ԱՄՆ-ին «հաղթական նահանջ» է սպասվում Չինաստանի հետ պատերազմում

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը գաղտնիք չէ։ Թրամփի աշխատակազմը լրջորեն հավատում է, որ կարող է «ճնշել» Չինաստանին տարատեսակ պատժամիջոցներով ու առևտրային սահմանափակումներով։ Պեկինը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ին նույնով պատասխանեց։ Մինչդեռ, Միացյալ Նահանգների ու Չինաստանի տնտեսագետներին բոլորից լավ է հայտնի, որ երկու տերությունների տնտեսությունները բավականին սերտ փոխկապակցված են։ Եվ ահա քեզ անակնկալ՝ ԱՄՆ-ի փորձագետները հանկարծ ու «հիշեցին» այդ մասին․ վկա՝ փորձագետ Անատոլի Կալեցկու հոդվածն ամերիկյան «Project Syndicate»-ում։ Իսկ ԱՄՆ-ում ինչո՞ւ հանկարծ սկսեցին անհանգստանալ նախագահ Թրամփի հակաչինական քաղաքականության հնարավոր հետևանքներով։

Հաշվի չառնելով այն հավանականությունը, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը, ի վերջո, չեն հասնի համաձայնության, գոյություն ունեն առնվազն չորս պատճառ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական պատերազմի դեէսկալացիային, նույնիսկ եթե Արգենտինայում «G-20»-ի գագաթնաժողովում նախագահներ Թրամփի ու Սի Ցզինպինի հանդիպումից հետո երկու երկրները շարունակեն հարաբերությունների հետագա սրացումը։

Առաջին պատճառ, որքան էլ տարօրինակ է, կարող է դառնալ ամերիկյան աշխատատեղերի պաշտպանության հռետորաբանությունից շեղումը դեպի Պեկինին «զսպելուն» միտված ակնհայտ հակաչինական նպատակներ, ինչը կատարվեց վերջերս։ Վաշինգտոնը չի ուզում, որ Չինաստանը դառնա տեխնոլոգիական հսկա, որն ի վիճակի է ձեռնոց նետել ԱՄՆ-ի գերիշխանությանը։ Հասկանալով, որ իրեն ուզում են ներքաշել առճակատման մեջ, Սի Ցզինպինը պարզապես չի կարող իրեն թույլ տալ պարտվել «սառը պատերազմ 2․0»-ի նախնական ճակատամարտում։ Կալեցկին ընգծում է, որ ՉԺՀ նախագահը ծավալուն քաղաքական պահուստների է տիրապետում, ինչը երաշխավորում է, որ չինական տնտեսությունը առանձնակի վնասներ չի կրի ամերիկյան մաքսատուրքերի պատճառով։ Չինաստանի կառավարությունը կարող է փոխհատուցել մաքսատուրքերով պայմանավորված արտահանման կրճատումն ու բացասական տնտեսական հետևանքները՝ ներքին պահանջարկը խթանելու հաշվին։ ՉԺՀ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը 2018 թ․ գրեթե ամբողջովին պայմանավորված է եղել չինական կառավարության որոշմամբ՝ կրճատել իշխանության տեղական մարմիններին տրվող փոխառությունները, ենթակառուցվածքներում չափից դուրս ներդրումները և կայունացնել բնակտարածքների արագ աճող գներն ի հաշիվ դրամավարկային քաղաքականության խստացման։ Կալեցկու կարծիքով, տնտեսման բոլոր այս միջոցները կարելի է հեշտորեն փոխհատուցել կամ լրիվ չեղարկել, և չինական տնտեսության աճի տեմպերը նորից կնորմալանան։

Կասկածներն առ այն, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է փոխել կոշտ տնտեսական քաղաքականությունը տնտեսական խթանների ընդլայնմամբ, վերացան նոյեմբերի վերջին շաբաթների ընթացքում։ ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների՝ ներառյալ  Սի Ցզինպինը, հայտարարությունները ցույց են տալիս, որ Չինաստանը 2019 թ․ տնտեսության հետագա թուլացում թույլ չի տա, եթե նույնիսկ դա հանգեցնի բյուջեի դեֆիցիտի աճին, բանկերում փոխառական միջոցների մասնաբաժնի ավելացմանը և դրամավարկային քաղաքականության մեղմելուն։ Պատերազմների մասնակցող կառավարությունները չեն մտահոգվում պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության կամ սեփական բանկերի բալանսի մասին։

Երկրորդ պատճառը Սի Ցզինպինի պատրաստականությունն ու ունակությունն է՝ պաշտպանել Չինաստանի տնտեսությունը ցանկացած հետագա դանդաղումից, ինչը դառնում է ավելի ակնհայտ։ Այդ պատճառով Թրամփի քաղաքական հաշվարկները կարող են ճշգրտվել։ Եթե 2020 թ․ ընտրությունների նախաշեմին Թրամփն ուզում է ՉԺՀ-ի հետ առևտրում մեծ հաղթանակի հասնել, ապա նա ստիպված կլինի, որքան հնարավոր է, արագ գործարք կնքել ՉԺՀ-ի նախագահի հետ։ Դա կապված է այն բանի հետ, որ տնտեսական պատերազմի  հաջորդ փուլը, որը նախատեսում է Չինաստանից ներմուծումների մաքսատուրքերի աճը 10%-ից հասցնել մինչև 25%-ի, կարող է բոլորովին դուր չգալ ամերիկյան ընտրողին և էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ի տնտեսական հեռանկարին, քան բերել է ավելի շատ քաղաքական հռետորության վրա, քան իրական գործողությունների վրա հիմնված այս պատերազմը։

ԱՄՆ-ի տնտեսության համար հիմնական ռիսկը թաքնված է ոչ թե չինական մաքսատուրքային հակընդդեմ քայլերի մեջ (ամերիկյան ֆերմերների կամ վերազգային կորպորացիաների արտադրանքի դեմ), այլ քեյնսիանական տեսության։ (Ջոն Մեյնարդ Քեյնսը հայտնի անգլիացի տնտեսագետ է։ Քեյնսիականությունը՝ Քեյնսի տեսությունն է Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ծագած մակրոտնտեսական հոսանքների մասին– հեղ): Թրամփի համոզվածությունը, որ տուրքերը չինական ապրանքների հարկեր կդառնան և ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր կստեղծեն, հնարավոր է, իրականում օգտակար կլիներ ռեցեսիայի և համատարած գործազրկության փուլում։ Սակայն, տնտեսության աճի և զբաղվածության բարձր մակարդակի պայմաններում Չինաստանից ներկրումներին փոխարինող ներքին արտադրություն ստեղծելու հնարավորությունները շատ սահմանափակ են։

Դա նշանակում է, որ ամերիկյան մաքսատուրքերի համար ստիպված կլինեն վճարել հենց ամերիկյան սպառողներն ու արտահանողները, ինչն, իր հերթին, ԱՄՆ-ում կհանգեցնի արժեզրկման և տոկոսադրույքների աճին։ Ստացվում է, որ ամերիկյան մաքսատուրքերը չեն կարող հարվածել ՉԺՀ-ի տնտեսական գործունեությանն ու աշխատատեղերին։

Եվ երրորդը, գրում է փորձագետ Կալեցկին, Թրամփի նախկին աշխարհաքաղաքական բանակցությունները ցույց են տալիս, որ նա շատ արագ կարող է սուր հռետորությունից անցնել համաձայնության։ Այդպես էր և՛ Հյուսիսային Կորեայի դեպքում, և՛ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի բանակցությունների պարագայում։ «Հրադադարի» վերջին և անսպասելի օրինակը հակաիրանական պատժամիջոցների թուլացումն էր՝ ուղղված նավթի գների աճը 80 դոլարի սահմաններում զսպելուն։ Դա Թրամփի բանակցային ոճն է․ սկզբում «նա բարձր գոռում է, հետո սպիտակ դրոշ է ցույց տալիս», հեգնում է Կալեցկին։ G-20-ի գագաթնաժողովում ձեռք բերվելիք համաձայնությունը ճշտորեն կտեղավորվեր այս սխեմայի մեջ։ Իսկ դրանից հետո, մի քանի ամիս անց, Սի Ցզինպինի հետ մեկ այլ հանդիպման ժամանակ Թրամփը կարող էր հայտարարել ԱՄՆ-ի ևս մի «հաղթական», բայց՝ նահանջի մասին։

Եվ, ի վերջո, չորրորդը․ ոչ ոքին կամ հրադադարը լիովին ընդունելի կլիներ ՉԺՀ-ի համար և գրեթե հաստատապես ձեռնտու կլիներ Թրամփին, եթե դատելու լինենք նրա անցյալ փորձառությունից ելնելով։ Իրականում Չինաստանն արդեն ակնարկել է, որ կարող է կատարել ԱՄՆ-ի 142 պահանջների 40%-ը, որ առաջադրվել են ՉԺՀ-ի առջև 2018 թ․ սկզբից սկսած, և պատրաստ են բանակցել ևս 40%-ի հաշվով։ Մնացած 20%-ը, որ շոշափում է պետական ներդրումները տեխնոլոգիական զարգացման և արդյունաբերության ոլորտներում, քննարկման ենթակա չէ։

Հենց այդ 20%-ն է իրենց մեջ ներառնում ՉԺՀ-ի քաղաքականությունը, որն, ի վերջո, թույլ կտա ձեռնոց նետել ԱՄՆ-ի տեխնոլոգիական ու ռազմական գերիշխանությանը ընթացիկ հարյուրամյակի երկրորդ կեսում։ Վերջաբանում Կալեցկին հարց է տալիս՝ արդյոք իրականում էլ Թրամփը մտահո՞գ է, թե ինչ կլինի ԱՄՆ-ի հետ 2050 թվականից հետո։ Ամենայն հավանականությամբ, նա ավելի մտահոգ է այն բանով, թե ինչ կկատարվի 2020 թ․, երբ նա նորից ստիպված կլինի գործ ունենալ ամերիկյան ընտրողների հետ։

Մեր կարծիքով, ավելի լավ, քան իրենք՝ ամերիկյան տնտեսագետները, աշխարհում դժվար թե ինչ-որ մեկը պատկերացնի, թե որքան պատրանքային են, նույնիսկ՝ ստահոդ այն պոստուլատները, որոնց վրա Թրամփը հիմնում է իր քաղաքականությունը, մասնավորապես՝ տնտեսական, միջազգային ասպարեզում։ Նկատենք, որ ամերիկյան փորձագետը Վաշինգտոնից առաջին անգամ խոստովանում է, որ նույնիսկ հակաիրանական «պատժամիջոցներն» են հիմա ծաղրի առարկա դառնում, քանի որ ինքը՝ Թրամփն է «հետընթաց» տալիս։ Փորձագետ Կալեցկին դրան յուրահատուկ անուն է տալիս․ Վաշինգտոնի «հաղթական նահանջը»։ Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ մասշտաբներ կընդունի ԱՄՆ-ի «հաղթական նահանջը» Չինաստանի հետ առևտրային պատերազմում։

 

Սերգեյ Շաքարյանց