Վրաստանում ՆԱՏՕ-ի օդանավակայանն ամերիկյան հենակետ է Իրանի դեմ

Թերևս ժամանակն է Հայաստանի կառավարությանն ուղղելու հետևյալ կոչը՝  աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակներում մի՛ գնացեք հարաբերությունների բարդացման մեր միակ և իսկապես բարի հարևանի հետ, որպիսին Հայաստանի համար եղել ու մնում է ՀՀ-ին և Արցախին սահմանակցող Իրանը։ Եթե չլիներ վերոնշյալ վտանգը, Թեհրանի թեմի արքեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարգսյանն օրերս դժվար թե հիշեր արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի անհավասարակշիռ հայտարարությունները։

Եթե վերոնշյալ վտանգի վերաբերյալ խոսակցություններն ընդամենը խոսակցություն լինեին, Հայաստանի բանկերն Իրանի քաղաքացիներին դժվար թե «խրախուսեին» փակել իրենց դոլարային հաշիվները մեր բանկերում։ Սրանք բոլորը, թերևս, մանրուքներ են, բայց, կարծում եմ, ցույց են տալիս, որ «հեղափոխականները» կարող են Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականության կցորդը դառնալ, ինչը կնշանակի երկիրը տանել ազգային աղետ։ Բնավ չէի ցանկանա բանը հասներ մի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանությանն արդեն ոչ թե իրանահայ հոգևորականները, այլ Իրանի իշխանությունները զգուշացնեին։

Երկրորդ կոչս այսօրվա ղեկավարությանը՝ սկսեք հեռանալ ՆԱՏՕ-ից։ Ոչ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը փորձում է ՆԱՏՕ-ի «հովանոցի» ներքո Ռուսաստանի դեմ բաներ մոգոնել, որոնք կարելի է բնութագրել որպես սահմանափակ ռազմական ընդհարում։ Խոսքը նորից նույն Իրանի մասին է։ Թեհրանի ձեռնարկումները՝ ուղղված Սիրիայի և Իրաքի տարածքների և պետականության պահպանմանը, դեմ են առնում ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի, այլև ՆԱՏՕ-ի հակազդեցությանը։

Երբ վերջերս մամուլը գրեց, որ ամերիկացիները Վրաստանում ռազմական օդանավակայան են կառուցում, Հայաստանի ղեկավարությունը պարտավոր էր հասկանալ (հասկացել է, թե ոչ՝ չգիտեմ), որ դա սպառնալիք է ոչ միայն ՌԴ-ի, այլև Իրանի համար։ Վազիանի ռազմական բազայում օդանավակայան կառուցելու որոշումը բարձրաձայնվեց նախարար Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիայի և ԱՄՆ-ի ԶՈՒ-ի տրանսպորտային հրամանատարության հրամանատար Սթիվեն Լայոնսի հանդիպման ժամանակ։

«СА-IrNews»-ի թղթակից Դավիթ Գափրինդաշվիլին պատմեց նշված նախաձեռնության հնարավոր քաղաքական հետևանքների մասին։ Ըստ Գափրինդաշվիլիի, նման քայլը կարելի է օրինաչափ համարել։ Նշված օդանավակայանի կառուցման որոշումը կայացվել է այն գործողությունների շրջանակում, որոնք պաշտոնական Թբիլիսին վերջին տարիներին ձեռնարկում է Հյուսիս-ատլանտյան դաշինք մտնելու համար։ Անդրօվկիանոսյան ռազմավարների կողմից մշակված միջոցառումների այդ համակարգն անուն ունի՝ GDRP, այսպես կոչված, «Պաշտպանական պատրաստվածության ծրագիր»։ Դրա իրագործումը մտնում է 2016-2019 թթ․ անվտանգության ոլորտում ամերիկա-վրացական համագործակցության փուլային համաձայնագրի պայմանների մեջ։ Փաստաթուղթը ենթադրում է Վրաստանի պաշտպանական համակարգի արդիականացման սատարում։ Բանակցությունների ժամանակ Լ․ Իզորիան, մասնավորապես, հայտնել է․ «Մենք մտադիր ենք կենսագործել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին ներկայացված նախաձեռնությունը՝ Վազիանի ռազմահանգրվանի հենքի վրա ստեղծել Վրաստանի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի պաշտպանական պատրաստվածության համատեղ կենտրոն»։

Մամուլը լեցուն է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Այսրկովկաս կատարվող հերթական այցերի մասին հաղորդագրություններով։ Օրինակ, վերջին ամիսների ընթացքում, իրենց այսրկովկասյան այցելությունների շրջանակներում Վրաստանում են եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ամերիկյան քաղգործիչ և ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և ուրիշներ։ Վրաստանով ԱՄՆ-ի հետաքրքրվածությունն առանձնակի ուշադրության է արժանի։ Վերջին 5 տարում երկրում բացվել են գերմանական «Հոհենֆելս» բազայի նմանությամբ, GDRP-ի շրջանակներում, զինվորականների վերապատրաստման համար նախատեսված մարտական պատրաստվածության կենտրոն, տարբեր ուսումնական կենտրոններ․․․ Վրաստանը ստացել է ամերիկյան այնպիսի հակատանկային համակարգեր, ինչպիսին է «Ջավելինը»։

Բնականաբար, հարց է առաջանում՝ Վաշինգտոնի ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ի օդանավակայան կառուցել վրացական հողի վրա։ Գափրինդաշվիլին համոզված է․ ակնհայտ է, որ երկու պատճառով՝ տարածաշրջանում «Ռուսաստանի քաղաքական էքսպանսիան» զսպելու և որպեսզի արագ ծավալման ուժերի համար հարմար հենակետ ունենա Իրանի հետ ռազմական բախման դեպքում։

Այս կարծիքն արժեքավոր է նրանով, որ դրա հեղինակը ոչ թե Իրանի կամ Հայաստանի քաղաքացին է, այլ բացարձակապես ամերիկամետ այսրկովկասյան հանրապետության քաղաքացին։ Նա գրում է նաև, որ երկիրը Հյուսիս-ատլանտյան դաշինք ներքաշելու իրենց ձգտման մասին Վրաստանի քաղգործիչները սկսեցին խոսել դեռևս 1999 թ․, Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Այդ ժամանակահատվածից սկսած, Վրաստանը տարբեր ռեֆորմներ է իրագործում, իր զինվորներին ուղարկում է մասնակցելու տարբեր միջազգային առաքելությունների, իսկ ՆԱՏՕ մտնելու պահի մոտենալուն զուգընթաց, հեռանում է Վրաստանի աշխարհաքաղաքական հորիզոնը, մեկումեջ էլ՝ անհետանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի տարածքային ամբողջականության չլուծված հարցը (Աբխազիան ու Հարավային Օսիան էլ երբեք Վրաստանի կազմում չեն լինի) ամենամեծ արգելքն է ՆԱՏՕ մտնելու ճանապարհին։ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք այսօր մասնակի ճանաչված անկախ պետություններ են, կարգավիճակ, ռազմական փոխօգնության պայմանագրեր ունեն Ռուսաստանի հետ, նրանց տարածքներում ռուսական ռազմահանգրվաններ կան։

Գափրինդաշվիլին տրամաբանական հարց է տալիս՝ եթե Վրաստանն ունի տարածքային խնդիրներ և ՆԱՏՕ մտնելը մշտապես սառեցվում է կամ հետաձգվում, ապա Վրաստանի ինչի՞ն է պետք ԱՄՆ-ՆԱՏՕ օդանավակայանն իր տարածքում։ Ապա վերլուծաբանը մեջբերում է վրաց քաղաքագետ, փորձագետ Սոսո Ցինցաձեի կարծիքը․ «Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական օդանավակայանի կառուցումը կարող է սրել միջպետական հարաբերությունները Թբիլիսիի և Թեհրանի միջև։ Բոլորի համար պարզ է, որ վրաց-իրանական հարաբերություններում ոչ մի խոչընդոտ չկա, բայց տրամաբանական է նաև այն, որ Իրանի ղեկավարությանը վրացական իշխանությունների նման քայլը դուր չի գա։ Հարավային Կովկասի երկրներն առանց այդ էլ գտնվում են վառոդի տակառի վրա, էլ ինչի՞ համար է պետք ավելի լարված իրավիճակ ստեղծել՝ ի շահ ԱՄՆ-ի։ Մեծ հույսեր ունեմ, որ վրացական ղեկավարությունը կմտափոխվի և իրավունք չի տա իր տարածքը սարքել ամերիկա-իրանական կամ ամերիկա-ռուսական խնդիրների լուծման պլացդարմ»։

Դավիթ Գափրինդաշվիլին հարց է տալիս՝ Վրաստանը բազմազգ երկիր է, այստեղ ապրում են 30-ից ավելի ազգեր, այսօր Վրաստան հանգստանալու, սովորելու, աշխատելու են գալիս Իրանի քաղաքացիները, մի երկրի, որը միշտ կանգնած է եղել Այսրկովկասի կողքին։ Ուրեմն, միգուցե, վրացական իշխանություններին հարկ է մտածե՞լ իրանական կողմի հետ հարաբերությունների հնարավոր բարդացման մասին։

Իսկ ես ավելորդ չեմ համարում հիշեցնել որոշ բաներ ևս․ Իրանում, որոշ տվյալներով, ապրում է ավելի քան 100 հազար էթնիկ վրացի։ Նրանց առավել մեծ համայնքները կենտրոնացված են իրանական Ֆերեյդան, Թեհրան, Գիլան, Մազանդարան, Գոլեստան, Սպահան, Ֆարս, Խորասան քաղաքներում։ Ի՞նչ են զգում հիմա ԻԻՀ այդ քաղաքացիները, երբ իրենց պատմական հայրենիքում քայլ են կատարում Իսլամական Հանրապետության շահերի դեմ՝ այն պարագայում, երբ այս երկիրը երբեք վնաս չի հասցրել ժամանակակից Վրաստանին։

 

Սերգեյ Շաքարյանց