Ռուսաստանը Ղրիմում տեղակայելու է C-400 հրթիռային համակարգ

Ղրիմում մինչև այս տարեվերջ մարտական հերթապահություն է իրականացնելու ռուսական նորագույն C-400 («Տրիումֆ») զենիթահրթիռային համալիրների ևս մեկ դիվիզիոն։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը։ Վերջինս տեղեկացրել է, որ C-400-ի նոր դիվիզիոնը փոխարինելու է եղած դիվիզիոնին (ենթադրելի է, որ խոսքը C-300-ի դիվիզիոնի մասին է), և որ դա կատարվելու է վերազինման շրջանակում:

Ղրիմում C-400-ի ևս մեկ դիվիզիոնի տեղաբաշխումը թերևս Ռուսաստանի պատասխան-արձագանքն է վերջին օրերին Կերչի նեղուցի տարածքում և Ղրիմի մոտակայքում ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի (ինչպես օդաչուավոր, այնպես էլ անօդաչու ինքնաթիռների) ակտիվ թռիչքների։ Դրանցից վերջինը Ղրիմի թերակղզու ափամերձ գծից ընդամենը 31 կմ հեռավորությամբ թռած ամերիկյան հակասուզանավային «Boeing P-8A Poseidon» ինքնաթիռի հետախուզական թռիչքն է եղել։

Ինչպես արդեն հայտնի է, Սև և Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը սրվում է: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հայտարարության համաձայն, Ուկրաինայի երեք ռազմանավերն անօրինական կերպով էին մտել Ռուսաստանի ջրատարածք: Նրանց ապօրինի ընթացքը կասեցնելու ու նավերը կալանելու համար, ռուսական կողմը ստիպված է եղել կրակ բացել։