Իրանի տնտեսությունը ողջ է՝ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների

Դեկտեմբերի 3-ին Իրանը պաշտոնական տվյալներ հրապարակեց այն մասին, թե տնտեսական առումով երկիրն ինչպես է ընթանում, ինչ գրաֆիկով։ Իրանի Մաքսային վարչությունը (IRICA) հայտարարեց, որ իրանական 1397 թվականի առաջին 8 ամիսների (2018 թ. մարտի 21-ից մինչև նոյեմբերի 21-ը) ընթացքում Իրանի արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը (սալդոն) հասել է 2 մլրդ դոլարի։ Մաքսային վարչության կայքում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, «իրանական ոչ նավթային ապրանքների արտահանման գումարը կազմել է 31,491 մլրդ դոլար (զանգվածը՝ 75,27 մլն տոննա)»։ Նշված 8 ամսում, անցյալ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ, արտահանումն ավելացել է 12,9%-ով։ Այդ ընթացքում Իրան ներկրվող ապրանքների ծավալը կազմել է 21,549 մլն տոննա, գումարը՝ 29,549 մլրդ դոլար, այսինքն՝ պակասել է 12,58%-ով։

Արտահանման ամենակարևոր հոդվածներ են հանդիսացել գազային կոնդենսատը՝ 2,776 մլրդ դոլարի, հեղուկացված պրոպանը՝ 1,339 մլրդ դոլարի, և 1 մլրդ դոլարի թեթև յուղերն ու այլ ապրանքներ, բացի բենզինից։ Բացի դրանից, նույն  ժամանակահատվածում արտահանվել է 986 մլն դոլարի մեթանոլ և հեղուկացված բնական գազ։ Ըստ վիճակագրության, նավթաքիմիան կազմում է Իրանի արտահանման ծավալների 32,93%-ը, իսկ գազային կոնդենսատը՝ 8,81%-ը։ Իրանական «Mehr News»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 3-ին Իրանի խորհրդարանի կառավարող խորհրդի ներկայացուցիչ Բեքրուզ Նեմաթին հավաստիացրել է, որ հաջորդ ֆինանսական տարում՝ 2019 թ. մարտից, «չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին», նավթային արտահանումը կանցնի օրական 1 մլն բարելի սահմանը։ Բեքրուզ Նեմաթիի խոսքերով, կառավարությունն ըստ այդմ հաշվարկված բյուջեն դեկտեմբերի 5-ին կներկայացնի խորհրդարանի քննարկմանը։ Կանխատեսվող ծավալները կհաշվարկվեն՝ ելնելով բարելի մոտավորապես 60 դոլար արժեքից։

Դոլարի փոխարժեքը հաջորդ ֆինանսական տարվա համար կանխատեսվել է 80 000 իրանական ռիալի մակարդակով։ Ներկայումս ազատ շուկայում այդ փոխարժեքը կազմում է 110 000 ռիալ, բայց իրանական տնտեսագետները կոչ են անում խուճապի չմատնվել. ազգային արժույթի ցածր փոխարժեքը, ըստ էության, օգնում է իրանական արտահանմանը միջազգային ասպարեզում։ Նշենք, որ նոյեմբերի 4-ից ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները գործում են արդեն պաշտոնապես, թեև աշխարհին հայտնի է, որ իրականում Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականությունը վերսկսվել է մայիսից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ «միջուկային համաձայնագրից»։

Դեկտեմբերի 2-ին Իրանի հանրությանը հաշվետվություն է ներկայացրել էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը։ Նա պատմել է Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի և այն մասին, որ ռուս գործընկերոջ համար հիմնավորել է ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը տարբեր ասպարեզներում։

«Tasnim News»-ի հաղորդմամբ, Արդաքանյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին առնչվելով, Իրանն ու Ռուսաստանն ընդհանուր տեսակետներ ու փոխըմբռնումներ ունեն և սկսել են Վաշինգտոնի ամբարտավանության համատեղ դիմակայումը։ Նա պատմել է նաև Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման մասին և հավելել. «…Ամերիկյան սահմանափակումներն եզակի հնարավորություն են ընձեռում բնական ու մարդկային ռեսուրսների զարգացման համար՝ ամրացնելով ու զարգացնելով երկու երկրների համագործակցությունը»։

Ռեզա Արդաքանյանը նաև ռուս-իրանական հանձնաժողովի համանախագահն է, և գտնվելով Մոսկվայում, նա իր ռուս գործընկեր Ալեքսանդր Նովակի հետ քննարկել է հանձնաժողովի 14-րդ նիստին ընդունված որոշումների կատարման հսկողությունը և Թեհրանում անցկացվելիք հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ նախարարին ուղեկցում էր բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր սեկտորի 10 հոգուց բաղկացած պատկառելի պատվիրակությունը։

Ս.թ. մարտին հանձնաժողովի՝ Մոսկվայում կայացած 14-րդ նիստի ժամանակ 14 հուշագիր է ստորագրվել էլեկտրաէներգետիկայի, միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրի, մաքսային և բանկային գործառույթների ասպարեզներում, և դա սահմանը չէ. Թեհրանն ու Ռուսաստանը պատրաստ են ավելացնել տեմպերը և ծավալները։  IRIB պետական հեռուստաընկերությանը Ռեզա Արդաքանյանը հայտնել է, որ ռուսական խոշոր ընկերության հետ մեկտեղ, Իրանը պատրաստ է սկսել համագործակցությունը խոշոր գազային տուրբինների արտադրության ոլորտում, և մոտ ժամանակներս ռուսական ընկերությունը կսկսի աշխատել իրանական «MAPNA Generator Engineering and Manufacturing Company» («Pars») ընկերության հետ. «Հզոր ռուսական ընկերությունը մեծ հետաքրքրություն դրսևորեց գազային տուրբինների համատեղ արտադրության հանդեպ և ռուսական շուկայում կներկայացնի իրանական արտադրանքը՝ փոխարենը ստանալով տուրբինների արտադրության նոու-հաուն»։

Բանակցություններ են վարվում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի էներգահամակարգերի մասնակցությամբ Ռուսաստանի և Իրանի էներգահամակարգերը սինխրոնիզացնելու ուղղությամբ։

Համառոտ պատմենք նաև այն մասին, թե ինչ գաղափար է ներկայացրել նախարար Արդաքանյանը։ Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել գիտության և տեխնիկայի ասպարեզում. անցյալ տարվա մարտին իրանական հետազոտողները մեծ հզորության և արդյունավետության գազային նոր տուրբին են ստեղծել և գործարկել այն երկրի ներսում և Իրաքում։ Ժամանակ առաջ տուրբինի նախագծողներից մեկը՝ Մորթեզ Նեզամաբադին, «Fars News» գործակալությանը հայտնել էր. «B2MAP գազային տուրբինն ամբողջապես նախագծվել և գործարկվել է իրանական ինժինիրինգային ընկերության կողմից։ Նոր տուրբինն ունի 185 մեգավատ հզորություն և 36,4 տոկոս արդյունավետություն։ Այդ տուրբիններն օգտագործվել են Իրաքում էլեկտրակայաններ կառուցելու նախագծերում, ինչպես նաև իրանական Ալիաբադ և Ասսալույե քաղաքներում»։

Այսպիսով, թեև ամերիկյան պաշտոնապես հայտարարված պատժամիջոցներն, արդեն մեկ ամիս է, գործում են, իրանական տնտեսությունը չի կործանվել և ընկնել էլ չի պատրաստվում։ Ավելին. Ռուսաստանի հետ համագործակցելով, Իրանը ծրագրեր է նախապատրաստում «հարձակման անցնելու» և տնտեսական ճակատում ԱՄՆ-ին հակազդելու։ Եթե այս ամենին հավելենք, որ, IRNA գործակալության հաղորդմամբ, Պակիստանի նավթի նախարար Գուլյամ Սարվար Խանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավարտին հասցնել Իրան-Պակիստան գազատարի նախագիծը (IP կամ «Խաղաղություն» գազատար), ապա, մեր կարծիքով, Հայաստանում բոլորը պետք է հասկանան, որ մեր տարածաշրջանում ապագան պատկանում է Իրանին, և ոչ թե՝ ԱՄՆ-ին։

Պակիստանցի նախարարն, ի դեպ, մի հայտարարություն էլ է արել, որը շատ ուսանելի է նաև Հայաստանի չինովնիկների համար. «Պակիստանը կիրագործի այս նախագիծը։ Ես հրավեր եմ ստացել Իրանի նավթի նախարարից, բայց երթուղին դեռ ծրագրված չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ապա Պակիստանի որոշումները հիմնվելու են բացառապես սեփական ազգային շահերի վրա»։ Ընդգծենք, որ սա մի երկրի հայտարարությունն է, որը տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի խամաճիկն է եղել Հարավային Ասիայում։

 

Սերգեյ Շաքարյանց