ԶԼՄ-ները՝ ՌԴ նոր համակարգի մասին, որն ի վիճակի է ոչնչացնել ԱՄՆ-ի հրետանին

ԱՄՆ-ի ծանր հրետանուն սպառնում է ՌԴ ձայնա-ջերմային զենքը, հայտնում է Лайф.ру կայքը։ Աղմուկն ու կինետիկ էներգիան տեղորոշելու համար այդ համակարգն օգտագործում է 4 ձայնա-ջերմային որսիչներ, տպավորիչ կայունացնող պլատֆորմ և օպտիկա-էլեկտրոնային մոդուլ։

National Interest-ը հայտարարել է, որ ձայնա-ջերմային հրետանահետախուզման 1Б75 «Պենիցիլին» համակարգը կարող է «ամերիկյան ծանր հրետանին ոչնչացնելու նոր ձև դառնալ»։

Ամերիկյան հրատարակչությունում ճշտում են, որ տվյալների արագ տեսակավորման համար «Պենիցիլին»-ում տեղակայված են 6 սովորական և 6 ջերմազգայուն տեսախցիկներ։ Դացի դրանից, բարձր վերամբարձ կայմը, որի վրա տեղակայված է օպտիկա-էլեկտրոնային մոդուլը, կարող է հետ ծալվել։

«Պենիցիլին»-ը կարող է թիրախներ գտնել 5 վայրկյանի ընթացքում 25 կմ շառավղով տարածքում, հայտնում է պարբերականը։ Ավելին․ համակարգը կարող է տեղորոշել հակառակորդի արկերի ընկնելու վայրը։

Համակարգը նախագծած «Ռոստեխ»-ի ներկայացուցիչների խոսքերով, ինչպես նշում է ամսագիրը, որսիչներն այնքան ճշգրիտ են, որ կարող են որսալ դռան շխկոցը։ Ընդ որում, մարդկային գործոնը բացառելու համար, «Պենիցիլինն» ամբողջովին ավտոմատացված է։

Թեև, ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) համեմատ, ռուսական նոր համակարգի գործողության շառավիղը փոքր է, բայց ՌՏԿ-ները դժվարանում են հայտնաբերել թույլ ազդանշանով արկերը, օրինակ, ականանետային։  Հրետանահետախուզման ժամանակակից այլ միջոցների համեմատ, նոր համակարգի առավելություններից մեկն էլ համարվում է թշնամու հրետանու կողմից նրան հայտնաբերելու ցածր հավանականությունը։ Դա բացատրվում է նրանով, որ «Պենիցիլին»-ը չի օգտագործում ՌՏԿ-ների համար պարտադիր էլէկտրամագնիսական ալիքները։

Ձայնա-ջերմային հրետանահետախուզման համակարգն առաջին անգամ ցուցադրել են 2017 թ․։ Ներկայումս նրա փորձարկումներն ավարտվում են և 2019 թ․ սպասվում է սերիական թողարկումը։