Գոնե Գերմանիայում գիտակցում են, թե որքան վտանգավոր է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության ռազմականացումը

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, նոյեմբերի 29-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հէյկո Մաասն ասել է. «Պետք է խուսափել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարաձայնության ռազմականացումից»:

Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ծագած լարվածության պայմաններում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ին: Կիրակի օրը, ինչպես արդեն հայտնի է, ուկրաինական երեք ռազմանավեր, առանց նախապես այդ նավերի անցման վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելու, անցնելով Կերչի նեղուցով, մտել էին Ղրիմի թերակղզում Ռուսաստանի ջրային տարածքներ: Ռուսական ռազմանավերը ստիպված էին եղել կրակ բացել, կանգնեցնել նրանց ու կալանել։ Միջադեպի հետևանքով ուկրաինացի զինծառայողներից երեքը վիրավորվել էին՝ ստանալով թեթև մարմնական վնասվածքներ։

Երեքշաբթի օրը Ղրիմի թերակղզու դատախազությունը ուկրաինական երեք նավերի նավաստիներին ժամակավոր կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել։ Դրանից հետո Ռուսաստանը Ղրիմի թերակղզում C-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրների նոր դիվիզիոն տեղակայելու քայլին գնաց՝ ակնհայտորեն նախապատրաստվելով իրավիճակի հետագա սրման պարագայում Ուկրաինայի կամ  ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր հարձակմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան Արևմուտքին զգուշացրել էր Մոսկվայի և Կիևի միջև լարվածության կապակցությամբ: «Սպուտնիկ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Մարիա Զախարովան հայտարարել է՝ «Արևմտյան երկրները հավանաբար տեղյակ են եղել Կերչի նեղուցում  իրականացվող  սադրիչ գործողությունների նախապատրաստման մասին», ապա հավելել․«Կերչի նեղուցում Ուկրաինայի սադրիչ քայլը, հնարավոր է, իրականացված լինի արևմտյան երկրների մասնակցությամբ: Այդ մասին են վկայում արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները և արտասահմանյան ԶԼՄ-ների քարոզարշավը»։