Եթե վրացական սոցհարցումները չեն ստում, ապա Վրաստանին սպասվում է հետընտրական լուրջ հակամարտություն

Ընտրական քարոզարշավը, հատկապես նախագահական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածը Վրաստանում նշանավորվեց թեկնածուների թիմերի կողմից երկուստեք արված և քաղկոռեկտության սահմանագիծը հատող հայտարարություններով ու մեղադրանքներով՝ նախապատրաստվող ընտրակեղծիքներ, կոռուպցիոն գործունեություն, քաղաքական ու տնտեսական սպանությունների կազմակերպման փորձեր, հայրենիքի դավաճանություն, ռուսամետություն (ինչը վրաստանյան իրականության մեջ հավասարազոր է հայրենիքի դավաճանությանը) և այլն: Ընդ որում, երկու կողմերն էլ ջանում են այս խաղի մեջ մտցնել հնարավորինս շատ դերակատարներ՝ իրենց ձայնն ավելի լսելի ու համոզիչ դարձնելու համար:

Ուշագրավ են այս ընթացքում Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Մասնավորապես՝ իշխանական թևի «Իմեդի» հեռուստաընկերության կողմից պատվիրված և «Gallup International»-ի կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ երկու թեկնածուների միջև ձայների բաշխումը 52%-48%-ի է՝ հօգուտ իշխանության թեկնածու Ս. Զուրաբիշվիլու, մինչդեռ ընդդիմադիր ուժերը ներկայացնող «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պնդմամբ, իրենց կողմից կատարված հարցումները բացահայտել են նույն տոկոսային հարաբերությունը, սակայն իրենց թեկնածու Գ. Վաշաձեի հավանական հաղթանակով:

Որքան էլ կարևորվեն նախագահական ընտրություններն ու երկրի ապագա նախագահի անձը, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ցանկացած ընտրություններին հաջորդում է բնականոն ու խաղաղ կյանքը, որի պայմաններում միայն հնարավոր է երկրի էվոլյուցիոն առաջընթացը:

Հուսանք, որ պարզապես այսպիսին է վրացական ընտրական մշակույթը, և որ դրա հետևում որևէ իրական թշնամանք չկա թաքնված: Այլապես…

 

Լևոն Անդրիասյան