Լավրովի զգուշացումն ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ավիացիան դեկտեմբերի 2-ի գիշերը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի Ալ-Սախնայի տարածքի հարավում գտնվող  Ջեբալ-ալ-Ղարաբում տեղակայված Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ։ Հրթիռային հարվածը, բարեբախտաբար, միայն նյութական վնաս է պատճառել: Այս մասին հղում կատարելով այդ երկրի զինվորական մի աղբյուրի վրա, հաղորդել է Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն։

Սիրիայի կառավարությունը բազմիցս նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, պահանջել է վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները 2014թ․ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով կոալիցիա ստեղծելով, առ այսօր Սիրիայում սպանել են բազմաթիվ խաղաղ քաղաքացիների:

Նկատի ունենալով ոչ միայն վերոնշյալ, այլև նախորդած և անհամեմատ լուրջ հետևանքներ ունեցած հարձակումները, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի զորքերի տեղաշարժերն ու նրանց այլ ապօրինի գործողությունները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում Միացյալ Նահանգների միջամտության և առաջացրած լարվածության կապակցությամբ երեկ հանդես է եկել հստակ զգուշացմամբ։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Լավրովը Եփրատի արևելյան ափերին ԱՄՆ-ի զորքերի տեղաշարժերը Սիրիայի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է համարել:

ԱՄՆ-ի բանակը մտադիր է Սիրիա-Թուրքիա սահմանին անօրինական կերպով հինգ դիտակետ տեղակայել։ Քննադատելով Աստանայի բանակցությունների արդյունքում սկսված  խաղաղության գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի խափանարարությունը, Լավրովն ասել է. «Արևմուտքը Սիրիայի հարցում ոչ մի փոխարինող ռազմավարություն չունի»:

Անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը, Միացյալ Նահանգները շարունակում է հովանավորել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է ձևացնել, թե իր քայլերը ժամանակավոր են, սակայն հաշվի առնելով այդ հարցի կենսական նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, այս խաղը վտանգավոր է դառնում: