Պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է

2018 թ. հունվարի 18-ին Հայաստանը պաշտոնապես ստորագրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին: Ըստ կարգի, առաջիկայում սպասվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից այդ փաստաթղթի վավերացումը:

2011 թ. մայիսի 11-ին Ստամբուլում ընդունված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի» նախաբանում նշված է, որ ստորագրող կողմերը «Տենչալով ստեղծել այնպիսի Եվրոպա, որն ազատ կլինի կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից, համաձայնեցին հետևյալի մասին…»։

Այսինքն՝ կոնվենցիան վերաբերվում է միայն եվրոպական երկրներին, իսկ «Եվրոպան» դա աշխարհագրական հասկացություն է, այլ ոչ թե քաղաքական, իրավական, մշակութային կամ հոգևոր: Մինչդեռ, Հարավային Կովկասի երկրներն աշխարհագրորեն գտնվում են Ասիա աշխարհամասի տարածքում և, փաստորեն, փաստաթղթի նորմերը չեն կարող տարածվել այդ երկրների վրա, առավել ևս՝ պարտադրվել նրանց:

Կարելի է ենթադրել, որ կոնվենցիայի ընդունման վայրի ընտրությունը պատահական չի եղել, չէ՞ որ Ստամբուլը գտնվում է աշխարհամասերի սահմանագծում, և նույնիսկ այս քաղաքը հատող Բոսֆորի նեղուցը հենց աշխարհամասերի բաժանարար սահմանի մի հատվածն է:

Կոնվենցիայի վերնագրում հստակ նշված է «Կանանց նկատմամբ բռնության» մասին, ասել է թե՝ խոսքը գնում է միայն որոշակի կենսաբանական սեռի նկատմամբ բռնության կանխմանը, սակայն կոնվենցիայի հոդված 2-ում, որն ուրվագծում է «Կոնվենցիայի գործողության շրջանակները», նշված է, որ «Մասնակից պետությունները, սույն Կոնվենցիայի դրույթներն իրականացնելիս, պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն գենդերային հիմքով բռնության կին զոհերին» (ընդգծումը՝ մերը)։ Այսինքն՝ մտցվում է սոցիալական սեռի (կամ՝ վարքագծային սեռի) նկատմամբ բռնության հասկացությունը, որի առաջնահերթությունը Կոնվենցիայի դրույթներում ավելի քան ակնառու է: Միայն կույրը կարող է չնկատել, որ կոնվենցիան ստեղծվել ու պարտադրվում է հատկապես գենդերային հիմքերով բռնությունների տեսանկյունից:

Ի դեպ, Հայաստանում այս հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով կանանց նկատմամբ բռնության դեպքերը մեր երկրում տարեկան կազմում են ընդամենը 500-600 դեպք՝ այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ավելի քան 80 երկրներում այս ցուցանիշը գերազանցում 35 %-ը (ԱՀԿ-ի և Հիգիենայի ու տրոպիկական բժշկության լոնդոնյան դպրոցի համատեղ ուսումնասիրությունը): Այսինքն՝ խնդիրը հայաստանյան իրականության մեջ չունի այն արդիական հնչեղությունը, ինչն առկա է այլուր: Ի դեպ, ըստ մի շարք կառույցների ու կազմակերպությունների դիտարկումների ու վիճակագրական վերլուծության տվյալների, Հայաստանում կանանց նկատմամբ տարբեր տեսակի բռնության դեպքերը նույնիսկ միտում ունեն նվազելու, մասնավորապես՝ 2000-2005 թթ․ ընթացքում կտրուկ նվազել է տարբեր պատճառներով կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն ցուցաբերելու հետ համաձայն տղամարդկանց տոկոսը (National Statistical Service [Armenia], Ministry of Health [Armenia], and ORC Macro. 2006. Armenia Demographic and Health Survey 2005. Calverton, Maryland: National Statistical Service, Ministry of Health, and ORC Macro):

Նոյեմբերի 25-ը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է: Ուրեմն լիովին սպասելի է, որ հենց այդ օրը կրկին ակտիվանալու են Կոնվենցիայի կողմնակից հասարակական կազմակերպությունները, որոնց սնման աղբյուրները «հայտնի չեն»: Կարծում ենք, որ այս առումով պատահական չէ նաև համասեռամոլների և ուրիշ այլասերվածների ֆորումի անցկացման ժամկետի ընտրությունը:

Թե ինչ իրավական ու բարոյական հետևանքներ կարող է ունենալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, ակնառու կերպով ցույց է տալիս «քաղաքակիրթ» Արևմտյան Եվրոպայում տիրող իրավիճակը:

Նշենք, որ Եվրոպայի մաս չհանդիսացող Վրաստանն արդեն վավերացրել է հիշյալ կոնվենցիան (2018 թ. մայիս), իսկ Ադրբեջանը նույնիսկ չի էլ ստորագրել այն: Կոնվենցիան չի ստորագրվել նաև Ռուսաստանի կողմից, իսկ արևելաեվրոպական մի շարք երկրներ թեև ստորագրել են փաստաթուղթը, սակայն այնտեղ «կատաղի մարտեր» են մղվում այն չվավերացնելու ուղղությամբ: Կոնվենցիայի դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Եկեղեցին, տարբեր հասարակական և նույնիսկ իրավապաշտպան կազմակերպություններ: Վիճակն այդպիսին է Բուլղարիայում, Չեխիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Ուկրաինայում ու նույնիսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում:

Վերջերս, նոյեմբերի 1-ին Խորվաթիայի խորհրդարանն, այնուամենայնիվ, վավերացրեց Կոնվենցիան, թեև դա տեղի էր ունենում փոքրիկ Զագրեբում ավելի քան 70-հազարանոց բողոքի ակցիայի պայմաններում: Ամեն ինչ որոշվում է տվյալ երկրի խորհրդարանում:

Շուտով Հայաստանը կունենա նոր խորհրդարան, որի առջև անպայմանորեն ծառանալու է կոնվենցիայի վավերացման հարցը։ Ի՞նչ վարք կցուցաբերի Ազգային ժողովը, որը ձևավորվելու է մեր ընտրյալներից, պետք է շա՜տ լրջորեն մտածենք մինչ պատգամավորներին ընտրելը՝ հստակ գիտակցելով, որ պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է:

 

 

Վարդան Հայրապետյան