Քրիստոնյա՞ ենք արդյոք մենք

Մեզանից շատերն այս հարցին անմիջապես կպատասխանեն՝ իհարկե, այո՛:

Հպարտությամբ կասեն, որ մենք առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, և որ հաճախում են եկեղեցի, մոմ վառում, մկրտություն են ստացել, ամուսնացել եկեղեցական ծեսով և այլն:

Բայց արդյոք սա բավարա՞ր է քրիստոնյա կոչվելու համար․․․ Մենք վաղուց արդեն մոռացել ենք, որ քրիստոնյա լինելը, առավել ևս՝ առաջին քրիստոնյա ազգ կոչվելը, ոչ այնքան հպարտանալու, պարծենալու կամ ինքնագոհության առիթ է, որքան պարտավորություն ու պատասխանատվություն: Պարտավորություն ու պատասխանատվություն Աստծո առջև, մեր հայրերի, պապերի ու նախնիների առջև, ովքեր արժանացան քրիստոնյա կոչվելու պատվին ու պատվով էլ կրեցին Խաչը:

Այսօր մենք ընդվզում ենք, բարկանում ու փորձում պայքարել մեր ազգին ու հավատքին օտար, անհարիր ու վնասակար երևույթների՝ համասեռամոլության, աղանդավորության և այլ դրսևորումների դեմ: Անշուշտ, դա կարևոր է ու խիստ անհրաժեշտ: Բայց արդյոք մեզանից բոլո՞րն են իրենց վարքով, կենցաղով ու գործով արժանացել այդ պայքարը տանելուն ու կարող են հաջողությամբ պսակել դա, եթե չեն պահպանում ու կատարում Աստծո պատվիրանները:

Մենք մոռացել ենք, որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով ու նմանությամբ, ասել է թե՝ սիրելու ու արարելու առաքելությամբ: Մինչդեռ, մենք ատում ու քանդում ենք: Բամբասում ենք, չարախոսում, նախանձում, հայհոյում ու հետն էլ… խաչակնքվում: Թալանում ենք, կեղեքում և եկեղեցիներ կառուցում (կարծես թե կաշառում ենք Աստծուն, որպեսզի մեր պիղծ գործերը չնկատի): Հաճախ եմ տեսնում, որ երթուղային տաքսու վարորդի խցիկը «զարդարված է» սրբապատկերներով, բայց ինքը չարությամբ հայհոյում է ուղևորներին և այլ վարորդներին: Տեսնում ենք նաև երիտասարդների, որոնք ամեն անգամ եկեղեցու հանդիպելիս, հանդիսավոր կերպով խաչակնքվում են ձեռքով, որի վրա սատանայի գլխի ու մասոնական խոհրդանիշների դաջվածք կա, կամ երբ երիտասարդը խաչակնքվելուց հետո, անմիջապես զանգահարում է ընկերոջը և ասում․ «Կնոջս երեք օրով ուղարկել եմ զոքանչանոց, էն աղջկեքին վերցրա, գնանք սաունա, մի քիչ տժժանք»: Այսպիսի դեպքերի հաճախ կարելի է հանդիպել։ Համոզված եմ, որ այս ամենը բոլորս ենք տեսնում, բայց արդյոք նկատո՞ւմ ենք ու հասկանում․․․

Մեր ազգին սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե ինչ-որ տնտեսական շրջափակումներն են ու ճգնաժամերը, ոչ թե թշնամաբար տրամադրված հարևաններն են ու նրանց կողմից հրահրվող պատերազմները, ոչ թե աղանդներն են և այլ այլանդակությունները, այլ քրիստոնեության բացակայությունը մեզանում: Վերաձևակերպելով մեծն Ստանիսլավսկու խոսքերը, կարելի է ասել՝ սիրենք քրիստոնեությունը մեր մեջ, այլ ոչ թե մեզ՝ քրիստոնեության մեջ:

Ու թող յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի՝ քրիստոնյա՞ է, արդյոք, ինքը, սթափվի ու հետո նոր միայն քայլ անի:

 

Վարդան Հայրապետյան