Մարտի 1-ի երեկոյան ցույցը խաղաղ չի եղել

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննության հինգերորդ դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ, գրեթե 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Դատական այդ նիստին քննարկվել էին Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմի բողոքները՝ երկրորդ նախագահին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ինչպես նաև ներկայացվել էին դատախազների դիրքորշումներն ու առարկությունները պաշտպանական կողմի փաստարկների վերաբերյալ:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններից Արամ Օրբելյանը նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում  տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դատարանին երկու նոր միջնորդություն է ներկայացրել, որոնք վերաբերում են սույն գործին առնչվող տարբեր իրավական նորմերի սահմանադրականության խնդիրներին: Միջնորդություններից մեկի բնույթը դատավարական է, մյուսինը՝ նյութաիրավական և վերաբերվում է այն հոդվածներին, որոնցով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը:

«Դատավարական միջնորդությունը վերաբերում է այն խնդրին, թե արդյոք կալանքը կարո՞ղ է կիրառվել ինչ-որ նյութերի հիման վրա, որոնք ապացույցի՝ օրենքով նախատեսված չափորոշիչներին չեն համապատասխանում,- ասաց փաստաբանը։- Այսինքն՝ մենք հարց ենք բարձրացնում՝ արդյոք կարո՞ղ է դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությամբ անձին կալանավորելու վերաբերյալ որոշում ընդունել՝ հիմք համարելով ապացույց չհամարվող ինչ-որ նյութեր: Օրինակ՝ ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, թե տեսել է որևէ մեկին, որի անունը չի նշում, իսկ նա էլ, իր հերթին, լսել է մեկ ուրիշից, որի անունը նույնպես հայտնի չէ, թե ինչ-որ հանցավոր գործողություններ են տեղի ունեցել: Անհայտ աղբյուրից լսածն իբրև ցուցմունք ընդունելը որքանո՞վ է թույատրելի»։

Ավելի վաղ պաշտպանական խումբը հայտարարել էր, որ այս գործով դատարանին ներկայացված ապացույցները թույլատրելի չեն:

Հաջորդ միջորդությամբ պաշտպանական կողմը հարց է բարձրացրել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ: 2008թ. խմբագրված Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրույթից բացի, ներառված է եղել նաև սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ առանձին դրույթ: Հետագայում՝ 2009 թվականին, այդ հոդվածը փոփոխվել է, և այդ դրույթները ներառվել են 300.1 հոդվածում: Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռ. Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

«Սկզբում եղել է 300-րդ հոդվածը, հետո 2009թ.-ին այն փոխվել է և ի հայտ է եկել 300.1 հոդվածը: Մեր համոզմամբ, նախկին և 300.1 հոդվածները չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին: Հենց այդ պատճառով էլ ՔՕ 300-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել»,- ասաց Արամ Օրբելյանը։

Դատական նիստը սկսելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ նշեց, որ իրենց ներկայացրած միջնորդությամբ դատարանին կհորդորեն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: Նա նաև տեղեկացրեց, որ ևս մեկ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի գործին առնչվող և պաշտպանական կողմից ներկայացված տեսանյութը հետազոտվի դատարանի կողմից: Դրանում տեսագրված դրվագում, ըստ պաշտպանների, երևում է, թե ինչպես են ցուցարարները կրակում ոստիկանական մեքենայի ուղղությամբ:

Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ տվյալ տեսանյութը ներկայացված է եղել ի հավելումն բազմաթիվ այլ ապացույցների՝ ցույց տալու համար, որ մարտի 1-ի երեկոյան ցույցը խաղաղ չի եղել, ինչպես որ պնդում է մեղադրող կողմը: Ըստ նրա, մանիպուլյացիա է արվում, երբ ասում են, թե խաղաղ ցույցերը ցրվել են։

«Փետրվարի 21, 22-ից մինչև մարտի 1-ի կեսօր ընկած ժամանակահատվածում ցույցերը բոլորովին այլ բնույթի են եղել, իսկ մարտի 1-ի երեկոյան՝ բոլորովին այլ,- ասաց պաշտպանը։- Երեկոյան ցույցը խաղաղ չի եղել և դա հաստատված է բազմաթիվ քրեական գործերով: Նաև համացանցում կան հեռախոսներով արված տեսագրություններ, գոյություն ունեն դատական նիստերի արձանագրություններ, որոնցում երևում  է, որ այդ երեկոյան ցուցարարներն անգամ փորձել են թալանել այս կամ այն խանութը»:

Խոսելով մեղադրող կողմի ներկայացրած՝ պաշտպանության նախարարի՝ 2008թ․ փետրվարի 23-ին տված թիվ 0038 հրամանագրի մասին, որով, ըստ մեղադրող կողմի, մարտի 1-ին արտակարգ դրություն էր հայտարարվել մայրաքաղաքում, Արամ Օրբելյանն ասաց, որ մարտի 1-ին ստեղծված դրությունը և դրանից հետո բոլոր զարգացումները պաշտպանության նախարարի որևէ հրամանով չեն կարող կարգավորվել: Ըստ նրա, ճիշտ չէ, որ փետրվարի 23-ի խորհրդակցությունը փորձում են կապել մարտի 1-ի և դրան հաջորդող գործընթացների հետ: Դրանք իրարից անկախ գործընթացներ են:

Դատական նիստը բավական ուշ ավարտվեց՝ ժամը 18:35-ին: Նիստի ավարտից հետո Հայկ Ալումյանն ասաց, որ բոլոր հարցերի վերաբերյալ միջնորդությունները, ապացույցները ներկայացված են, բոլոր հարցերը քննարկված են և ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի:

 

Թագուհի Ասլանյան