Իսրայելցի նախարարը հայտարարել է սիրիական C-300-ների ոչնչացման իր երկրի պատրաստակամության մասին

Ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանը Սիրիային փոխանցեց C-300 զենիթահրթիռային համալիրներ, որոնք ունակ են որսալու շուրջ 300 կմ հեռավորության վրա գտնվող օդային հարձակման միջոցները։ Սա առաջացրել էր իսրայելական կողմի դժգոհությունը, որի տարբեր պաշտոնատար անձինք սպառնալիքներ էին հնչեցրել այս կապակցությամբ։

Այդ սպառնալիքներին այժմ արդեն միացել է Իսրայելի շրջակա միջավայրի ու մշակութային ժառանգության նախարար Զեէվ Էլկինը, ով Դամասկոսին C-300 համալիրների փոխանցումը համարելով մեծ սխալ, նշել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ դրանք գրոհելու հարցում, քանի որ «սիրիացի զինվորականությունը միշտ չէ, որ կարող է ճիշտ օգտագործել տեխնիկան», որի հետևանքով վտանգի են ենթարկված նաև քաղաքացիական ինքնաթիռները։