Ռուսաստանը մութ դահլիճում նստած նայում է դատարկ էկրանին

Երբ ճանապարհ ես ընկնում ու գիտես, թե քեզ ինչ է սպասվում այդ ընթացքում, ապա ընտրում ես համապատասխան մարդկանց, մասնագետների, ընկերների, ում հետ հնարավոր է անցնել նախանշված ուղին ու հասնել նպատակակետին։ Եթե պատրաստվում ես թիմային խաղ խաղալ, օրինակ, ֆուտբոլ, ապա կհրավիրես մարդկանց, ովքեր առնվազն ունեն ոտքով գնդակի հետ վարվելու ունակություններ, այլ ոչ թե ջութակահարի, խառատի կամ նավաստու։ Այլապես կհայտնվես ծիծաղելի կամ հիմար վիճակում, իսկ արդյունքում՝ ճանապարհդ կմնա անավարտ։

Ասում են, որ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից նախագծվում էր (ՊԱԿ-ի, իսկ ավելի ուշ՝ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Անդրոպովի գլխավորությամբ) ԽՍՀՄ-ի և Արևելյան Եվրոպայի համայնավարական երկրների ինտեգրումը Արևմտյան Եվրոպային։ Իբր դա իր մեջ պարունակում էր բնական աշխարհաքաղաքական պահանջ ու ներդաշնակություն, որն անպայմանորեն լինելու էր սառը պատերազմից դուրս գալու սահուն և առավել մարդասիրական ելքը։

Ասում են նաև, որ գորբաչովյան «Պերեստրոյկան»  ու գլասնոստը» իրականում հանդիսանում էին այդ նախագծի տրամաբանական շարունակությունը, որն, ըստ էության, շարունակվեց նաև Ռուսաստանի ելցինյան շրջանում։ Իբր թե, Խորհրդային Միությունը շատ մեծ էր ամբողջական ինտեգրման համար, ուստի և որոշվեց գործընթացն իրականացնել հատվածաբար ու մասնակիորեն։ Եվ Ռուսաստանը սկսեց «հանձնվել» Արևմուտքին․․․Բայց արի ու տես, որ Եվրոպան կլանեց «հատվածները», այլ ոչ թե «հիմնական մասը»։

Երկրի ղեկավարումը տրվեց պուտինյան թիմին, որը խաղի կանոնների մեջ փորձեց որոշակի շտկումներ ու ռազմավարության տարրեր մտցնել, շարունակելով եվրոպական ինտեգրման փորձերը, միևնույն ժամանակ, ցուցաբերելով աշխարհաքաղաքական բևեռի դերակատարի վերականգման հավակնություններ։ Պուտինն, ըստ էության, պահպանեց երկրի ֆինանսա-տնտեսական ու սոցիալական ոլորտների լիբերալ թիմը՝ չկասեցնելու համար արևմտյան աշխարհին հասկանալի դառնալու գործընթացը, սակայն էական փոփոխությունների ենթարկվեցին իրավապահ մարմինները և ուժային կառույցները (պահպանողական թիմ)։ Պուտինյան փոփոխությունների առաջին փուլը /Պուտինի կառավարման առաջին 8-ամյակը/ մասնագետներն անվանեցին «անցումային», հավանաբար, ի նկատի ունենալով երկրի՝ «պառկած վիճակից ծնկի ելնելու» անցումը։ Պետք է խոստովանել, որ դա հիմնականում հաջողվեց։ Իսկ կրկին աշխարհաքաղաքական բևեռ դառնալու համար, Ռուսաստանը պետք է «գայթակղիչ» տեսքի վերակառուցում անցներ, գրավիչ դառնար, համենայն դեպս, նախկին բարեկամ երկրների համար, առաջին հերթին, անհանգիստ աշխարհում այդ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից (տնտեսությամբ Արևմուտքի երկրների հետ մրցակցելն անհնար էր, իսկ հոգևոր-մշակութային ոլորտը մի տեսակ մոռացվել էր)։ Սակայն, այս հարցում ևս կար Արևմուտքի կողմից նախապես պատրաստված և արդեն իսկ գործի դրված թակարդը․ նախկին բարեկամների զգալի մասը Ռուսաստանին ոչ միայն չէր դիտարկում որպես սեփական անվտանգության երաշխավոր, այլ լիովին հակառակը՝ իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործոն։ Արդեն 24 տարի է, Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմում իր կրած անհաջողության մեջ մեղադրում է Ռուսաստանին, Վրաստանը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցում, Մոլդովան՝ Մերձդնեստրի, իսկ այսօր էլ Ուկրաինան՝ Ղրիմի ու հարավ-արևելյան տարածքների խնդրում։

Աշխարհը գտնվում է բավական արագ, դինամիկ, երբեմն էլ կտրուկ փոփոխությունների հոլովույթում, իսկ Ռուսաստանը մինչ օրս չի կարողանում ընկալել այն, որ «քաղաքակիրթ Եվրոպային» իր ինտեգրման ջանքերի ժամանակաշրջանն ավարտվել է։ Կամ մի գուցե հասկանում է, բայց չի տեսնում այլընտրանքային ուղին։ Վստահաբար կարելի է ասել, որ դրան խոչընդոտում են Արևմուտքին միտված ռուսաստանյան վերնախավի լիբերալ շրջանակները։

Կարծում ենք, Ռուսաստանը միանգամայն այլ արժեհամակարգով պետք է ներկայանա աշխարհին, որի պատմական փորձը, բարեբախտաբար, նա արդեն ունի, և դա է նրա գրավչության բանալին։ Նույնիսկ Թուրքիան իր համար դա արդեն հասկացել, տեսել է Արևմտյան աշխարհի ամուր կողպած դռները և մշակել է նոր ռազմավարական ծրագիր (հավանաբար թուրքերի նկատմամբ ռուսական բարդույթը  հենց սրանում է թաքնված)․․․

Ֆիլմն ավարտվել է, հանդիսատեսները լքել են տարածքը, իսկ ոմանք մութ դահիլճում նստած դեռևս նայում են դատարկ էկրանին․․․

 

Լևոն Անդրիասյան