Ըստ որոշ տեղեկությունների, ԻՀՀ պետական կենտրոնական արխիվում պահվում են նախամաշտոցյան հայերեն բազմաթիվ փաստաթղթեր

Արխիվը ռազմավարական հաստատություն է

‹‹Արխիվ›› բառը լատիներեն նշանակում է ատյան, պաշտոնատուն: Անցյալ դարի 70-80-ական թվականներին մի քանի մտավորականներ ստեղծել էին քաղաքակրթական արժեքների փրկության ռազմավարական խումբ, որը հայկական պատմական բնակավայրերից հավաքում էր հին վավերագրեր, լուսանկարներ, ազգագրական նյութեր, ուսումնասիրում ճարտարապետական կոթողները և այլն: Դրա շնորհիվ սկիզբ է առել հայ բնակիչներից պատմական արժեքավոր վավերագրերի հավաքչական մի շարժում, որի արդյունքում հազարավոր փաստաթղթեր փրկվեցին անդառնալի կորստից և հանգրվան գտան արխիվում: Բավական է նշել, որ նմանօրինակ վավերաթղթեր են փրկվել այժմ բռնազավթված հայկական բնակավայրերից՝ Ախալքալաքից, Ախալցխայից, Գետաշենից, Մարտունաշենից, Ոսկանապատից, Միրզիկից, Էրքեջից և այլն: Նշված փաստաթղթերը ձեռք են բերվել բավականին բարդ հանգամանքներում, երբ Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության կառույցները լուրջ խոչընդոտներ էին ստեղծում:
Սակայն, այս ծրագիրը մնացել է անավարտ, և այն պետք է շարունակել, թեև կարիք կա շոշափելի ծախսերի։ Տվյալ ծրագիրը պետք է լինի շարունակական, մշտական և տևական: Այն ծավալուն է, աշխատատար և մեծ ջանքեր է պահանջում: Ավելացնենք նաև, որ տարբեր քարայրներում, լեռնային անմատչելի և այլ տեսականորեն հնարավոր է մագաղաթյան, ժայռապատկերային և այլ տեսակի վավերագրերի առակայություն, որոնք դուրս են մնացել մեր տեսադաշտից: Նման նյութեր են հայտնաբերվել Իսրայելի Մեռյալ ծովի այրերում, Տիբեթի քարանձավներում և այլն: Իսկ հայազգի նշանավոր գործիչ և իմաստասեր Գեորգի Գյուրջիևը մայրաքաղաք Անիի այրերում հայտնաբերել է հայերեն արժեքավոր փաստաթղթեր, որոնք նրան մեծ ծառայություն են մատուցել: Մեծ է հավանականությունը, որ Փոքր Հայքի, մասնավորապես՝ Կապադովկիայի (Գամիրք) այրափոր քաղաքներում կարող են լինել անգնահատելի արժեք ունեցող փաստաթղթեր: Այս մասին չպետք է մոռանալ: Վայոց ձորի մարզում էլ Մոզ միջնադարյան ավանի (կործանվել է 735թ. երկրաշարժի հետևանքով և ծածկվել հրաբխային լավայով) պեղումների ժամանակ կարող են հետաքրքրական գտածոներ հայտնաբերվել: Շատ վավերագրեր կարող են լինել մահմեդական հայերի բնակության վայրերում՝ Ստամբուլում, Դերսիմում, Սասունում, համշենահայերի մեջ և այլուր:
Այս վավերագրերի ձեռքբերումը կամ գոնե տեղում ուսումնասիրությունը խիստ կարևոր են, քանի որ այսօր մեր թշնամիները ծրագրված և համակարգային ձևով կեղծում են պատմական փաստերն ու իրողությունները, հսկայական վնաս պատճառելով մեր ազգային ու պետական շահերին:
Ոչ պակաս կարևոր հարց է նաև Հայաստանից դարեր շարունակ կողոպտված արվեստի նմուշները և արժեքները երկիր վերադարձնելու խնդիրը: Իսկ ինչո՞ւ չզբաղվել հայ մեծանուն գրող Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) կորսված ձեռագրերի որոնմամբ, որոնք կազմել են մի ամբողջ վագոն (անհետացել է Մոսկվայում): Նույնը վերաբերվում է նաև նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի վավերագրերին, որոնց մի մասը հաջողվել է հայտնաբերել Լիբանանում և տպագրել հատորներով:
Պետք է հիշել նաև, որ հին Հայաստանում՝ Եդեսիայում (Ուռիա), Դարանաղյաց Անիում, Սամսունում և այլ վայրերում եղել են նախաքրիստոնեական արխիվային հաստատություններ, որտեղ պահվել են մեր վաղնջական պատմության մասին բազմաթիվ փաստաթղթեր: Դրանց մի մասը միգուցե դեռ պահպանվա՞ծ է այլ վայրերում․․․ Մենք պետք փորձենք պարզել այս հարցը, հնարավորության դեպքում հայտնաբերել դրանք։ Ըստ որոշ տեղեկությունների, Իրանի Իսլամական Հանրապետության պետական կենտրոնական արխիվում պահվում են նախամաշտոցյան հայերեն բազմաթիվ փաստաթղթեր, որոնք փակի տակ են:
Հարկ է նշել մի կարևոր հանգամանք ևս. ազգօգուտ մեր ձեռնարկումները և քայլերը պետք է կատարել մեծագույն զգուշությամբ, գաղտնիության և խորհրդապահության մթնոլորտում, քանի որ մեր հակառակորդները կարող են ոչ միայն խոչընդոտել մեր աշխատանքներին, այլև պարզապես ոչնչացնել այդ անգնահատելի արժեքները:

Ռուբեն Նահատակյան