ԱՄՆ-ի 60-օրյա վերջնագիրը Ռուսաստանին՝ ՄՓՀՀ-ի պայմանագրից դուրս գալու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշնակիցներին նախապատրաստվել առանց այս պայմանագրի աշխարհին, իսկ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհրաժարվի միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) պայմանագրի իր պարտավորություններից, եթե Ռուսաստանը 60 օրվա ընթացքում չվերադառնա համաձայնագրի կատարմանը։

Տեղեկացնելով այս մասին, INTERFAX.RU-ն մեջբերել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ-ի Պետքարտուղարի հայտարարությունը․

«Հաջորդ 60 օրվա ընթացքում նրանք (Ռուսաստանը․-  ИФ ) շանս ունեն անելու դա (վերադառնալ ՄՓՀՀ պայմանագրի կատարմանը․-ИФ)։ Եվ մենք դա կողջունենք․․․ 60 օրվա ընթացքում մենք դեռ ոչ մի համակարգ (ՄՓՀՀՊ-ին չհամապատասխանող․- ИФ) չենք արտադրի կամ տեղակայի։ Տեսնենք, թե ինչ կկատարվի այդ 60 օրվա ընթացքում»։

ՆԱՏՕ-ի դիրքորոշումը

Երեքշաբթի օրվա իր հայտարարությամբ ՆԱՏՕ-ն սատարել է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ «Դաշնակիցները եկան եզրակացության, որ Ռուսաստանը նախագծել է և սպառազինվել 9M729 հրթիռային համակարգով, ինչը խախտում է ՄՓՀՀՊ-ը և էական ռիսկեր է պարունակում եվրաատլանտյան անվտանգության համար», – նշված է փաստաթղթում։

Եվս մեկ մեջբերում նույն հայտարարությունից․ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ շտապ կարգով վերադառնալ ամբողջական և ճշգրիտ կատարմանը (ՄՓՀՀՊ-ի․- ИФ)։ Հիմա պայմանագրի պահպանումը կախված է Ռուսաստանից», – ասված է փաստաթղթում։

Հայտարարության համաձայն, դաշինքն ու ԱՄՆ-ը վերջին 5 տարիների ընթացքում Ռուսաստանին բազմիցս հայտնել են ՄՓՀՀՊ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ իրենց անհանգստության մասին։ Սակայն, դաշինքի վարկածով, Ռուսաստանն ընդամենը ընդունել է 9M729-ի գոյության փաստը, բայց տեղեկություններ չի հաղորդել դրա մասին։

Ընդ որում, դաշինքում հայտարարել են, որ իրենց կողմից ամբողջապես կատարում են ՄՓՀՀՊ-ն, բայց միակողմանի կատարումն անընդունելի է։

«Մենք ցավում ենք, որ ՄՓՀՀՊ-ն, հավանական է, կդադարի գոյություն ունենալ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։- Ռուսաստանը վերջին շանսն ունի ցույց տալու, որ կատարում է Պայմանագիրը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար հավելել է․ «Մենք պետք է նախապատրաստվենք առանց այս պայմանագրի աշխարհին»։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը բազմիցս հերքել է ՄՓՀՀ-ի խախտման առնչությամբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրեն ներկայացվող մեղադրանքները, պահանջել ապացույցներ, որոնք չի ստացել, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ինքն է ԱՄՆ-ին մեղադրել ու մեղադրում նույն պայմանագրի խախտման մեջ։