Թայվանը՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի լուրջ ռազմավարական առճակատման օբյեկտ

Թայվանի խնդիրը Չինաստանին խանգարում էր և խանգարում է ավելի ազատ լինել Արցախի Հանրապետության հանդեպ դրսևորվող իր քաղաքականության մեջ և, համապատասխանաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերում։ Թայվանի հարցը հին է և ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների խնդրահարույց բաղադրիչը։ Չէ՞ որ Թայվանը, ինչպես և ճապոնական Օկինավա կղզին, ըստ էության, ամերիկացիների կողմից օկուպացված տարածքներ են։ Թայվանն ու Օկինավան ԱՄՆ-ի երկու «ցամաքային ավիակիրներն» են Արևելյան Ասիայում։ Եվ դա անմիջական ռազմական սպառնալիք է մայրցամաքային Չինաստանի համար։

Հիմա, հնարավոր է, հենց Թայվանը դառնա Պեկինի և Վաշինգտոնի աշխարհառազմավարական առճակատման ասպարեզ։ Դա կապված է այն բանի հետ, որ Թայվանում ամերիկյան խամաճիկը՝ իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը (ԴԱԿ, DPP), ձախողվեց տեղական ընտրություններում։ Մինչ ընտրությունները, նա վերահսկում էր 22 քաղաքներից ու շրջաններից 13-ը, իսկ հիմա միայն 6-ը։ Մնացած 16 քաղաքներն ու շրջանները վերահսկում է Չինական ազգային կուսակցությունը («Գոմինդան», ՉԱԿ)։ Թեև Գոմինդանը ԱՄՆ-ի հին «հաճախորդն» է՝ դեռևս Չանկայշիի ու նրա որդու ժամանակներից սկսած։ Սակայն, ԴԱԿ-ի և ՉԱԿ-ի հիմնական տարբերությունը նրանում է, որ ԴԱԿ-ը կողմնակից է կղզու լիակատար անկախությանը։ ՉԱԿ-ը ՉԺՀ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի կողմնակից է։ Համապատասխանաբար, Պեկինում ընտրությունների արդյունքներն ընդունեցին լավատեսորեն, իսկ Վաշինգտոնում դրանք լուրջ պարտություն են համարում։ Մինչև վերջերս ԱՄՆ-ի համար ամեն ինչ բավականին լավ էր ընթանում։

2016թ․ սկզբում «Չինական Հանրապետության» (պաշտոնապես այդպես է կոչվում Թայվանը) ընտրություններում հաղթեց ԴԱԿ-ի ղեկավար Ցայ Ինվենը։ Նա միանգամից կոշտ ձևով հանդես եկավ որպես կղզու անկախության կողմնակից և կոչ արեց ամբողջությամբ հրաժարվել «Միացյալ Չինաստանի» քաղաքականությունից։ Տեղեկացնենք, որ միջազգային իրավաբանական եզրույթներում «Չինական Հանրապետություն» արտահայտությունը չի օգտագործվում․ Պեկինի պնդմամբ գրվում և արտասանվում է Թայբեյ կամ Չինաստան-Թայբեյ։ Այդ ժամանակից սկսած, Ցայ Ինվենն ակտիվորեն օգնում էր ամերիկացիներին առաջ մղել իրենց շահերը կղզում։ 2016 թ․ 3,8 մլրդ դոլարի մեծ պայմանագիր կնքվեց ամերիկյան «Lockheed Martin» ընկերության հետ, որով նախատեսվում է 2017−2022 թթ․ ընթացքում արդիականացնել թվով 142 թայվանական  «F-16A/B Block» 20 կործանիչները մինչև F-16V-երի մակարդակի։  F-16V տարբերակը համարվում է F-16 սերիայի կործանիչներից ամենաարդիականը։

2017թ․ ամռանն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հավանություն տվեց Թայվանին զենք վաճառելու յոթ գործարքներին՝ 1,4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Խոսքը վաղ նախազգուշացման համակարգերի, հակատանկային զենքի, տորպեդների, հրթիռների, ինչպես նաև հատուկ նշանակության ռազմական սարքավորումների մատակարարման մասին է։ 2018թ․ հունիսին Թայբեյում պաշտոնապես բացվեց Թայվանում ամերիկյան ինստիտուտի նոր մասնաշենքը։ Դա ոչ կառավարական կազմակերպություն է, որը, փաստորեն, Թայվանում Ամերիկյան դեսպանատան գործառույթներ է կատարում։ Նոր մասնաշենքը հնից երկու անգամ մեծ է, նրա շինարարության վրա ծախսվել է 250 մլն դոլար։ Ինստիտուտի կադրային համալրումն իրականացվում է Պետքարտուղարության հաստիքային դիվանագիտական և ԱՄՆ-ի այլ պետական գործակալությունների աշխատակիցներով։

Թայվանի հանդեպ մեծ հետաքրքրվածություն դրսևորեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփը։ Պաշտոնի անցնելուց բառացիորեն անմիջապես հետո Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Թայվանի նախագահի հետ, ինչն, իհարկե, բացասաբար ընդունեցին Պեկինում։ 2018թ. մարտին Թրամփը ստորագրեց Կոնգրեսի ընդունած «Թայվան ուղևորությունների մասին օրենքը»։ Համաձայն այդ օրենքի, ԱՄՆ-ի բոլոր մակարդակների պաշտոնական անձանց, այդ թվում՝ Պետքարտուղարության, Պենտագոնի և այլ գերատեսչությունների, թույլատրվում է պաշտոնական այցեր կատարել Թայվան և այնտեղից պաշտոնական պատվիրակություններ ընդունել։

ՉԺՀ դիրքորոշումը Թայվանի հանդեպ շատ որոշակի է․ այն համարվում է Չինաստանի մասը։ Համապատասխանաբար՝ Պեկինը դեմ է Վաշինգտոնի և Թայբեյի ցանկացած շփման, դեմ է նրան զենք վաճառելուն և նրա տարածքում ամերիկյան ռազմահանգրվաններ տեղակայելուն։ ԱՄՆ-ը պաշտոնապես, իբր թե, հանել է իր զորքերը Թայվանից դեռ 1979թ․։ Բայց դա՝ պաշտոնապես։ Իրականում կղզում, փաստորեն, շարունակվում է ամերիկյան ռազմական ներկայությունը։ Պեկինը մեկ անգամ չէ, որ ընդգծել է՝ Թայվանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայումը կդիտվի որպես ագրեսիայի ակտ, որն իր հետևից պատերազմ կբերի։

Կղզու մասին իր կարծիքը ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Վեյ Ֆենխեն բավականին անառարկելիորեն ձևակերպեց Սյանշանի Անվտանգության 8-րդ համաժողովում․ «Եթե ինչ-որ մեկն երբևիցե փորձի Չինաստանից անջատել Թայվանը, ապա չինական զինուժը կտրուկ գործողությունների կդիմի։ Եվ մենք ցանկացած անհրաժեշտ գինը կտանք։ Մենք երբեք չենք կորցնի մեր հողի մի թիզն անգամ, բայց և ուրիշինն էլ չենք վերցնի»։ Նախարարի կարծիքով, Թայվանի հարցը առնչվում է Չինաստանի անկախության, տարածքային ամբողջականության հետ և իրենից ներկայացնում է Չինաստանի «հիմնական շահերի կենտրոնացում»։ Վեյ Ֆենխեն նաև հավելել է․ «Շատ վտանգավոր է այդ հարցում Չինաստանին բազմիցս ձեռնոց նետելը»։ Ինչպես հայտնի է, Չինաստանը Թայվանի կողմից անկախություն հայտարարելու դեպքում պատրաստ է ռազմական գործողություններով գրավել կղզին։ Միաժամանակ պարզ է, որ առանց ԱՄՆ-ի ռազմական օգնության, Թայվանը չի դիմանա այդ առճակատմանը։

Եթե մի պահ ընդունենք, թե Թայվանում իսկապես չկան ամերիկյան զինվորականներ, ապա անհրաժեշտության դեպքում ամերիկյան օգնությունը պետք է գա կամ ծովով, կամ օդով։ Այ հենց դրանում էլ կայանում է խնդիրը։ Ամերիկյան փորձագետների կարծիքով, Չինաստանի բանակի ու նավատորմի ներկայիս մակարդակն արդեն թույլ է տալիս Թայվանին մոտ չթողնել ԱՄՆ-ի զինուժին, ընդ որում, դրա համար օգտագործելով միայն սովորական սպառազինությունները։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ Չինաստանը կազմ պատրաստ ունի փոքր ու միջին հեռահարության ավելի քան 2000 բալիստիկ, ինչպես նաև թևավոր հրթիռներ։ Դա թույլ է տալիս երշխավորված ձևով հրթիռակոծել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմահանգրվանները և ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների ռազմական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտները։ Ի դեպ, ՉԺՀ-ի հրթիռային ներուժի մասին այս ցուցանիշները փորձագետները համարում են նվազեցված։

Պարզ է նաև, որ եթե Թայվանի պատճառով ռազմական բախում սկսվի ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, ապա այն կանցնի միջուկային զենքի գործարկման փուլ։ ԱՄՆ-ը, ելնելով միջուկային սպառազինությունների ասպարեզում իր գերազանցությունից, առավել հավանական է, որ առաջինը կօգտագործի միջուկային զենք։ Բոլոր դեպքերում, Չինաստանի հետ միջուկային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակն ամերիկացիների համար ենթադրում է ահռելի կորուստներ, սակայն Թայվանի պատճառով Վաշինգտոնը  նման կորուստների գնալու պատրաստ չէ։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Թայվանի հարցում առճակատումը կսահմանափակվի տեղեկատվական, մշակութային և քաղաքական ասպարեզներում կատարվելիք գործողություններով։ Պայքարն, առաջին հերթին, գնալու է Թայվանի բնակչության համար, նրանց հայացքների ու նախընտրանքների համար։ Իսկ այստեղ արդեն սկսվում է ամենահետաքրքիրը․ Թայվանի բնակիչների նախընտրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց հիմնական զանգվածը շահագրգռված չէ կղզին դարձնել ԱՄՆ-ի կամ Չինաստանի ռազմահանգրվան։ Վերջին հարցումների համաձայն, թայվանցիների 75%-ին ձեռնտու է ներկայիս իրավիճակը, որը բնութագրվում է հարաբերական անկախությամբ ու Չինաստանի հետ սերտ տնտեսական կապերով։ Նրանք պատրաստ են զենք վերցնել միայն ՉԺՀ-ի հարձակման դեպքում։

Թվեր կան, որոնք ՉԺՀ-ի օգտին չեն խոսում․ կղզու բնակչության միայն 4%-ն է իրեն համարում չինացի, 55%-ն իրեն համարում է թայվանցի, 37%-ը՝ չինացի ու թայվանցի, 70%-ը կարծում է, որ Թայվանն անկախ երկիր է։ Սակայն, Պեկինը ձգտում է տնտեսապես կապել Թայվանը մայրցամաքային Չինաստանին։ ՉԺՀ-ի ու Թայվանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թ․ կազմել է 181,76 մլրդ դոլար։ Մոտ 20 տարվա ընթացքում այն աճել է հինգ անգամ։ Ապրանքների 30%-ն արտահանվում է Չինաստան։ 1998թ․ սկսած, Թայվանի ավելի քան 93 000 ֆիզիկական և իրավաբանական անձինք ներդրումներ են արել մայրցամաքում։ Գոմինդանի հաղթանակը տեղական ընտրություններում, իհարկե, Չինաստանի համար լավ է։ Սակայն, դա դեռ առաջին քայլն է։

2020թ․ կկայանան Թայվանի նախագահի հերթական ընտրությունները։ Չինաստանի համար շահեկան կլինի, եթե հաղթի Գոմինդանի ներկայացուցիչը։ Այդպիսի իրավիճակը Պեկինին ևս 4 տարի կտա՝ կղզին տնտեսապես մայրցամաքային Չինաստանին կապելու համար։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թայվանցիների մեջ գերակա է տնտեսական պրագմատիզմը, դա կարող է հիմք հանդիսանալ ՉԺՀ-ի հետ իրական մերձեցման համար, վերջնարդյունքում՝ Խաղաղօվկիանոսյան-Ասիական տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության համար։

 

Սերգեյ Շաքարյանց