Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները (տեսանյութ)

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությունը։

Տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները: