Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ համերգ՝ Գյումրու Սև բերդում

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):
Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Մենակատարներ` Սոֆյա Սայադյան (սոպրանո), Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյան (տենոր), Արմեն Գրիգորյան (բաս): Ծրագրում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»:
1791 թ. Վերջին, մինչև իր մահը Մոցարտն աշխատել է «Ռեքվիեմի» վրա, որը, սակայն, չի հասցրել ավարտել։ Այն նրա մահվանից հետո ավարտել են Յոզեֆ Էյբլերը և Ֆրանց Քսավյե Զևսմայերը:
«Ռեքվիեմը» համարվում է համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից և Վ. Ա. Մոցարտի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը: