իհարկե, կհայտարարեն բարիկադներ քանդելու մասին, սիրո և հանդուրժողականության մթնոլորտի, բայց արդյունքում ձևավորում են ատելության, անհանդուրժողականության միջավայր, այդպես մարդկանց կարող են համոզել, որ ընտրություններից հետո լավ է լինելու, կյանքը փոխվելու է: Դա, իհարկե, խաբկանք է, և գործող իշխանության ընտրազանգվածը հենց այդ փաստի առջև է կանգնելու և նորից հիասթափություն է ապրելու:

ՀԱՊԿի առնչությամբ կառավարության դիրքորոշումը մինչև հիմա հստակ չէ, վարչապետի պաշտոնակատարը մեկ կռիվ է տալիս գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, մեկ էլ հայտարարում է, թե դա մեզ համար երկրորդական խնդիր է: Այնինչ Հանրապետական կուսակցությունը չափազանց կարևորում է այդ պաշտոնում Հայաստանի թեկնածուի առաքելությունը:

– Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեզ համար երկրորդական-երրորդական լինել: Մենք հստակ բացատրում ենք, թե որքան կարևոր է, որ այդ պաշտոնը ստանձնի մեր երկրի ներկայացուցիչը: Եթե կարևոր չլիներ, ապա ինչո՞ւ են պետություններն այդքան կռիվ տալիս, պայքարում դրա համար, որ ռոտացիոն սկզբունքով պաշտոնն անցնի այս կամ այն պետությանը: Եթե կարևոր չլիներ, մի մենեջերի կնշանակեին քարտուղարության աշխատանքներն իրականացնելու համար, իսկ քաղաքական որոշումները կկայացնեին իրենց ուզածով: Բայց այդպես չէ: Եթե մեկ այլ պետություն ստանձնի այդ պաշտոնը, մեր պետության սահմաններին սպառնալիքի դեպքում մենք գործ ենք ունենալու օտարի հետ: Իսկ օտարը որքանո՞վ կարող է մեր երկրի սահմաններին սպառնալիքների դեպքում ճիշտ և ժամանակին կողմնորոշվել օգնություն տրամադրելու հարցում, արդյոք սրտացավորե՞ն կզբաղվի խնդրի լուծմամբ, թե ոչ, արդյոք հետկուլիսային արհեստական խոչընդոտներ չի՞ ստեղծի մեզ համար, այնքան էլ ընկալելի է: Մարդիկ ձախողել են այդ ոլորտում, իսկ երբ աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է: Միայն սեփական շահերի դեմ գործող կամ գործընթացից գաղափար չունեցող մարդը կարող էր նման հայտարարություն անել կամ Հայաստանին զրկել նման հնարավորությունից:

Նորից հիշեցնեմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի առաքելությունը մեզ համար հեղինակություն ապահովելու, լուրջ և վստահելի գործընկերոջ վարկանիշը պահպանելու, այդ կառույցում մեր դիրքերն ամրապնդելու, ուժեղացելու, մեզ համար ձեռնտու որոշումներ կայացնելու, բանաձևեր ընդունելու հնարավորություններ է տալու:

 

Թագուհի Ասլանյան