«Ուկրաինական ազգայնականության» շահարկումը

Անկասկած է, որ համեմատաբար խոշոր քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական նախագծերում հետապնդվում են բազմաթիվ նպատակներ՝ առանցքային կամ հիմնական և հավելյալ կամ ածանցյալ: «Ուկրաինական նախագիծն», անշուշտ, ունի խոշոր աշխարհաքաղաքական նախագծի հատկանիշներ, որի օպերատիվ գործիքակազմում, որպես կարևորագույն ու բազմաֆունկցիոնալ տարր, շրջանառության մեջ է դրվել «ուկրաինական ազգայնականություն» հասկացությունը: Ինչո՞ւ…

Հետապնդվող նպատակներն ու ակնկալվող արդյունքները բազմաթիվ են, սակայն անդրադառնանք միայն մեկին, որի մասին գրեթե լռում են:

Կարծում եմ, բոլորի համար արդեն հասկանալի է, որ մարդկության սոցիալ-տնտեսական, մշակութային, կրոնական և էթնիկ համահավասարեցման խաղաղ գլոբալիզացիայի գործընթացը ձախողված է։ Որպես այլընտրանք, կրկին վերածնվում է «ազգային պետություն» հասկացությունը, և նույնիսկ արևմտյան քաղաքագետները ստիպված են խոստովանել, որ ազգային պետությունների անհետացման մասին կանխատեսումները ոչ միայն չարդարացան, այլև բոլորովին հակառակը՝ ներկայումս դրանք արդիականացվում են։ Եվ որքան էլ զարմանալի թվա, ազգային պետությունների զարթոնքի, թեևս առայժմ սաղմնային, նախանշանները նկատելի են հենց գլոբալիզացիայի առաջամարտիկներից մեկի՝ Եվրամիության երկրներում։ Այդ են վկայում եվրոպական մի շարք երկրներում ազգայնական կուսակցությունների վարկանիշի բավական կտրուկ աճն ու համապատասխան երկրների խորհրդարաններում (նաև՝ Եվրոխորհրդարանում) նրանց ներկայացվածությունը։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Եվրոպան փորձում է երկրորդ վերածնունդն ապրել, որը, սակայն, բևեռայնորեն հակասում է գլոբալիզացիայի էությանը։

Այս միտումը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել գլոբալիզացիայի «հայրերի» ու տեխնոլոգների մոտ, որոնք, իհարկե, փորձելու են կիրառել հայտնի ու բազմիցս փորձարկված մեթոդաբանություն, այն է՝ փորձել կառավարել ու ուղղորդել սեփական նախաձեռնությամբ չսկսված գործընթացը և այն հանգեցնել իրենց շահերից բխող հանգրվանի։ Դրա համար կրկին շրջանառության մեջ է դրվել «ազգայնականությունը» կամ, ավելի ճիշտ, դրա ծայրահեղ դրսևորումների բացասական հետևանքները։ Նման դրսևորման օրինակի որոնումներն ու դրա ուռճացումն այժմ որոշակի դժվարություն չեն ներկայացնում․ կա շատ հարմար մոդել՝ «ուկրաինական ազգայնականությունը»։ Վերջինիս միաժամանակյա խրախուսման ու շահարկման միջոցով եվրոպական ազգայնականներին մի կողմից ի ցույց է դրվում ազգային պետության վերականգնմանը միտված գործընթացների վտանգավորությունը, որն անխուսափելիորեն, ի վերջո, բերելու է երկրի խորը ու բազմակողմանի ճգնաժամի (Ուկրաինայի օրինակ), մյուս կողմից, եթե, այնուամենայնիվ, չի հաջողվելու կասեցնել ազգային պետությունների վերականգման գործընթացը, ապա կրկին ազգայնականության հրահրման միջոցով գործի են դրվելու պատժիչ մեխանիզմները՝ ռազմական բախումներն ու պատերազմական գործողությունները երկրի ներսում և հարևան պետությունների հետ, որից հետո նորից կարելի կլինի վերադառնալ խաղաղ գլոբալիզացիային, երբ անհաջողության կմատնվեն ազգային պետությունների վերականգման փորձերը, իսկ տվյալ հասարակարգերը «կհասկանան», որ խաղաղ բարեկեցության լավագույն միջոցը գլոբալիզացիան է։ Որպես նման հաջորդականությամբ գործընթացի կառավարման պատմական հաջողված փորձի օրինակ, ծառայում է նացիստական Գերմանիան։

Սակայն, պետք է նկատել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, դա ծայրահեղ ազգայնականության, առավել ևս՝ իրական ազգայնականության դրսևորում չէ։ Նույնիսկ շատ մեծ վերապահումներով չի կարելի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին և իշխանական վերնախավի ներկայացուցիչներին դասել ազգայնականների շարքը․ նրանք պարզապես քրեական հանցագործներ են, որոնք գործում են ազգայնականության անունից (ավելի ճիշտ կլինի ասել, որ այդ դերակատարությունը նրանց վերագրվում է որոշակի հայտնի արտաքին ուժերի կողմից)։ Նույնիսկ պատմական տարբեր ժամանակահատվածներում ուկրաինական ազգայնականության հատվածային դրսևորումները (Բանդերա և այլոց կողմից) առնչություն չունեն իրական ազգայնականության հետ։ Բացի այդ, կասկածի տակ է դրվում նույնիսկ հավաքական ուկրաինական ազգի լինելությունը, իսկ չձևավորված ազգը չի կարող ազգայնականության որևէ դրսևորում ունենալ։

Որպես վերջաբան, ընթերցողին հիշեցնենք տարբեր սոցիոլոգների, էթնոքաղաքագետների և այլ մասնագետների դիտարկումները, որ՝

– որքան տարածված է ազգայնականությունը, այնքան երկիրը բարեկեցիկ է,

– ազգայնականության բարձր մակարդակով երկրներն ավելի հարուստ են,

– ազգայնականության աճին զուգընթաց, նվազում է կոռուպցիան,

– ազգայնականության բարձր մակարդակով երկրներում ամուր են օրենքի գերակայության ավանդույթները։

 

Լևոն Անդրիասյան