Հայաստանի ապագան ժողովրդագրական առումով դեռ տագնապալի է, աղետը կանխելու արդյունավետ միջոցներ դեռ չեն կիրառվում

Վերջին տարիներին, վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության թիվը նվազում է, ինչը պայմանավորված է ոչ միայն արտագաղթով, այլև ծնելիության ու մահացության թվերի չնչին դրական հաշվեկշռով: Բայց, իհարկե, երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա ավելի շատ ազդել է մեծ ծավալներով արտագաղթը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 2 մլն 969 հազար 200 է, այսինքն՝ այդքան մարդ է բնակվում երկրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 10 հազար 400-ով ավելի էր: Ընդ որում, բնակչության թիվը, վիճակագրական տվյալների համաձայն, նվազել է հատկապես մարզերում։ Օրինակ՝ Լոռու մարզում ընթացիկ տարում բնակչության թիվը նվազել է 3500-ով, Շիրակի մարզում՝ 3300-ով, Արագածոտնի մարզում՝ 1600-ով:
Վերը նշվածը, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, փաստում է, որ հատկապես մարզերում են մարդիկ սոցիալապես առավել անապահով վիճակում՝ աշխատատեղերի բացակայության, գյուղատնտեսության անարդյունավետության հետևանքով: Շատերը թողնում են հողագործությունն ու անասնապահությունը, որովհետև պետությունը գյուղացուն պատշաճորեն չի սատարում՝ թողնելով եղանակային պայմանների, շուկայի ու խոշոր տնտեսվարողների քմահաճույքին։ Մեզանում այդպես էլ չներդրվեց գյուղատնտեսական ոլորտի ապահովագրական համակարգը, թեև տարիներ շարունակ եկող-գնացող կառավարությունները խոսում են դրա անհրաժեշտության մասին, իսկ սպառման շուկաները գյուղացիների համար ավելի են սահմանափակվել՝ գնորդների անվճարունակությամբ, ապրանքների արտահանման ծավալների կրճատմամբ պայմանավորված: Այնինչ գյուղատնտեսական հումքը՝ պարարտանյութերը, սերմերը, անասնակերը և այլն, տարեցտարի թանկանում է:

Նման պայմաններում ենթադրվում է, որ գյուղացին ևս պետք է բարձրացնի իր արտադրանքի գինը, բայց այդ դեպքում էլ գնորդներն են կրճատվում: Ի վերջո, գալիս է մի պահ, երբ գյուղացին նախընտրում է թողնել գյուղը և որևէ այլ աշխատանքով զբաղվել, որը մարզերում դժվար է գտնել, իսկ մայրաքաղաքում առանց այդ էլ գործազրկության բարձր ցուցանիշ կա: Միակ տարբերակը մնում է արտագնա աշխատանքը, որտեղ մեկնելուց հետո շատ քչերն են վերադառնում, իսկ վերադարձողներն էլ նախընտրում են հաստատվել մայրաքաղաքում:

Հայաստանի մյուս քաղաքներն ու գյուղերն այսպիսով աստիճանաբար դատարկվում և ամայանում են՝ ի չիք դարձնելով գյուղատնտեսական ոլորտի զարգացման հնարավորությունն ու տեսլականը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բռնած ուղին՝ երկիրն ագրարայինից տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների պետություն դարձնելու, ցավոք, շատ ավելի մեծ նախադրյալներ է ստեղծելու՝ գյուղացիներին, ֆերմերներին բարի ճանապարհ ասելու համար:

«Մեզանում այդպես էլ կյանքի չկոչվեց մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, որը նախևառաջ կապահովեր մարդկանց զբաղվածությունը, և այդպիսով նրանք կկարողանային ապրուստի միջոց հոգալ և այլ երկրներում կամ քաղաքներում աշխատանք չէին փնտրի,- մեզ հետ զրոյցում ասաց սոցիոլոգը:- Իսկ այժմ մարզերի, մասնավորապես՝ փոքր գյուղերի բնակիչների հիմնական մասն արտագնա աշխատանքի պատճառով լքել է հայրենի բնակավայրը անորոշ ժամանակով, իսկ երբեմն էլ անվերադարձ և ամբողջ ընտանիքով հանդերձ: Մինչդեռ, ներկա կառավարությունը փոխանակ այդ բացը լրացնելու, ավելի է խթանելու գյուղերի ամայացումը, խորացնելու գյուղատնտեսական ոլորտի ճգնաժամը: Մենք պետք է հիմա հակառակ դիրքերից հանդես գանք, այսինքն՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ անենք ու բյուջետային հոսքեր ապահովենք: Հայաստանը գյուղատնտեսական մեծ ներուժ ունի, որի միայն չնչին մասն է օգտագործվում, իսկ արդյունաբերությունից գրեթե զուրկ երկրի համար գյուղոլորտում նման անզգույշ, անպատասխանատու վերաբերմունքն անթույլատրելի է»։

Ահարոն Ադիբեկյանը մտահոգված է՝ որքան էլ արտագաղթը սովորական երևույթ է աշխարհի համար, Հայաստանում բազմաթիվ ռիսկեր է առաջացնում՝ նվազում է առանց այդ էլ սակավաթիվ բնակչությունը, իսկ Հայաստանը պատերազմող և զարգացող երկիր է, որտեղ մարդկային ռեսուրսը շատ կարևոր նշանակություն ունի:

Բնակչության նվազումը բացասաբար է անդրադառնում նաև տնտեսության զարգացման վրա՝ բնակչության թվի նվազման հետ փոքրանում են սպառողական շուկան, որակյալ աշխատուժը, երկիրը դադարում է օտար և տեղական ներդրումների համար գրավիչ լինելուց։

«Հայաստանում 1982թ. տվյալներով 3 միլիոն մարդ էր ապրում,- ասաց մեր զրուցակիցը։- 1992թ. դարձանք 3 միլիոն 600 հազար, իսկ 2002 թվականից սկսած, 3 միլիոնից քիչ ենք: Մինչդեռ, ծնելիությունը հաշվի առնելով, գոնե 5,5-6 մլն բնակչություն պետք է ունենայինք:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014 թվականին կազմած ցուցակում Հայաստանը ներառվել էր կրճատվող ազգաբնակչություն ունեցող երկրների շարքում, այսօր այդ առումով ոչինչ չի փոխվել, և մեր երկրի բնակչության թվի նվազման միտումը շարունակվում է: Միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության մի որոշակի ժամանակահատվածում, երբ տնտեսությունը վերելք ապրեց, բյուջեն մոտ 5-6 անգամ ավելացավ, ՀՆԱ-ն աճեց 3 անգամ՝ հասնելով 15 մլրդ դոլարի, Հայաստանում արտագաղթողների ու ներգաղթողների թվաքանակի դրական սալտո առաջացավ, այսինքն՝ Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ էին վերադառնում Հայաստան, քան հեռանում այստեղից:

2007-2008 թթ․ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեց այդ ցուցանիշների վրա, և Հայաստանից արտագաղթողների թիվը սկսեց աստիճանաբար աճել»:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, հեղափոխական էյֆորիան իսկապես նպաստել է արտագաղթի նվազմանը, բայց հաշվի առնելով հոկտեմբերից հետո տեղի ունեցած զարգացումները, կառավարության սայթաքումներն ու հասարակական բողոքները,  ընտրություններից հետո չի բացառվում, որ արտագաղթի նոր ալիք սկսվի երկրում: Արդեն իսկ մարդկանց մոտ հիասթափություն կա, քանի որ հեղափոխությունից իրենց սպասելիքները չարդարացան: Իսկ առջևում ցուրտ ձմեռն է, երբ քաղաքացիները գազի և էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել նախկին սակագներով։ Նրանք ֆինանսական դժվարությունների առաջ կհայտնվեն նաև, երբ անկանոն աշխատող հասարակական տրանսպորտին սպասելով, ցուրտ ու մութ երեկոներին, վերջում ճարահատված գումարները կտան տաքսիներին, երբ Ամանորը նշելու համար ստիպված կլինեն նորից պարտքերի տակ ընկնել, երբ շուկայում ապրանքների, մթերքների գներն ավելի կբարձրանան:

Արտագաղթի հիմնական պատճառն այսօր էլ շարունակում է մնալ աշխատատեղերի պակասը, ինչպես նաև բարձր վարձատրվող, պաշտոնի բարձրացման հեռանկարով աշխատատեղերի բացակայությունը: Ասել է թե՝ մարդկանց սոցիալական վատ վիճակը, բարեկեցիկ կյանք ստեղծելու անհնարինությունը: Հաջորդ պատճառը երիտասարդներին մասնագիտության առումով աճելու հնարավորություն չընձեռելն է։

«Մեր հարցումներով, նորավարտ երիտասարդների երեք քառորդը ճամպրուկային տրամադրություն ունի, Հայաստանում իր ապագան չի տեսնում,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։- Հաշվի առնելով, որ մեզանում տարբեր երկրների բուհեր կան, որոնց շրջանավարտները տվյալ երկրներում ուսումը շարունակելու և աշխատելու հնարավորություն ունեն, հատկապես այդ բուհերի ուսանողների շրջանում են նման հավակնությունները: Իսկ պատճառն այն է, որ առաջարկվող աշխատանքը չի համապատասխանում իրենց ստացած կրթության որակին: Իրենք արտասահմանյան բուհերում լավ կրթություն են ստանում, բայց հետո այդ ներուժը չեն կարողանում իրացնել և իրենց թերի են զգում: Էլ չեմ խոսում ցածր վարձատրության մասին, որն ամենևին չի համընկնում այդ երիտասարդների հավակնությունների հետ»։

Երկրի ժողովրդագրական պատկերի վրա բացասական ազդեցություն ունի նաև ծնելիության ցուցանիշի նվազումը և մահացության ավելացումը: Այդ երկու ցուցանիշի դրական սալտոն ընդամենը 0,2 տոկոս է, ինչը չափազանց փոքր թիվ է: Իսկ ցածր ծնելիությունը հայ ժողովրդին դասում է ծերացող ազգերի թվին։

Հարցին, թե սոցիալական ոլորտում այսօրվա կառավարության իրականացրած քաղաքականությունը և, մասնավորապես, երեխաների համար սահմանված նպաստների ավելացումը որքանո՞վ կարող են ազդել ծնելիության ցուցանիշների վրա, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ փոփոխություններն արդյունավետ չեն կարող լինել։

«Նպաստի այսօրվա չափերի դեպքում ծնելիությունը չի խրախուսվի, այդ գումարի դիմաց կինը չի ծննդաբերի, քանի որ նա ավելի շատ է վաստակում,- ասաց մեր զրուցակիցը։- Պարզ է, որ երեխա ունենալու դեպքում ստիպված է լինելու նստել տանը, փորձելու է ապրել և երեխային կամ երեխաներին պահել ամսական 40-80 հազար դրամ նպաստ ստանալով՝ նայած որերորդ երեխային է լույս աշխարհ բերել:

Դա է պատճառը, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեկան 40 հազարից չի ավելացել, իսկ հղիության արհեստական ընդհատումների դեպքերը չեն նվազել, որքան էլ դրա դեմ պայքարում են: Մինչդեռ, 1980-ականներին ծնելիությունը մեզանում անգամ 80 000-ի էր հասնում:

Եթե նախկինում Հայաստանում քաղաքաբնակները նախատեսում էին ունենալ 2-3 երեխա, իսկ գյուղաբնակները՝ 3-4, ապա հետագայում և այժմ այդ թվերը կրճատվել են թե՛ քաղաքաբնակների, թե՛ գյուղաբնակների շրջանում: Նրանք մեկ, առավելագույնը 2 երեխայից ավելին չեն ուզում ունենալ, քանի որ այդ երեխաներին պահելու հնարավորություն չունեն: Հայաստանում 5-ից ավելի երեխա ունի կանանց ընդամենը 1,3 տոկոսը: Մինչդեռ, Ռուսաստանում հայ կինը ծննդաբերած երեխաների քանակով 2-րդն է` չեչեններից հետո, որովհետև այնտեղ հայերն ավելի ապահովված են»:

Վերոնշյալն ևս մեկ անգամ փաստում է, որ հայ կինը Հայաստանում չի ուզում հերթական երեխային լույս աշխարհ բերել, որովհետև նրան պահելու հնարավորություն չունի՝ համապատասխան աշխատավարձով աշխատանք կամ իսկապես ծնելիությունը խրախուսող նպաստ, որը հնարավորություն կտա ծնողին, առանց լրացուցիչ դժվարությունների, հոգալու թե՛ երեխայի, թե՛ իր ապրուստը: Սոցիոլոգի համոզմամբ, դրա համար երեխայի ծննդյան դեպքում սահմանված այսօրվա միանվագ նպաստի չափով պետք է տրվի ամսական նպաստը, այսինքն՝ պետությունն այդքան գումար պետք է վճարի ամեն ամիս, այլ ոչ թե սահմանափակվելով մեկ անգամով: Հակառակ դեպքում՝ բոլոր ներկայացված և ընդունված նախագծերն ու որոշումները թղթի վրա մնալու համար են լինելու, իսկ կառավարության աշխատանքն անարդյունավետ է համարվելու:

Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ, շարունակվում է ամուսնությունների թվի նվազումը․ ամուսնությունները 2018թ․ առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 3,2 տոկոսով: Մտահոգիչ է նաև, որ Հայաստանի 2 մարզում՝ Լոռիում և Տավուշում, արձանագրվում են բնակչության դեպոպուլյացիայի միտումներ՝ այսինքն մահերը սկսել են գերազանցել ծնունդներին: Մասնավորապես՝ Լոռիում մահերը գերազանցել են ծնունդներին 165, իսկ Տավուշում՝ 46 մարդով:

 

Թագուհի Ասլանյան