Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մի շարք փաստարկներ հաշվի չի առել՝ իր որոշումը խոցելի դարձնելով

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստն ընթանում էր դռնփակ՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ և վեց դատախազների մասնակցությամբ: Նիստին ներկա էր նաև հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի որակմամբ, աննախադեպ իրողություն էր:

Գրեթե երեք ժամ տևած դատական նիստը հետաձգվեց մինչև վաղը, քանի որ այդ ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքների բերումով հանրապետության երկրորդ նախագահի փաստաբանները նախագահող դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու ցանկություն հայտնեցին: Հայկ Ալումյանը չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին՝ ասելով, որ վաղվա նիստում իրենք մանրամասն կներկայացնեն իրենց մտահոգությունները:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ը ժամանակահատվածում Երևանում կատարված դեպքերի վերաբերյալ քրեական գործով հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Եվ եթե Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, ապա Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Սակայն, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքարկումից հետո օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատել էր՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այնուհետև ապօրինի էր որակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը՝ հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կներկայացնի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ՝ գործի քննությանը չխոչընդոտելու համար: Այդ հայտարարությունից օրեր անց՝ օգոստոսի 20-ին, Գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 13-ին կայացրած որոշումը, գործն ուղարկել էր վերաքննիչ քրեական դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը և մերժվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Հայկ Ալումյանը դռնփակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հիմքերին, նշեց, որ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքի փաստական հիմքերից մեկը Վերաքննիչ դատարանի կողմից իրենց ներկայացրած մի շարք փաստարկներն անտեսելն է: Եթե Վերաքննիչն այդ վրիպումը թույլ չտար, ապա, ըստ նրա, հնարավոր է, դատական գործը չվերադարձվեր նոր քննության։

«Մեր ներկայացրած փաստարկներից մեկը եղել է երկրորդ նախագահի անձեռնմխելիությունը, որը դատարանը նկատի է ունեցել և այդ հիմքով է ազատել նրան կալանքից,- ասաց Հայկ Ալումյանը։- Բայց մեղադրանքում առկա է ձևակերպում, թե հանրապետության նախագահը մարտիմեկյան դեպքերի ժամանակ արտակարգ դրություն է հայտարարել Սահմանադրության խախտմամբ: Այս առնչությամբ պաշտպանական թիմը հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը բացառապես Սահմանադրական դատարանի իրավասությունն է: Այսինքն՝ ոչ քննիչը, ոչ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել նախագահի հրամանագրի հակասահմանադրական լինելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը դա հաշվի չի առել՝ իր որոշումը խոցելի դարձնելով»:

Պաշտպանը նաև նշեց իրենց ներկայացրած այն փաստարկները, որոնք անտեսել էր Վերաքննիչ դատարանը: Դրանցից մեկը մեղադրանքում հիշատակվող փաստացի ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ է: Փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե, հրամանագրով ռազմական դրություն հայտարարված չի եղել, բայց դե ֆակտո այդպիսի դրություն ստեղծվել է: Այս կապակցությամբ պաշտպանական կողմը ներկայացրել է համապատասխան օրենքի նորմեր, որոնցում նշված է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը, ինչ գործոնների առկայության դեպքում կարելի է խոսել նման դրություն հայտարարելու մասին: Միաժամանակ նաև ներկայացվել են տվյալներ, որ մինչև 2008թ․ մարտի 1-ը, երկրում ռազմական դրությանը բնորոշ մի շարք հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:

Հայկ Ալումյանն անդրադառնալով նաև ՀՔԾ-ի մեղադրանքում կենտրոնական տեղ զբաղեցնող պնդմանը, թե ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն, ասաց, որ մարտի 1-ի գործով առկա են տասնյակ դատավճիռներ, դատական ակտեր: Դրանցում հստակ նշված է, որ ցույցի այս կամ այն մասնակիցը բռնի գործողություններ է կատարել, ուժ և զենք է կիրառել։

«Ցուցարարները եղել են զինված, նշված են հստակ զենքի տեսակներ և նույնիսկ անձանց անուններ են հիշատակվում,- ասաց պաշտպանը։- Պետությունն իր անունից կայացված դատական ակտը չի կարող կասկածի տակ դնել: Մինչդեռ մեղադրող կողմը ուժի մեջ մտած դատական վճիռը կասկածի տակ է առել»:

Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ մեղադրանքի մեջ չեն կարող այնպիսի ձևակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին, և նախքան այդպիսի ձևակերպումներ անելը, հարկավոր էր նշված դատավճիռների վերանայման խնդիր քննարկել: Որևէ մարմին իրավունք չունի պետության անունից նման ձևակերպումներ անել, թե իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ և բոլոր ցուցարարները եղել են անզեն:

Ի թիվս այս փաստական տվյալների, Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարանի գրասենյակ, որպես ապացույց, մի տեսանյութ էր ներկայացրել, որի մասին ավելի վաղ խոսել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տեսանյութում առկա են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ դուրս գալիս ավտոբուսների հետևից և կրակում, ապա թաքնվում այդ ավտոբուսների հետևում:

Հայկ Ալումյանի խոսքով, Վերաքննիչ դատարանը նշված այս փաստարկներից ոչ մեկին իր որոշման մեջ չի անդրադարձել, և Վճռաբեկ բողոք ներկայացվել է այս նկատառումներից ելնելով: Եվ քանի որ Վճռաբեկը բեկանել է Վերաքննիչի որոշումը, ուստի պաշտպանական կողմը հիշատակված փաստարկները կրկին ներկայացնելու է Վերաքննիչ դատարանում, փորձելով այս անգամ այնպես անել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումն առավել հիմնավորված ու ընդգրկուն, հետևաբար անխոցելի լինի:

 

Թագուհի Ասլանյան