Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանը գործել է որոշակի ճնշումների պայմաններում, այսօր էլ Վերաքննիչն է ճնշումների տակ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության երրորդ նիստն էր, որը ևս անցկացվեց դռնփակ դահլիճում, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը դատավորին տվյալ գործը քննելուց հեռանալու՝ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դատական կազմն օրենքի խախտմամբ ընտրելու հիմքով, սակայն ժամեր տևած խորհրդակցությունից հետո դատարանը մերժել էր միջնորդությունը:

Այսօր հինգ ժամ տևած դատական նիստի ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դատական նիստին իրենք ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքների հետ կապված իրենց բողոքներն ու փաստարկները, որոնք մերժվել էին Վերաքննիչ դատարանում գործն առաջին անգամ քննելու ժամանակ:

«Վերաքննիչ քրեական դատարանում առաջին անգամ մեր փաստաբանական խումբը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը, որի համաձայն, հանրապետության երկրորդ նախագահը պետք է ձերբակալվեր,- ասաց փաստաբանը:- Մենք մի քանի փաստարկներ էինք ներկայացրել մեր բողոքում, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել էր միայն անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին բողոքը, իսկ մյուս փաստարկներն անգամ չէին դիտարկվել: Մենք, իհարկե, համաձայն չէինք, որպեսզի միայն անձեռնմխելիության հիմքով մեր պաշտպանյալին ազատ արձակեին, պետք է հաշվի առնեին նաև մեր մյուս փաստարկները, որպեսզի դատական գործի հայտնի շրջապտույտը չլիներ՝ Վճռաբեկ դատարանից նորից Վերաքննիչ դատարան, հետագայում, հնարավոր է, նորից Վճռաբեկ դատարան վերադառնա գործը կամ հայտնվի Սահմանադրական դատարանում»։

Հարցին, թե ի՞նչ փաստարկների մասին է խոսքը, Հայկ Ալումյանն ասաց, որ եթե Վերաքննիչ դատարանում առաջին անգամ գործը ներկայացնելու ժամանակ դրանք երկուսն էին, ապա, որոշակի հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված, այժմ այդ բողոքները երեքն են: Նոր փաստարկն, ըստ նրա, նույնպես առաջին ատյանի դատարանի որոշման դեմ է և վերաբերում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հայտնի հեռախոսազրույցին, որից ակնհայտ են դառնում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իրական դրդապատճառները։

«Ի սկզբանե, կար երկու բողոք, որոնցից մեկը ստորագրել էին պաշտպաններից երեքը և մեկը, որը ստորագրել եմ միայն ես, քանի որ ուշ եմ ներգրավվել այս գործում,- ասաց Ալումյանը։- Մեր ներկայացրած առաջին փաստարկը հետևյալն է՝ որպեսզի դատարանն իրավունք ունենա պարոն Քոչարյանին կալանավորելու, նախ պետք է ապացուցված համարի, որ նա այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիությունից: Իսկ եթե ապացուցվի, որ անձեռնմխելիությունից չի կարող օգտվել, ապա այդ դեպքում էլ պետք է քննի՝ առկա՞ են, արդյոք, հիմնավոր կասկածներ, որ Ռոբերտ Քոչարյանը  կատարել է իրեն մեղսագրվող արարքները: Եթե նման հիմնավոր կասկածներ ի հայտ չգան, ուրեմն նրան պետք է բաց թողնեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման կասկածներ լինեն, դա դեռ բավարար չէ նրան այս պահին կալանավորելու համար: Դատարանը պետք է քննարկի՝ եթե երկրորդ նախագահը գործի քննության ընթացքում մնա ազատության մեջ, հնարավո՞ր է թաքնվի քննությունից կամ խոչընդոտի արդար քննությանը: Միայն հիմնավոր փաստարկների դեպքում կարող են նրան կալանավորել մինչև քննության ավարտը»:

Փաստաբանը նաև ասաց, որ, չնայած դրան, մամուլում ինչ-ինչ հրապարակումներ են հայտնվել, որոնցում նշված է, թե դեկտեմբերի 1-ին Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Այդ կանխակալ վերաբերմունքը լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ քննվող գործի ընթացքն ու ելքը նախապես կանխորոշված են, և դատարանի վրա կարող են ճնշումներ գործադրվել՝ հրապարակման մեջ տեղ գտած պնդումները հաստատելու համար: Հայկ Ալումյանն այդ հանգամանքը ներկայացրել է դատավորին որպես հայտարարություն, խնդրելով գործի ընթացքում այն նկատի ունենալ, սակայն դատավորը որևէ կերպ չի արձագանքել դրան:

«Նախկինում երկու նման հրապարակում է եղել, որոնք երկուսն էլ, ի վերջո, հաստատվել են,- ասաց պաշտպանը։- Եվ դա մեզ մտածելու տեղիք տվեց այս անգամ։ Ես դեկտեմբերի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կալանավորման վերաբերյալ հրապարակումը դատավորին նեկայացրեցի հայտարարության ձևով և ավելացրի, որ շատ կուզեի դատավորն ինչ- որ ձևով մեկնաբաներ այն: Բայց մեկնաբանություն չեղավ:

Կարծում եմ, նման հրապարակումները, հայտարարությունները նաև դատարանների վրա գործադրվող ճնշման մասին են փաստում: Դրանք այսօր աննախադեպ են և այլ մեխանիզմով են կիրառվում՝ վարչապետի հրապարակային հայտարարությունների ձևով, հանրության շրջանում դատավորների նկատմամբ ատելություն սերմանելու, եթե հանկարծ դատավորը համարձակվում է չիրականցնել հանրության, գործադիր իշխանության սպասելիքները, անգամ եթե օրենքը դա թույլ չի տալիս:

Ճնշումները դրսևորվում են դատավորներին պիտակավորելու ձևով: Իսկ դա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ: Որևէ դատավոր երաշխիք չունի, որ եթե մի օր որևիցե դատական ակտ դուր չգա գործադիր իշխանությանը, գործադիրը, ինչպես ժողովրդին ոտքի հանեց և ուղեկցեց Ազգային ժողովը պաշարելու, նույնը չի անի դատարանը պաշարելու նպատակով: Այդ մոտեցումները վտանգավոր են դատավորների համար, քանի որ նրանք առանց այդ էլ քիչ են պաշտպանված»:

Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքներով բերված իրենց վերաքննիչ բողոքին, Հայկ Ալումյանը պարզաբանեց՝ իրենց սկզբնական բողոքները ներկայացնելուց և Վերաքննիչ դատարանում քննելուց հետո պարզվել է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է ճնշումների հետևանքով արված վկայությունների հիման վրա, ինչն ակնհայտ դարձավ ԱԱԾ և ՀՔԾ սկանդալային հեռախոսազրույցի մանրամասները հրապարակելուց հետո։

«Երբ վարույթ իրականացնող մարմնի կողմից առաջին ատյանի դատարանին կալանավորման միջնորդություն է ներկայացվել, դա արվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներով՝ գործով ներգրավված կասկածյալի փախուստը կանխելու կամ գործի քննության ընթացքում նրա կողմից խոչընդոտները կանխելու, այլ ուրիշ անձանց ստիպելու, որպեսզի տվյալ գործի վերաբերյալ ցուցմունք տան: Այդ մասին ասվում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցում: Մենք բողոքարկել ենք այդ փաստը և դեռ հայտնի չէ՝ այն առանձին կքննվի՞, թե այս գործի հետ միասին»:

 

Թագուհի Ասլանյան