Հայազգի արվեստագետներն արտերկրում. Թեոդոր Աման

Թեոդոր Աման (ռում.` Theodor Aman) (20.03.1831, Կամպլունգ Մուսչել – 19.08.1891, Բուխարեստ), ռումինահայ նկարիչ, ռումինական արվեստի նշանավոր դեմքերից: Ծնվել է Վալախիայի նախկին մայրաքաղաքում՝ այժմյան Ռումինիայի Արճեշ նահանգի Կամպլունգ Մուսչել քաղաքում: Նահանգի անվանման ծագումը միանշանակ կապվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի համանուն քաղաքի հետ: Հայրը՝ Վալախիայի միջին դասի իշխան և Կոռտատել (ռում.՝ Corlățel), դղյակի տեր է եղել, ունեցել է երեք որդի և երկու դուստր: Լինելով հեծելազորի հրամանատար, ինչպես բազմաթիվ ռումինահայեր, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հակահաբսբուրգյան հեղափոխության ժամանակ (1848-49), որին մասնակցել է նաև 17 տարեկան իր որդին՝ Թեոդորը:

Թեոդոր Ամանն իր սկզբնական նկարչական կըրթությունը ստացել է հայրենի Կոռտատել դղյակից ոչ հեռու գտնվող Կռայովա կենտրոնի և Բուխարեստի արվեստի դպրոցներում: Հետագա կրթությունը ստացել է Փարիզում: Կարճատև ճանապարհորդության ժամանակ այցելել է Կոստանդնուպոլիս և Ղրիմ: 1855 թ. Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել է իր նոր «Ալմայի ճակատամարտը» կտավի ցուցադրմամբ:

նրա ամենահայտնի կտավներից մեկը՝ «Վլադ Ցեպեշը և պարտված թուրքերը», ծնունդ է առել, երբ Մոլդովայի ու Վալախիայի միացյալ իշխանությունների իշխան Ալեկսանդրու Իոանն Կուզան (ռում.՝ Alexandru Ioan Cuza) հռչակվել է որպես Միացյալ Ռումինիայի իշխան: Պետք է նշել, որ գեղանկարչի այդ ժամանակահատվածի պատմական կտավներում զգալի տեղ են զբաղեցրել այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Վլադ Գ Բեսարաբցին, որը լայն շրջանակներին ավելի հայտնի է իր Դրակուլա կամ Ցեպեշ (ռում.՝ Ţepeş – Ցցի նստացնող) մականվամբ, և Միհայ Քաջը (ռում.՝ Mihai Viteazul):

Թեոդոր Ամանի կտավներն այժմ գտնվում են Ռումինիայի տարբեր պատկերասրահներում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)