Դատարանը Քոչարյանի գործով ակնհայտ անօրինական որոշում կայացրեց

Քիչ առաջ դատարանը, մի քանի ժամ խորհրդակցելուց հետո, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ: Հայկ Ալումյանը դատարանի այդ որոշումը բնորոշեց որպես անօրինական՝ ասելով, որ նման պայմաններում դատական քննության օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում, և իրենք պետք է հնարավորինս զգուշավոր լինեն, որպեսզի կարողանան կանխել հետագա բոլոր անօրինական դրսևորումները:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այդ որոշումը բավականին ծավալուն է, ուստի այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն իրենք կկարողանան մանրամասն մեկնաբանություն տալ դրա վերաբերյալ։

«Դատարանի կողմից ինքնաբացարկի միջնորդության մերժումն ակնհայտ անօրինականություն է,- ասաց Հայկ Ալումյանը։- Դժվար է մի դատավորից օրինական որոշում սպասել, որը գիտակցելով, որ այս հարցը քննելու իրավասություն չունի, այնուամենայնիվ, շարունակում է քննել այն»:

Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը: Պաշտպանն ասաց, որ իրենք պատրաստվում են ևս մի քանի միջնորդություններ ներկայացնել դատարանին, որոնց մասին կխոսի հընթացս:

 

Թագուհի Ասլանյան