Այլադավան հայերը և համազգային հիմնախնդիրները (հայեցակարգային դիտարկումներ)

Այլադավան հայերի էթնոդավանական խմբերը հայության անբաժան մասն են, իսկ նրանց կերտած մշակույթը՝ Հայոց քաղաքակրթության մի հատվածը: Այս խմբերը հիմնականում ներառում են Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի տարածքներում բնակվող մահմեդական, ալևի, քաղկեդոնական, կաթոլիկ, բողոքական հայերին, որոնք խոսում են հայերեն և այլ լեզուներով։

Այլադավան հայերի զանգվածը գոյացել է պատմական և քաղաքական տարբեր հանգամանքների բերումով: Այն հետևանք է հայոց ազգային համակարգի փլուզման և ռազմավարության բացակայության, ինչպես նաև ցեղասպանության: Այս հատվածը շարունակաբար դուրս է մնում քաղաքական մեր վերնախավի ուշադրությունից և մատնվում բախտի քմահաճույքին:

Գիտական համալիր և նորովի տվյալներով ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհն ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է: Սակայն, այս իրողությունը և, ընդհանրապես, հայոց պատմությունը որոշակի ուժեր (Բելի ժառանգները) մերժում են և իրականությունը խեղաթյուրում։ Այս առումով մեր և մարդկության դեմ հազարամյակներ շարունակ մղվում է քաղաքակրթական պատերազմ։

Այժմ Արևմտյան Հայաստանի Տայք նահանգում (վրացական հորջորջմամբ՝ Տաո) վրացիներն ավարտում են քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի յուրացումը, իսկ հայկական կողմը, ցավոք, ոչ մի քայլ չի ձեռնարկում: Ազգային մեր նպատակների տեսակետից շահեկան է այն պարագան, որ մահմեդական հայերը ներկայումս համախումբ ձևով բնակվում են իրենց պատմական հայրենիքում (Արևմտյան Հայաստան, Կիլիկյան Հայաստան): Այս գործոնը բարենպաստ հաղթաթուղթ է ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնի հանրահայտ Իրավարար վճիռը (1920թ. նոյեմբերի 22) իրականացնելու առումով: Այն Հայկական հարցի լուծման իրավական ճշգրիտ տեխնոլոգիայի հենքն է:

Մութ ուժերի ծրագրերում հստակ նպատակ կա՝ վերաձևել Մերձավոր Արևելքի (նաև այլ տարածաշրջանների) պետությունների սահմանները, այդ թվում նաև՝ Թուրքիայի: Խնդիր է դրված այստեղ՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, ստեղծել քրդական պետություն: Այս առումով մահմեդական հայերի գործոնը կարող է շահարկվել ի վնաս հայության և մեր ազգային նպատակների: Կարծում եմ,  պետք է կիրառել քաղաքական արդյունավետ տեխնոլոգիաներ՝ սադրանքներն ու խարդավանքները բացառելու համար: Այլադավան հայերի հետ կապված խրթին հիմնախնդիրների համալիրում գլխավորն ու գերական հայոց պետականության ճակատագիրն է, այսինքն՝ ազգային անվտանգության դիտանկյունը: Գործնականում պատմական թեմաները հաճախ դառնում են քաղաքական հիմնահարցերի լուծման միջոց: Տվյալ դեպքում այս խնդիրը կիրառվում է հենց այդպիսի միտումով:

Այլադավան հայերի հիմնախնդիրները մշտապես պետք է լինեն համահայկական շահերի ծիրում և մեր հոգածու վերաբերմունքի ոլորտում: Ընդ որում, մեր հայրենակիցների բարդ ու բազմաշերտ խնդիրները պետք է լուծել նրբանկատությամբ, բարեհաճությամբ, զսպվածությամբ և սիրով, հաշվի առնելով նաև խորհրդապահական անհրաժեշտությունները: Այս խնդրում պատվամոլությունն ու աղմուկը վտանգավոր են: Կարծում եմ, առավել հարմար են մշակութային և տնտեսական շփումները, օրինակ, ազգագրական փառատոների և տոնավաճառների կազմակերպումը:

Այս ոլորտում մարտահրավերներն իրական են և տագնապալի, իսկ վնասները կարող են լինել հսկայական և ճակատագրական։ Հիմնախնդիրը կարող է լուծել միայն պետական կառույցը՝ փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու ճանապարհով: Ցավոք, մեզանում պետական և ազգային մոտեցումները տիրապետող չեն, իշխող է դատարկախոսության, հուզականության, գավառամտության և անտարբերության մթնոլորտը: Այս բարդ հիմնախնդրի լուծման հարցում մենք ունենք խնդրահարույց իրավիճակ:  Ներկայիս քաղաքական թիմը դեռևս հասու չէ համահայկական կնճռոտ հարցերը տնօրինել: Կարծում եմ, աստիճանաբար պետք է ձևավորվի նոր, իրավասու և արհեստավարժ մի թիմ, որը պետք է գործի արագ, ճշգրիտ և վճռական:

Տիեզերական օրինաչափությունները և Հայամարդու (առաջնածին հայ) կերպարը մեզ մղում են վճռական հաղթամարտերի՝ հանուն հայության և Հայաստանի: Հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել վերին տեխնոլոգիաներին, քանի որ հասարակական-քաղաքական լուրջ գործընթացների սցենարներն ստեղծվում են վերևում և ապա առարկայանում Երկրի վրա:

 

Ռուբեն Նահատակյան