Ադրբեջանը սպառնացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անկանխատեսելի հետևանքների հնարավոր առաջացմամբ

Ադրբեջանն այդպես էլ չի կարողանում համակերպվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան կատարած այցերի հետ։ Հերթական հաղորդագրությունը տարածելով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն բողոքել է Սահակյանին Ֆրանսիայում, Ռուսաստանում ու ԱՄՆ-ում ընդունելու դեմ, ավելին՝  նշված պետությունների հիշյալ քայլը համարել միջազգային իրավունքների խախտում:

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է. «Ոչ օրինական վարչակազմի ներկայացուցչի այցը Մինսկի խումբը համանախագահող երկրներ, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Պաշտոնական Բաքուն միջազգային օրենքներին դեմ և անօրինական է համարել նաև առանց Բաքվի կառավարության հետ համաձայնության, օտարերկրացիների այցը Ղարաբաղ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այդ անձանց անունները ներառելով «սև ցուցակում», նրանց թույլ չի տալիս Ադրբեջան այցելել, ոմանց էլ սպառնում է քրեական հետապնդմամբ ու բանտարկությամբ։