Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

Մեր հարավային հարևան Իրանը կտրուկ քայլեր է ձեռնարկում, ճիշտ է, առայժմ՝ իր արևելյան սահմաններում։ IRNA գործակալության հաղորդմամբ, նոյեմբերի 27-ին բանակի ցամաքային զորքերի հրամկազմի մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ հատկանշական հայտարարություններ է արել Իրանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին։ Թեման հասկանալի է․ ինչի՞ն և ինչպե՞ս են պատրաստ իրանական բանակն ու նավատորմը, ԻՀՊԿ-ն և այլն։ Գեներալ-մայոր Բաքերիի խոսքերով, Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։ Միևնույն ժամանակ նա ընգծել է, որ Թեհրանը «հարևան երկրներից սպառնալիքներ չի տեսնում»։

«Շնորհիվ երկրի զինուժի զգոնության, թշնամիների մտքով էլ չի անցնում հարձակվել Իրանի վրա,- ասել է Բաքերին։-  Այսօր գերտերությունները հասկացել են, որ մեր երկրի հետ ռազմական բախումը ոչ մի արդյունք չի տալիս։ Պետք է այնպես անել, որ թշնամիները չհամարձակվեն մտածել պատերազմի մասին»։

Իսկ այ, հետո, նա, այնուամենայնիվ, մի փոքր հասկացնել է տվել, որ մի ուղղություն կա, այսինքն՝ հարևան երկիր, որտեղից Իրանը մոտակա ժամանակներում որոշակի ռազմական սրացում է սպասում։

«Իրանական բանակն իր վրա է վերցրել Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանի պաշտպանության պատասխանատվությունը», – հայտարարել է գեներալը։

Նա նաև խոստացել է, որ այսուհետ պաշտպանական այդ առաքելությունն Իրանական բանակին հանձնելուց հետո, Աֆղանստանի հետ սահմանն ավելի անվտանգ կլինի։ Աֆղանստանն անվտանգության հետ կապված խնդիրներ ունի, ասել է գեներալը և պարզաբանել, որ դրա հետևանքով «ընդհանուր սահմանային կետերում դժբախտ պատահարներ կարող են լինել»։

Դժվար չէ հասկանալ, որ Իրանի բանակային ստորաբաժանումների կենտրոնացումն Աֆղանստանի հետ սահմանին՝ կապված է ԻՀՊԿ-ի ՂՈԴՍ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիի այն տեղեկատվության հետ, համաձայն որի, այս տարվա մարտ ամսից սկսած, ԱՄՆ-ը Աֆղանստան է տարհանում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչներին։ Հետագայում գեներալի տեղեկատվությունը հաստատել են և՛ Իրանի հատուկ ծառայությունները, և՛ Իրանի արտգործնախարարի նախկին տեղակալ, խորհրդարանի խոսնակի միջազգային գործերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։ Բայց սա ճշմարտության ընդամենը կեսն է․․․

Բանը նրանում է, որ հոկտեմբերի 12-ին 12 իրանական սահմանապահների և «Բասիջի» աշխարհազորայինների առևանգումից հետո իրանական բանակը կենտրոնացած է նաև Պակիստանի հետ սահմանին։ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փաքպուրը դեռևս ապրիլին սպառնում էր Պակիստանում ինքնուրույն հակաահաբեկչական գործողություն իրականացնել, եթե պակիստանցիներն իրենք չհասնեն իրանական քաղաքացիների ազատմանը։

«Մենք դա անելու ուժեր ունենք»,- ասել է նա, և գրեթե չլքելով Իսլամաբադը, բանակցություններ վարել։

Ինչպես հաղորդում էին իրանական ԶԼՄ-ները, նոյեմբերի 22-ին Պակիստանի իշխանությունները վերադարձրեցին 12 իրանական զինվորականներից 5-ին։ Սակայն, ԻԻՀ ՆԳՆ ղեկավար, դոկտոր Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի՝ դրան հետևած հայտարարությունները հասկացրեցին, որ Թեհրանը չափազանց դժգոհ է պակիստանցիների դանդաղկոտությամբ։ Ուշադիր կարդանք դոկտոր Ֆազլիի խոսքերը։

«Fars News» գործակալության հաղորդմամբ, Իրանի ՆԳ նախարարը հայտարարել է․ «Մենք սպասում ենք, որ Պակիստանը կխորացնի սահմանների անվտանգության ասպարեզում համագործակցությունը։ Թեհրանը առաջվա պես պատրաստ է համատեղ զինվորական գործողություններ իրականացնել Պակիստանի ներսում, որպեսզի ազատենք մնացած 7 զինվորներին։ Մենք ի զորու ենք և պատրաստ ենք ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնել պակիստանյան տարածքներում։ Առայժմ մենք նման միջոցներ չենք ձեռնարկել, հարգելով Պակիստանի տարածքային ամբողջականությունը՝ մի երկրի, որը ռազմավարական միասնության մեջ է մեզ հետ։ Եթե նրանք մեզ տան այդ թույլտվությունը, ապա գործելու անհրաժեշտ ուժ մենք ունենք» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Սա, ըստ էության, ուժի փափուկ սպառնալիք է։ Կարծում եմ, նախարար Ֆազլին հենց դա էլ բարձրաձայնել է․ Իրանը միշտ էլ պատրաստ է ռազմական միջոցներ կիրառել՝ լինի դա Պակիստանի հետ համատեղ, թե սեփական ուժերով։ Ընտրությունը Պակիստանինն է, քանի դեռ Թեհրանը դրան չի դիմել, բայց, ինչպես ընդունված է ասել, «մեր համբերությունն անսահման չէ», և «եթե ինչ-որ բան լինի», Իսլամաբադը չպետք է կասկածի իրանական ուժայինների վճռականությանն ու պատրաստականությանը, մասնավորապես՝ ԻՀՊԿ-ի հատուկ ջոկատայինների, քանզի Պահակազորի կազմում ոչ միայն «Ղոդս» ջոկատն է, այլև նրանց գործընկերները Սաբերին ստորաբաժանումից և այլն, և այլն․․․

Մանրակրկիտ ուսումնասիրելով արևելյան Իրանի քարտեզը, կարելի է համոզվել, որ ԻԻՀ խնդրահարույց Սիստան է-Բելուջիստան նահանգը սահմանակից է միաժամանակ և՛ Աֆղանստանին, և՛ Պակիստանին։ Իսկ Խորասանը՝ Իրանի հյուսիս-արևելյան (պատմական) նահանգը, որոշակի «անվտանգության բարձիկ» ունի՝ ի դեմս Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների, որտեղից դժվար թե ինչ-որ մեկը ռիսկ անի հակաիրանական լայնամասշտաբ «խաղեր» սկսել։ Այդ պատճառով գեներալ Բաքերին, խոսելով Աֆղանստանի հետ սահմանին բանակի հայտնվելու մասին, նրբանկատորեն լռում է, որ և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն կենտրոնացած են նաև Պակիստանի հետ սահմանին։ Առավել ևս, որ ժամանակ առաջ այդ մասին արդեն ակնարկել են գեներալ Փաքպուրն ու նախարար Ֆազլին․․․

Այդ հայտարարությունները հստակորեն համադրվում են այն տեղեկության հետ, որը լիբանանյան շեյխ, «Հըզբոլա» կուսակցության Կենտրոնական խորհրդի անդամ Հասան ալ-Բաղդադին հայտնել է «Tasnim News» գործակալությանն Իսլամական միասնության կոնֆերանսի ետնաբեմերում․ «ԱՄՆ-ը և իր դաշնակիցները չեն կարող Իրանի դեմ պատերազմ մղել, որովհետև այդ երկրի հետ ցանկացած ռազմական բախում կհանգեցնի միայն իսրայելական ռեժիմի և Պարսկական ծոցի արաբական պետությունների նավթահանքերի ոչնչացմանը»։

Այս հիշեցումը կամ նախազգուշացումը տեղին է, քանի որ Քաբուլում նստած է ամերիկյան խամաճիկ նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայը, իսկ Պակիստանը ԱՄՆ-ի ու Իսրայելի վաղեմի «հաճախորդն» է։ Նկարագրված բոլոր իրադարձությունները, կարծում ենք, պետք է նկատի ունենան նաև Իրանի այն հարևան երկրների իշխանությունները, որոնք գաղտնի կամ բացահայտ «կոալիցիայի» մեջ են մտել ԱՄՆ-ի հետ՝ հակաիրանական գործողություններին մասնակցելու համար։

 

Սերգեյ Շաքարյանց